Խաղալիքները անցյալում և այսօր
ՓՈՔՐԻԿ Ֆիլիպն* ու իր խաղընկերները լարերով մի գնդակ են պատրաստել և աշխուժորեն ֆուտբոլ են խաղում։ Մայքը հեռակառավարման վահանակով ուրախությամբ ղեկավարում է իր փոքրիկ մեքենան՝ քշելով այն տարբեր ուղղություններով։ Անդրեան ու իր փոքրիկ ընկերուհիները շորեր ու կոշիկներ են հագցնում իրենց տիկնիկներին՝ խոսելով այն մասին, թե ինչպես են իրենք հագնվելու, երբ մեծանան։
Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երեխաները։ Խաղալիքներ, որոնցով կարող են ժամերով խաղալ։ Երբեմն խաղալիքը, ինչպես օրինակ՝ արջուկը, դառնում է երեխայի անբաժանելի ընկերը դեռ վաղ մանկությունից, անգամ տեղ է գտնում ընտանեկան ալբոմում։ Իսկ ի՞նչ պատմություն ունեն խաղալիքները։ Ինչո՞ւ են նրանք այդքան կարևոր երեխաների համար։
Խաղալիքների ծագումը
Մի հանրագիտարանում ասվում է. «Սովորաբար խաղալիքներ են անվանում այն առարկաները, որոնցով խաղում են։ Խաղալիքներն ու խաղերը մեզ են հասել հեռավոր անցյալից և օգտագործվել են բազում քաղաքակրթություններում։ Դրանք լինում են և՛ պարզ, և՛ բարդ։ Խաղալիք կարող է դառնալ ինչպես երեխայի ձեռքին գտնվող սովորական փայտը, որով նա «ձի– ձի» է խաղում, այնպես էլ որևէ բարդ սարքավորում»։ Այսպիսով՝ խաղի մեջ օգտագործվող ցանկացած առարկա կարող է դառնալ խաղալիք։ Եվ քանի որ մարդն ի բնե զանազանություն է սիրում, կարելի է ենթադրել, որ խաղալիքները գոյություն ունեն գրեթե նույնքան ժամանակ, որքան և մարդկությունը։
Օրինակ՝ հին Բաբելոնի ու Եգիպտոսի տարածքում պեղումների ժամանակ տիկնիկների տարբեր մասեր են հայտնաբերվել։ Տիկնիկներն, ակներևաբար, եղել են ամենաառաջին խաղալիքները։ Հին խաղալիք է նաև գնդակը։ Չնայած անհնար է պարզել, թե երբ է գնդակը մտել գործածության մեջ, սակայն եգիպտացի մի երեխայի գերեզմանում գտնվել են քարե խաղաշշեր, որոնք օգտագործվել են բոուլինգ հիշեցնող մի խաղի ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, այդ խաղաշշերը վայր էին գցում քարե գնդակի օգնությամբ։
Հունաստանում ավելի քան 3 000 տարի առաջ գոյություն են ունեցել քարե հոլեր։ Փաստերը ցույց են տալիս, որ դրանք եղել են նաև հին Չինաստանում։ Իսկ հռոմեացի երեխաները խաղում էին խաղատիկնիկներով, ինչպես նաև իրար համապատասխանող փղոսկրյա խաղաքարերով։ Հույն և հռոմեացի տղաները խաղում էին նաև փոքրիկ սայլակներով, ինչը ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցներ ներկայացնող խաղալիքները լայն տարածում են ունեցել դեռևս հին ժամանակներում։ Մի թանգարանում նմուշների մեջ կարելի է տեսնել անիվների վրա գտնվող կենդանիների կավե արձանիկներ, որոնք ըստ երևույթին պատկանում են հին մեքսիկական մշակույթին։ Դրանք միակ անվավոր առարկաներն են այս մշակույթին պատկանող նմուշների մեջ։ Միջնադարում կենդանիների փքված միզապարկերից պատրաստում էին ձվաձև կամ կլոր գնդակներ։ Այդ գնդակներով խաղում էին մի խաղ, որը նման էր այսօրվա ֆուտբոլին. ոտքի հարվածով գնդակը փորձում էին ուղարկել հակառակորդի դարպասը։
Ավելի ուշ՝ 18–րդ դարի Անգլիայում, ստեղծվեցին հանելուկախաղեր, որոնց նպատակն էր կրթել երեխաներին։ Դրանք լայն տարածում գտան 20–րդ դարի սկզբում։ Ապա՝ մեծ հեղինակություն սկսեցին վայելել գունավոր կավիճները։ Միայն ամերիկյան մի ընկերություն արտադրել էր ավելի քան 1 միլիարդ կավիճ։ Ինչպես տեսնում եք, այսօր օգտագործվող խաղալիքներից մի քանիսը մեզ են հասել հեռավոր անցյալից և մեծ նշանակություն են ունեցել մարդկանց կյանքում։
