четверг, 29 октября 2015 г.

Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիք

Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիք
Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը։
Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրն անվանում են Սոմխեթի։
նկ. Նեմրութ լեռան գագաթը կիսալուսնաձև լճով
Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալից մասը զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ
հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և իշխող դիրք ունի դրանց նկատմամբ։ Դրա հետևանքով
որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։
 
նկ. Այրարատյան դաշտը Մասիս և Սիս լեռնագագաթներով
Սկիզբ առնելով Մասիս (Մեծ Արարատ) լեռնագագաթից (5165 մ) և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը։ Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել։ Աշխարհում կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն դրանցից և ոչ մեկն իր շրջակայքի նկատմամբ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը։ Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս (Փոքր Արարատ) լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը։
 
նկ. Քառագագաթ Արագած լեռը
Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անվան հետ։ Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ (ներկայումս՝ Արաքս) գետը։ Արարատյան
դաշտը, որ մեր հայրենիքի առավել ընդարձակ և արգասաբեր հարթավայրերից մեկն է, գրեթե մշտապես եղել է երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը։ Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը։

Օրացույց

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։
Հին եգիպտական օրացույց Սենենմուտի դամբարանում
Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում։ Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը։ Այն պարզ էր ու հարմար, բայց...
Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով... Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա։ Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում։ Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը։ Շատ տարիներ անց՝ մ.թ.ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը։ Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28։ Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր։
Մանրակրկիտ հաշվարկը ցույց տվեց, որ տարվա տևողությունը ոչ թե 365 օր և 6 ժամ է, այլ 365 օր և 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։ Այդ 11 րոպե 14 վայրկյանի տարբերությունը 400 տարում հասավ 3 օրվա, և Հուլյան օրացույցը նույնպես սկսեց «հետ մնալ»։
1582 թ-ին Հռոմի Գրիգոր XIII պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում, և ողջ Եվրոպան աստիճանաբար սկսեց օգտագործել այդ նոր՝ Գրիգորյան օրացույցը։ Սակայն վերջինս նույնպես միանգամայն ստույգ չէ. 3300 տարվա ընթացքում սխալը հասնում է 1 օրվա։
1871-72 թթ. հինդուիստական օրացույց
Գործող օրացույցն ունի նաև մի շարք այլ թերություններ. ամիսների տևողության, եռամսյակների, կիսամյակների անհավասարությունը, ամսաթվերի և շաբաթվա օրերի անհամաձայնությունը։ Այդ իսկ պատճառով դեռևս 19-րդ դարից քննարկվում է օրացույցի բարեփոխման և նոր՝ համաշխարհային օրացույցին անցնելու հարցը, որով ներկայումս զբաղվում են առանձին մարդիկ և ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը։

ՄԱՐԴՈՒ ԾԱԳՈՒՄԸ

ՄԱՐԴՈՒ ԾԱԳՈՒՄԸ

evolutie


 Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը:Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարրդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը: Ներկայումս էլ մարդու ծագման հարցի շուրջ գաղափարական սուր պայքար է ընթանում մարդու նախնիները Ադամն ու Եվան են, թե կենդանիները: Գիտնականները ենթադրում են որ մարդկության նախահայրենիքը եղել էԱֆրիկայի հյուսիսարևելյան մասը, որտեղից մարդիկ տարածվել են ամբողջ Եվրոպայում: Ենթադրվում , որ մեր հնագույն նախնիները եղել են փոքրիկ ծառաբնակ գազանիկներ:Մ.Թ.Ա. 6-րդ դարում հույն փիլիսոփա Անաքսիմանդրոսը գրել է , որ << Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարածներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք աստիճանաբար վերածվել են մարդու >>: Արիստոտելը նշել է որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկներին: 17-րդ դարի վերջերում ի հայտ եկան նոր փաստեր , որոնք հերքեցին մարդու ծագման մասին աստվածաբանական վարկածները:Նույնիսկ մարդու աստվածային ծագման կողմնակից Լինեյը 1735թ. իր Բնության համակարգը աշխատության մեջ կիսակապիկների ու կապիկների հետ միասին մարդուն դասում է կաթնասունների դասին :Լամարկը 1809թ. գտնում է որ մարդը ծագել է ծառաբնակ կապիկներից, որոնք ծառերի վրա մագլցող կենսակերպից անցել են գետնի վրա քայլող կենսակերպի:1871թ. Դարվինը, Հեքսլին համոզիչ կերպով ապացուցում են որ կենդանի օրգանիզմների շարքում մարդը հանդիսանում է բարձր կազմնավորված էակ: Հեկելը փորձել է կազմել մարդու ծագման տոհմածառը: Մարդու ծագման և էվոլուցիայի ուսումնասիրությամբ զբաղվում է կենսաբանության ճյուղերից մեկը`անթրոպոլոգիան: Գիտության ժամանակակից նվաճումները հաստատում են մարդու կենդանիներին նմանության շատ գծեր:Մարդն ունի քորդավոր կենդանիներին բնորոշ բոլոր գծերը:Բոլոր կաթնասունների նման մարդն ունի քառախորշ սիրտ,արյան շրջանառության մեծ և փոքր շրջան, երեք տեսակի ատամներ, երեխային կերակրում է կաթով և այլ նմանություններ:Մարդու կենդանական ծագման ցայտուն ապացույցներ են համարվում ատավիզումների և ռուդիմենտների առկայությունը:Իրենց կառուցվածքով և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ժամանակակից մարդուն ավելի մոտ են կանգնած շիմպանզեները:Նրանց հետ մարդն ունի ընդհանուր շատ գծեր`ձեռքերը բռնող տիպի են, աչքերը դասավորված են մեկ հարթության վրա,զարգացած է գլխուղեղը ,ունեն լավ հիշողություն,ներարգանդային զարգացման տևողությունը 9 ամիս է, վարակվում են այնպիսի հիվանդություններով որոնք բացառապես հատուկ են մարդուն` ծաղիկ,գրիպ,տիֆ և այլն: Չնայած բերված նմանություններին մարդու և կենդանիների մեջ կան էական խոր տարբերություններ:

Մարդկանց կրոնական պատկերացումները

Մարդկանց կրոնական պատկերացումները
Հնագույն մարդիկ բնության երևույթներին և ուժերին վերագրում էին գերբնական զորություն: Հավատում էին, որ դրանց կարող են սիրաշահել երկրպագությամբ ու զոհաբերություններով:
Կրոնական պատկերացումները տարբեր էին: Ոմանք հավատում էին, թե աշխարհում ամեն ինչ ոգի ունի, որն արժանի է պաշտամունքի: Մյուսները կարծում էին, թե տվյալ տոհմը կամ ցեղը ծագել է որևէ բույսից կամ կենդանուց:
Երկրագործական համայնքներում պաշտամունքի գլխավոր առարկան արարող Երկիրն էր, որի խորհրդանիշը Մեծ մայրն էր: Յուրաքանչյուր տոհմ և ցեղ ուներ իր սրբատեղին: Այնտեղ էին անցկացվում ծիսական արարողությունները: Ժամանակի ընթացքում սրբազան ծեսերը սկսեցին կատարել որոշակի մարդիկ: Նրանք նաև պահպանում և սերունդներին էին փոխանցում հին ասքերն ու առասպելները: Նրանցից հետագայում ձևավորվեց կրոնի սպասավորների հասարակական խումբը՝ քրմությունը:
 
Տոտեմապաշտություն —  Հավատ այն կենդանու, բույսի, բնության երևույթի հանդեպ (տոտեմ), որից, մարդկանց պատկերացմամբ, ծագում է տվյալ տոհմը: Տոհմը կրում էր իր տոտեﬕ անունը: Յուրաքանչյուր տոհմ ուներ իր սրբազան կենտրոնը: Այստեղ պահ պանվում էին տոհմական մասունքները, և կատարվում էին ծիսական արարողություններ:
 
Ոգեպաշտություն (անիﬕզմ) —  Հավատ որևէ մարﬓի ﬔջ ամփոփված կամ ինքնուրույն գործող գերբնական ոգիների նկատմամբ:
 
Ֆետիշապաշտություն — Հավատ անշունչ առարկաների` ծառերի, ժայռերի, քարանձաﬖերի, պաշտամունքային տարբեր իրերի գերբնական հատկությունների նկատմամբ: Պաշտամունքի առարկա՝ ֆետիշ, կարող էին լինել, օրինակ՝  նիզակը, դաշույնը, որոնք մարդկանց համար ունեին կենսական նշանակություն:
 
Հմայապաշտություն —  Հավատ մարդկանց, կենդանիների, բույսերի, բնության երևույթների վրա ներգործելու մարդու ունակության նկատմամբ: Մարդը կարծում էր, թե որոշակի գործողությունների, բառերի, երգի, պարի և այլ ﬕջոցներով հնարավոր է անձրև բերել, քաﬕ բարձրացնել, ապահովել լավ բերք, ունենալ առատ որս և այլն: Նա հմայությամբ փորձում էր բուժել վերքերը և կանխել հիվանդությունները:

Բրոնզի դարը

Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում
Պղնձաքարի դարաշրջանին հաջորդում է բրոնզի դարը։ Այն Հայաստանում տևել է Ք. ա. IV հազարամյակի կեսից մինչև II հազարամյակի կեսը։
Մաքուր պղինձն իր փափկության պատճառով գործածության ավելի փոքր շրջանակներ ուներ։ Մարդը պղնձի և անագի կամ կապարի խառնուրդից ստանում է մի այլ մետաղ՝ բրոնզ, որը շատ ավելի ամուր էր քան պղինձը և հեշտ մշակելի։ Սկսեցին գործիքները պատրաստել բրոնզից, ինչը զարկ տվեց արհեստների զարգացմանը և մասնագիտացմանը։ Մեծ հաջողությունների հասավ մետաղների մշակումը։
Հայկական լեռնաշխարհում լայնորեն շահագործում են պղնձի, անագի, կապարի, ոսկու ու արծաթի հանքերը։ Շատ հարուստ ու լավ պահպանված իրեր են գտնվել Մեծամորի, Լճաշենի, Շիրակի, Լոռու շրջանների բրոնզեդարյան դամբարանների պեղումներից։ Դրանք կացիններ, մանգաղներ, դանակներ, զենքեր և տնտեսության մեջ օգտագործվող տարբեր բնույթի առարկաներ են։ Դրանց թվում շատ կան ոսկուց, արծաթից և բրոնզից պատրաստված զարդարանքի առարկաներ, գեղարվեստական իրեր և արձանիկներ։ Բրոնզի հայտնագործումով մեծ զարգացում ապրեց հատկապես զենքերի պատրաստումը։
 
Հայկական լեռնաշխարհը դարձավ մետաղամշակության կարևոր կենտրոն։ Բրոնզե գործիքների հանդես գալը նպաստում է բերքատվության բարձրացմանը, տնտեսության բոլոր ճյուղերի արագ զարգացմանը։ Զգալի զարգացում է ապրում հողագործությունը։ Ընդարձակվում են մշակովի հողերը, հատկապես հացահատիկային ցանքստարածքները, բարելավվում են աշխատանքային գործիքները։ Մշակում են գարի, ցորեն, կորեկ, հաճար։ Հիմնում են պտղատու այգիներ,  մասնավորապես՝ խաղողանոցներ։ Մեր երկիրը իրավամբ համարվում է խաղողի մշակության հնագույն վայրերից մեկը։
 
Հողագործության արդյունավետ զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ հողը վարելու արորի հայտնագործումը, որի համար օգնագործում էին լծկան կենդանիների ուժը։ Դրանով ընդարձակվում են հերկովի տարածքները։ Նախկին բրիչային հողագործությունը փոխարինվում է արորայինով։ Ընդարձակվում է ոռոգման ցանցը։ Ամենուրեք անցկացվում են առուներ դաշտերի ոռոգման համար։ Չորացվում են ճահիճները։ Սկսում են պարարտացնել հողը՝ առատ բերք ստանալու նպատակով։ Կարևոր դեր ունեցավ վայրի ձիու ընտելացումը։ Ձին սկսեցին օգտագործել թե՛ տնտեսության մեջ և թե՛ պատերազմական գործում։
 
Անասնապահության և հողագործության զարգացման ու ընդարձակման շնորհիվՀայաստանի լեռնային շրջաններում ապրող տոհմերն ու ցեղերն առավելապես սկսում են զբաղվել անասնապահությամբ, իսկ դաշտավայրերում ու բերրի տարածքներում բնակվողները՝ երկրագործությամբ՝ մասնագիտանալով յուրաքանչյուրը իր բնագավառում։
Զգալի զարգացում են ապրում կավագործությունը, կտավագործությունը, կաշեգործությունը, փայտամշակությունը, քարագործությունը։ Ավելանում է այդ արհեստների արտադրանքը։ Բրոնզի դարում աշխուժանում է ապրանքափոխանակությունը ինչպես հարևան տոհմերի ու ցեղերի, այնպես և հեռու երկրների միջև։ Յուրաքանչյուրը առաջարկում էր այն, ինչից հարուստ էր, և ձեռք էր բերում՝ ինչի կարիքը զգում էր։ Դա իր հերթին նպաստեց փոխադրամիջոցների ու ճանապարհների զարգացմանը։

Հայաստանի Ժայռապատկերներ

Հայաստանի ժայռապատկերներում մեծ թվով են ներկայացված տիեզերական պատկերացումների հետ կապված գերբնական երկգլխանի օձերհիդրաներվիշապներ,վիշապաքաղեր և այլ երևակայական արարածներ, որոնք հանդես են գալիս նաև առասպելների, հանելուկների, հեքիաթների մեջ որպես վիշապներ, «իմաստուն օձեր», վիշապասպան հերոսներ ու աստվածներ։ Շատ ժայռապատկերներ իրենց զուգահեռներն են տանում կոբանյան կացինների, ինչպես և Ամիրանի քաջագործությունները պատկերող դրվագների, Արտավազդի ու Վահագնի առասպելների մեջ։ Վարդենիսի հսկայածավալ ժայռապատկերներից մեկն, օրինակ, նվիրված է արևի և ամպրոպամարտիկ աստվածների պայքարին։ Այստեղ ներկայացված երկրաչափական պատկերների երեք խմբերը կազմված են մեծ ու գեղեցիկ արևային նշաններից, խաչերից, կիսալուսիններն ու աստղերը ներկայացնող բազմաթիվ կիսագնդաձև փոսիկներից։ Սրանցից ցած տեղադրված է մի սքանչելի կոմպոզիցիա, որը կարծես երկրաչափական սիմվոլների առասպելական բացահայտումը լինի։ Այստեղ հանդես է գալիս արևի աստվածը՝ անիվի, ձիու և կիսալուսնի հետ։ Նրա դիմաց կանգնած ենկայծակի աստվածությունները՝ հսկայամարմին օձ-կայծակների խառնիխուռն պատկերներրով, որոնք այլաբանորեն ներկայացնում են աստվածների պայքարը։ «Վարդենիսյան աստվածների» որոշ ատրիբուտներն ու ֆունկցիաները պահպանվել են հայկական Վահագն ու Միհր աստվածների, Սասնա հերոսների կերպարների մեջ, որոնցից ոմանք ահեղաձայն կայծակորոտի հատկանիշներ ունեն (ՍանասարԲաղդասար), շատերը` արևի ու ծովի հետ առնչվող ջրածին-հրեղեն ձի ու թուր կեծակի, ոմանք վիշապասպան են (Վահագն), ոմանք պատկերվում են օձագալար կայծակները բռնած և ճառագայթավոր գլխանոցով (Միհր)։

