Քիմիական տարրերը, միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակներ են։ Քիմիական տարրի ատոմները, միանալով իրար, առաջացնում են նյութ։ Նյութերը լինում են պարզ և բարդ։ Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակ է։ Այն կարող է գոյություն ունենալ ազատ վիճակում՝ պարզ նյութի ձևով, կամ մտնել բարդ նյութի բաղադրության մեջ։
Միևնույն տարրը կարող է գոյություն ունենալ մոլեկուլի բաղադրությամբ, բյուրեղական կառուցվածքով ու հատկություններով տարբերվող մի քանի պարզ նյութերի ձևով, որոնք կոչվում են ալոտրոպ ձևափոխություններ։ Քիմիական տարրերը քիմիական ռեակցիաների ընթացքում չեն փոխարկվում այլ տարրերի, քանի որ անփոփոխ են մնում ատոմների միջուկները։
Քիմիական տարր հասկացությունն առաջինը ձևակերպել է անգլիացի գիտնական Ռոբերտ Բոյլը 1661 թ-ին՝ որպես ավելի պարզ մասերի չբաժանվող նյութ։ Քիմիական տարրերի ատոմական կշիռների առաջին աղյուսակը կազմել է անգլիացի գիտնական Ջոն Դալթոնը XIX դարի սկզբին։ XX դարում միջուկային ֆիզիկայի զարգացումը հնարավորություն տվեց ճշտելու քիմիական տարր հասկացությունը և սինթեզել նոր՝ մինչ այդ անհայտ տեխնեցիում, պրոմեթիում, աստատ և 92-ից մեծ կարգահամար ունեցող տարրերը։ Քիմիական որևէ տարր մեկ այլ տարրի կարող է փոխարկվել միայն միջուկային ռեակցիաների շնորհիվ։ Քիմիական տարրերը նշանակվում են քիմիական նշաններով, բնորոշվում կարգահամարով, որը հավասար է ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների թվին, հետևաբար՝ նաև միջուկի դրական լիցքին։ Ատոմի միջուկում պարունակվող նուկլոնների՝ պրոտոնների և նեյտրոնների ընդհանուր թիվը կոչվում է զանգվածի թիվ։ Միևնույն տարրի ատոմների տարատեսակները, որոնք տարբերվում են զանգվածի թվով, կոչվում են իզոտոպներ։ Տարրի ատոմական զանգվածը բնության մեջ գոյություն ունեցող իզոտոպների ատոմական զանգվածների միջին արժեքն է։ Երկրակեղևում առավել տարածված են զույգ թվով նուկլոններ պարունակող թեթև միջուկները։ Առավել տարածված տարրերն են (զանգվածային %)՝ Օ (47), S (29,5), Al (8,05), Fe (4,69), Ca (2,96), Na (2,5), K (2,5) և Mg (1,87), ամենաքիչ տարածվածները՝ At, Fr, Np, Pu։ 95 և ավելի մեծ կարգահամար ունեցող տարրերը և տելուրը երկրակեղևում չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ Երկրի միջուկում գերակշռում են երկաթը (մինչև 80 %) և նիկելը (8 %)։ Տիեզերքում առավել տարածված են ջրածինը և հելիումը։ Հայտնի են բոլոր քիմիական տարրերի ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից շատերն ստացվել են արհեստական եղանակներով։ Ըստ քիմիական և ֆիզիկական հատկությունների՝ քիմիական տարրերը բաժանվում են 2 խմբի՝ մետաղների և ոչ մետաղների։ Այս բաժանումը հարաբերական է, ուստի չի կարելի կտրուկ սահման դնել նրանց միջև։ Սկզբունքորեն յուրաքանչյուր տարր ունի թե՜ մետաղական և թե՜ ոչ մետաղական հատկություններ։ Բնականաբար, տարրի հատկություններից մեկն ավելի արտահայտված կարող է լինել, քան մյուսը. օրինակ՝ ծծումբն ավելի ոչ մետաղ է, քան ալյումինը, ալյումինը ծծմբի համեմատ մետաղ է, իսկ նատրիումի համեմատ՝ ոչ մետաղ։
Комментариев нет:
Отправить комментарий