Ինչո՞վ են օգտակար
«Խաղը բնական զբաղմունք է փոքրիկի համար։ Այն բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում երեխային սովորելու, ֆիզիկական և մտավոր առումներով հասունանալու, ինչպես նաև հասարակության մեջ իրեն ճիշտ դրսևորելու։ Եթե խաղը համարենք երեխայի աշխատանքը, ապա խաղալիքը կլինի նրա գործիքը։ Իսկ պատշաճ խաղալիքը կօգնի երեխային արդյունավետորեն կատարելու իր աշխատանքը»։ Ահա թե ինչպես է ընդգծվում խաղալիքների կարևորությունը այդ թեմային նվիրված մի պաշտոնական ձեռնարկում։
Ինչ խոսք, խաղալիքները շատ սիրված են գլխավորապես այն պատճառով, որ նրանցով հաճելի է խաղալ։ Այնուամենայնիվ, երեխայի զարգացման մեջ նրանց դերը բավականին մեծ է։ Ահա մի քանի օրինակ. երբ երեխան խաղալիք– սայլակ է հրում, զարգանում է նրա մկանային համակարգը, իսկ երբ պարան է խաղում՝ կոորդինացիան, երբ նա մի ոտքով հարվածում է գնդակին կամ հեծանիվ է վարում, սովորում է հավասարակշռություն պահպանել, իսկ երբ նկարում է կամ խորանարդներով որևէ բան է կառուցում, սովորում է ճշգրտորեն կառավարել իր շարժումները։
Իսկ ի՞նչ կարելի է ասել երեխայի մտավոր ունակությունների զարգացման մասին։ Երբ փոքրիկի խաղն ընդգրկում է երգեր կամ ոտանավորներ, որոնք նա կրկնում է, օրինակ, պարան ցատկելիս կամ բռնոցի խաղալիս, դա խթանում է նրա լեզվական կարողությունները։ Երբ երեխան խորանարդներով ինչ– որ բան է կառուցում, հետևում է խաղի կանոններին, փորձում է գտնել հանելուկախաղի համապատասխան քարտերը, բեմականացնում է որևէ պատմվածք կամ բեմական շորերով որևէ բան է ցույց տալիս, զարգանում են նրա տրամաբանությունն ու ստեղծագործական ունակությունները։ Նույնը տեղի է ունենում, երբ նա որևէ երաժշտական գործիք է նվագում կամ ձեռագործ աշխատանք է կատարում։
Խաղը շատ օգտակար է նաև այն առումով, որ օգնում է երեխային դրսևորել իրեն հասարակության մեջ, այսինքն՝ ճիշտ հաղորդակցվել մյուս երեխաների հետ, օրինակ, երբ նրանք թիմ են կազմում գնդակով որևէ խաղ խաղալու համար։ Այս կապակցությամբ դոկտոր Բրյուս Փերրին ասում է. «Երեխան սկսում է գիտակցել, որ իր շուրջ կան ուրիշ մարդիկ, դառնում է ավելի կարեկից և նվազ եսակենտրոն։ Իր հասակակիցների հետ խաղալիս նա ծանոթանում է հասարակական նորմերին, սովորում է տիրապետել ինքն իրեն և հաղթահարել իր հիասթափությունները»։
Իրենց խաղերում երեխաներն ընդօրինակում են այն ամենը, ինչ անում են մեծերը։ Հույն փիլիսոփա Արիստոտելն ասել է. «Մանկությունից ի վեր մարդը բնազդաբար ընդօրինակում է ուրիշներին»։ Այո՛, իրենց խաղերում մանուկներն ընդօրինակում են մեր առօրյա գործերի մեծ մասը և սովորում են անել դրանք։ Օրինակ՝ իր տիկնիկին օրորող փոքրիկ աղջիկը տարիներ անց նույն ձևով կքնենցի իր բալիկին։ Նույնը կարելի է ասել այն աղջնակի մասին, որն իր փոքրիկ ընկերուհիների հետ երևակայական ճաշեր է պատրաստում։ Իսկ երբ տղաները «վարում» են իրենց ավտոմեքենաները՝ վերարտադրելով նրանց ձայնը, պատրաստվում են հետագայում իսկական մեքենա վարել։ Սակայն գոյություն ունեն որոշ սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնեք ձեր երեխայի համար խաղալիքներ ընտրելիս։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ։