Խաղալիքներ

Խաղալիքները անցյալում և այսօր
ՓՈՔՐԻԿ Ֆիլիպն* ու իր խաղընկերները լարերով մի գնդակ են պատրաստել և աշխուժորեն ֆուտբոլ են խաղում։ Մայքը հեռակառավարման վահանակով ուրախությամբ ղեկավարում է իր փոքրիկ մեքենան՝ քշելով այն տարբեր ուղղություններով։ Անդրեան ու իր փոքրիկ ընկերուհիները շորեր ու կոշիկներ են հագցնում իրենց տիկնիկներին՝ խոսելով այն մասին, թե ինչպես են իրենք հագնվելու, երբ մեծանան։
Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երեխաները։ Խաղալիքներ, որոնցով կարող են ժամերով խաղալ։ Երբեմն խաղալիքը, ինչպես օրինակ՝ արջուկը, դառնում է երեխայի անբաժանելի ընկերը դեռ վաղ մանկությունից, անգամ տեղ է գտնում ընտանեկան ալբոմում։ Իսկ ի՞նչ պատմություն ունեն խաղալիքները։ Ինչո՞ւ են նրանք այդքան կարևոր երեխաների համար։
Խաղալիքների ծագումը
Մի հանրագիտարանում ասվում է. «Սովորաբար խաղալիքներ են անվանում այն առարկաները, որոնցով խաղում են։ Խաղալիքներն ու խաղերը մեզ են հասել հեռավոր անցյալից և օգտագործվել են բազում քաղաքակրթություններում։ Դրանք լինում են և՛ պարզ, և՛ բարդ։ Խաղալիք կարող է դառնալ ինչպես երեխայի ձեռքին գտնվող սովորական փայտը, որով նա «ձի–ձի» է խաղում, այնպես էլ որևէ բարդ սարքավորում»։ Այսպիսով՝ խաղի մեջ օգտագործվող ցանկացած առարկա կարող է դառնալ խաղալիք։ Եվ քանի որ մարդն ի բնե զանազանություն է սիրում, կարելի է ենթադրել, որ խաղալիքները գոյություն ունեն գրեթե նույնքան ժամանակ, որքան և մարդկությունը։
Օրինակ՝ հին Բաբելոնի ու Եգիպտոսի տարածքում պեղումների ժամանակ տիկնիկների տարբեր մասեր են հայտնաբերվել։ Տիկնիկներն, ակներևաբար, եղել են ամենաառաջին խաղալիքները։ Հին խաղալիք է նաև գնդակը։ Չնայած անհնար է պարզել, թե երբ է գնդակը մտել գործածության մեջ, սակայն եգիպտացի մի երեխայի գերեզմանում գտնվել են քարե խաղաշշեր, որոնք օգտագործվել են բոուլինգ հիշեցնող մի խաղի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, այդ խաղաշշերը վայր էին գցում քարե գնդակի օգնությամբ։
Հունաստանում ավելի քան 3 000 տարի առաջ գոյություն են ունեցել քարե հոլեր։ Փաստերը ցույց են տալիս, որ դրանք եղել են նաև հին Չինաստանում։ Իսկ հռոմեացի երեխաները խաղում էին խաղատիկնիկներով, ինչպես նաև իրար համապատասխանող փղոսկրյա խաղաքարերով։ Հույն և հռոմեացի տղաները խաղում էին նաև փոքրիկ սայլակներով, ինչը ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցներ ներկայացնող խաղալիքները լայն տարածում են ունեցել դեռևս հին ժամանակներում։ Մի թանգարանում նմուշների մեջ կարելի է տեսնել անիվների վրա գտնվող կենդանիների կավե արձանիկներ, որոնք ըստ երևույթին պատկանում են հին մեքսիկական մշակույթին։ Դրանք միակ անվավոր առարկաներն են այս մշակույթին պատկանող նմուշների մեջ։ Միջնադարում կենդանիների փքված միզապարկերից պատրաստում էին ձվաձև կամ կլոր գնդակներ։ Այդ գնդակներով խաղում էին մի խաղ, որը նման էր այսօրվա ֆուտբոլին. ոտքի հարվածով գնդակը փորձում էին ուղարկել հակառակորդի դարպասը։
Ավելի ուշ՝ 18–րդ դարի Անգլիայում, ստեղծվեցին հանելուկախաղեր, որոնց նպատակն էր կրթել երեխաներին։ Դրանք լայն տարածում գտան 20–րդ դարի սկզբում։ Ապա՝ մեծ հեղինակություն սկսեցին վայելել գունավոր կավիճները։ Միայն ամերիկյան մի ընկերություն արտադրել էր ավելի քան 1 միլիարդ կավիճ։ Ինչպես տեսնում եք, այսօր օգտագործվող խաղալիքներից մի քանիսը մեզ են հասել հեռավոր անցյալից և մեծ նշանակություն են ունեցել մարդկանց կյանքում։
