Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա
մաթեմատիկական արտակարգ ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության
հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի
վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի
է Պասկալի եռանկյուն անունով: 1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը, որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման վրա և փիլիսոփայության մեջ: 1669 թ-ին հրատարակած «Խորհրդածություններ...» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը՝ մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий