Կառլոսը Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Մինչև 771 թ. կառավարել է եղբոր՝ Կառլոմանի հետ, նրա մահից հետո դարձել է Ֆրանկական պետության միանձնյա կառավարիչը: Բազմաթիվ հաղթական պատերազմներից հետո իր իշխանությունը տարածել է Արևմտյան Եվրոպայի մեծ մասի վրա: 773–774 թթ-ին Հյուսիսային Իտալիայում նվաճել է Լանգոբարդների թագավորությունը, այնուհետև` Բավարիայի դքսությունը: Ֆրանկներին հաջողվել է ամրանալ նաև Պիրենեյների հարավային լանջերին, որտեղ ստեղծել են սահմանային` Իսպանական Մարկ դքսությունը: Շուրջ 30 տարի պատերազմել են սաքսերի դեմ, որոնք բնակվում էին Հռենոսի և Էլբայի շրջաններում: VIII դարի 70-ական թվականներին ֆրանկներն իրենց են ենթարկել արևմտյան սաքսերին, վեստֆալներին, օստֆալներին: 777 թ-ին սաքսերի ցեղերի մեծ մասի առաջնորդները Կառլոս Մեծին հավատարմության երդում են տվել և պարտավորվել մկրտվել, սակայն շուտով ապստամբել են՝ փորձելով տապալել ֆրանկների լուծը: Ապստամբությունը դաժանորեն ճնշվել է: 778 թ-ին Կառլոս Մեծն արշավել է Իսպանիա և հասել մինչև Սարագոսա: Սակայն, հանդիպելով արաբների համառ դիմադրությանը, նահանջել է: Հետդարձի ճանապարհին լեռնցի բասկերը շրջապատել են ֆրանկների վերջապահ գունդը, որի հրամանատարն էր կոմս Ռոլանդը, և ոչնչացրել: Ճակատամարտում Ռոլանդի անձնուրաց սխրագործությունը հետագայում դարձել է ֆրանսիական «Երգ Ռոլանդի մասին» (1100–25 թթ.) էպոսի հիմքը, որը համաշխարհային դյուցազներգական գրականության գլուխգործոցներից է:Կառլոս Մեծի տերությունը զբաղեցրել է Արևմտյան Հռոմեական կայսրության հիմնական տարածքը, որը հիմք է հանդիսացել կայսեր տիտղոսի վերականգնման համար:
Комментариев нет:
Отправить комментарий