Ինչո՞վ են օգտակար
«Խաղը բնական զբաղմունք է փոքրիկի համար։ Այն բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում երեխային սովորելու, ֆիզիկական և մտավոր առումներով հասունանալու, ինչպես նաև հասարակության մեջ իրեն ճիշտ դրսևորելու։ Եթե խաղը համարենք երեխայի աշխատանքը, ապա խաղալիքը կլինի նրա գործիքը։ Իսկ պատշաճ խաղալիքը կօգնի երեխային արդյունավետորեն կատարելու իր աշխատանքը»։ Ահա թե ինչպես է ընդգծվում խաղալիքների կարևորությունը այդ թեմային նվիրված մի պաշտոնական ձեռնարկում։
Ինչ խոսք, խաղալիքները շատ սիրված են գլխավորապես այն պատճառով, որ նրանցով հաճելի է խաղալ։ Այնուամենայնիվ, երեխայի զարգացման մեջ նրանց դերը բավականին մեծ է։ Ահա մի քանի օրինակ. երբ երեխան խաղալիք–սայլակ է հրում, զարգանում է նրա մկանային համակարգը, իսկ երբ պարան է խաղում՝ կոորդինացիան, երբ նա մի ոտքով հարվածում է գնդակին կամ հեծանիվ է վարում, սովորում է հավասարակշռություն պահպանել, իսկ երբ նկարում է կամ խորանարդներով որևէ բան է կառուցում, սովորում է ճշգրտորեն կառավարել իր շարժումները։
Իսկ ի՞նչ կարելի է ասել երեխայի մտավոր ունակությունների զարգացման մասին։ Երբ փոքրիկի խաղն ընդգրկում է երգեր կամ ոտանավորներ, որոնք նա կրկնում է, օրինակ, պարան ցատկելիս կամ բռնոցի խաղալիս, դա խթանում է նրա լեզվական կարողությունները։ Երբ երեխան խորանարդներով ինչ–որ բան է կառուցում, հետևում է խաղի կանոններին, փորձում է գտնել հանելուկախաղի համապատասխան քարտերը, բեմականացնում է որևէ պատմվածք կամ բեմական շորերով որևէ բան է ցույց տալիս, զարգանում են նրա տրամաբանությունն ու ստեղծագործական ունակությունները։ Նույնը տեղի է ունենում, երբ նա որևէ երաժշտական գործիք է նվագում կամ ձեռագործ աշխատանք է կատարում։
Խաղը շատ օգտակար է նաև այն առումով, որ օգնում է երեխային դրսևորել իրեն հասարակության մեջ, այսինքն՝ ճիշտ հաղորդակցվել մյուս երեխաների հետ, օրինակ, երբ նրանք թիմ են կազմում գնդակով որևէ խաղ խաղալու համար։ Այս կապակցությամբ դոկտոր Բրյուս Փերրին ասում է. «Երեխան սկսում է գիտակցել, որ իր շուրջ կան ուրիշ մարդիկ, դառնում է ավելի կարեկից և նվազ եսակենտրոն։ Իր հասակակիցների հետ խաղալիս նա ծանոթանում է հասարակական նորմերին, սովորում է տիրապետել ինքն իրեն և հաղթահարել իր հիասթափությունները»։
Իրենց խաղերում երեխաներն ընդօրինակում են այն ամենը, ինչ անում են մեծերը։ Հույն փիլիսոփա Արիստոտելն ասել է. «Մանկությունից ի վեր մարդը բնազդաբար ընդօրինակում է ուրիշներին»։ Այո՛, իրենց խաղերում մանուկներն ընդօրինակում են մեր առօրյա գործերի մեծ մասը և սովորում են անել դրանք։ Օրինակ՝ իր տիկնիկին օրորող փոքրիկ աղջիկը տարիներ անց նույն ձևով կքնենցի իր բալիկին։ Նույնը կարելի է ասել այն աղջնակի մասին, որն իր փոքրիկ ընկերուհիների հետ երևակայական ճաշեր է պատրաստում։ Իսկ երբ տղաները «վարում» են իրենց ավտոմեքենաները՝ վերարտադրելով նրանց ձայնը, պատրաստվում են հետագայում իսկական մեքենա վարել։ Սակայն գոյություն ունեն որոշ սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնեք ձեր երեխայի համար խաղալիքներ ընտրելիս։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ։
Ընտրողական եղեք
«Խաղալիքներն այսօր արտացոլում են բռնությամբ և անօրինությամբ լեցուն մեր հասարակությունը»,— ասվում է Լոնդոնում հրատարակվող «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթում։ Թեև այս խոսքերը չեն վերաբերում բոլոր խաղալիքներին, սակայն, ինչպես նշվում է մեքսիկական մի պարբերաթերթում, այսօր ավելի ու ավելի հազվադեպ են ավանդական խաղալիքները և ավելի շատ են «վայրենու արտաքին ունեցող, տձև, մկանուտ տիկնիկները» («La Jornada»)։ Վերոհիշյալ հոդվածում մեջբերվում են Խոչիմիլկոյի ինքնավար համալսարանի դասախոս Պատրիսիա Էհրլիչի խոսքերը, համաձայն որոնց՝ շուկայում վաճառվող շատ խաղալիքներ խրախուսում են ուրիշների վրա ուժ գործադրելու գաղափարը՝ դրական լույսի տակ ներկայացնելով բռնությունը, ագրեսիան, կեղեքումն ու ահաբեկումը։
Ինչպես հայտնում է ԱՄՆ–ի՝ Մանկավարժ–հոգեբանների պետական կազմակերպությունը, բռնություն խրախուսող խաղալիքները «կարող են բացասական ազդեցություն գործել մանուկների դաստիարակության ու զարգացման վրա՝ հանգեցնելով վատ հետևանքների»։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնություն պարունակող համակարգչային խաղերը կարող են երեխային դարձնել ագրեսիվ և նույնիսկ օրինախախտ։ Հետևաբար բոլոր այն մարդիկ, որոնց խնամքին է հանձնված որևէ երեխա, պետք է ուշադրությամբ ընտրեն խաղալիքները (տե՛ս 26–րդ էջի շրջանակը)։
Ժամանակակից տեխնիկայի զարգացման շնորհիվ այսօր շատ մեծ է զանազան, այդ թվում նաև բարդ կառուցվածք ունեցող խաղալիքների ընտրանին։ Սակայն դրանք կարող են չափազանց թանկ լինել։ Հնարավոր է նաև, որ այդ խաղալիքները արագ ձանձրացնեն երեխային կամ պարզապես օգտակար չլինեն նրա համար։ Լիանա անունով ավստրալիացի մի կին, որը մենակ է մեծացնում իր հինգ երեխաներին, ասում է. «Ավագ որդիներս գովազդի ազդեցության տակ հաճախ խնդրում են, որ իրենց համար թանկարժեք համակարգչային խաղեր գնեմ։ Սակայն նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում՝ խաղալով թևճակներով (ռակետա) կամ ռետինե գնդակով, որոնք ավելի էժան են։ Իմ կարծիքով՝ հասարակ խաղալիքները ավելի դիմացկուն են և ավելի շատ են զարգացնում երեխաներիս երևակայությունը»։
Ինչո՞ւ ինքդ չպատրաստես
Փոքրի՛կ, դու չունե՞ս լավ խաղալիքներ։ Եթե փորձես գործի դնել երևակայությունդ և ինքդ պատրաստես դրանք, ապա մեծ ուրախություն կստանաս։ Ամբողջ աշխարհում քեզ պես շատ երեխաներ իրենց ձեռքով են պատրաստում իրենց խաղալիքները։
Նայի՛ր այս էջերի նկարներին։ Այս երեխաները շատ ուրախ են, այնպես չէ՞։ Այստեղ պատկերված «մեքենաներից» մի քանիսը այնքան էլ հեշտ չէ պատրաստել։ Հարկավոր է հավաքել տարբեր տեսակի ոչ պետքական լարեր և դրանք իրար միացնել այնպես, որ մեքենայի տեսք ստանան։ Ակների համար կարող ես կլոր կտրել ռետինը կամ պլաստմասսան։ Քեզ դո՞ւր է գալիս այս գնացքը։ Այն պատրաստված է հյութի տուփերից և կաթի շշերից։ Իսկ ի՞նչ կասես այս փայտե բեռնատարի մասին։ Գիտե՞ս, այդ խաղալիքները երբեմն նույնիսկ հնարավոր է քշել։ Այդպիսին է, օրինակ, այստեղ պատկերված աֆրիկական ինքնաշարժ խաղալիքը։ Այս երեխաները համոզվել են, որ լավ խաղալիքը միայն թանկ խաղալիքը չէ։ Եվ այն պատրաստելն ինքնին ուրախություն է։ Ինչո՞ւ չփորձես ինքդ պատրաստել։