Ընտրողական եղեք
«Խաղալիքներն այսօր արտացոլում են բռնությամբ և անօրինությամբ լեցուն մեր հասարակությունը»,— ասվում է Լոնդոնում հրատարակվող «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթում։ Թեև այս խոսքերը չեն վերաբերում բոլոր խաղալիքներին, սակայն, ինչպես նշվում է մեքսիկական մի պարբերաթերթում, այսօր ավելի ու ավելի հազվադեպ են ավանդական խաղալիքները և ավելի շատ են «վայրենու արտաքին ունեցող, տձև, մկանուտ տիկնիկները» («La Jornada»)։ Վերոհիշյալ հոդվածում մեջբերվում են Խոչիմիլկոյի ինքնավար համալսարանի դասախոս Պատրիսիա Էհրլիչի խոսքերը, համաձայն որոնց՝ շուկայում վաճառվող շատ խաղալիքներ խրախուսում են ուրիշների վրա ուժ գործադրելու գաղափարը՝ դրական լույսի տակ ներկայացնելով բռնությունը, ագրեսիան, կեղեքումն ու ահաբեկումը։
Ինչպես հայտնում է ԱՄՆ–ի՝ Մանկավարժ– հոգեբանների պետական կազմակերպությունը, բռնություն խրախուսող խաղալիքները «կարող են բացասական ազդեցություն գործել մանուկների դաստիարակության ու զարգացման վրա՝ հանգեցնելով վատ հետևանքների»։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բռնություն պարունակող համակարգչային խաղերը կարող են երեխային դարձնել ագրեսիվ և նույնիսկ օրինախախտ։ Հետևաբար բոլոր այն մարդիկ, որոնց խնամքին է հանձնված որևէ երեխա, պետք է ուշադրությամբ ընտրեն խաղալիքները (տե՛ս 26–րդ էջի շրջանակը)։
Ժամանակակից տեխնիկայի զարգացման շնորհիվ այսօր շատ մեծ է զանազան, այդ թվում նաև բարդ կառուցվածք ունեցող խաղալիքների ընտրանին։ Սակայն դրանք կարող են չափազանց թանկ լինել։ Հնարավոր է նաև, որ այդ խաղալիքները արագ ձանձրացնեն երեխային կամ պարզապես օգտակար չլինեն նրա համար։ Լիանա անունով ավստրալիացի մի կին, որը մենակ է մեծացնում իր հինգ երեխաներին, ասում է. «Ավագ որդիներս գովազդի ազդեցության տակ հաճախ խնդրում են, որ իրենց համար թանկարժեք համակարգչային խաղեր գնեմ։ Սակայն նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում՝ խաղալով թևճակներով (ռակետա) կամ ռետինե գնդակով, որոնք ավելի էժան են։ Իմ կարծիքով՝ հասարակ խաղալիքները ավելի դիմացկուն են և ավելի շատ են զարգացնում երեխաներիս երևակայությունը»։
Ինչո՞ւ ինքդ չպատրաստես
Փոքրի՛կ, դու չունե՞ս լավ խաղալիքներ։ Եթե փորձես գործի դնել երևակայությունդ և ինքդ պատրաստես դրանք, ապա մեծ ուրախություն կստանաս։ Ամբողջ աշխարհում քեզ պես շատ երեխաներ իրենց ձեռքով են պատրաստում իրենց խաղալիքները։
Նայի՛ր այս էջերի նկարներին։ Այս երեխաները շատ ուրախ են, այնպես չէ՞։ Այստեղ պատկերված «մեքենաներից» մի քանիսը այնքան էլ հեշտ չէ պատրաստել։ Հարկավոր է հավաքել տարբեր տեսակի ոչ պետքական լարեր և դրանք իրար միացնել այնպես, որ մեքենայի տեսք ստանան։ Ակների համար կարող ես կլոր կտրել ռետինը կամ պլաստմասսան։ Քեզ դո՞ւր է գալիս այս գնացքը։ Այն պատրաստված է հյութի տուփերից և կաթի շշերից։ Իսկ ի՞նչ կասես այս փայտե բեռնատարի մասին։ Գիտե՞ս, այդ խաղալիքները երբեմն նույնիսկ հնարավոր է քշել։ Այդպիսին է, օրինակ, այստեղ պատկերված աֆրիկական ինքնաշարժ խաղալիքը։ Այս երեխաները համոզվել են, որ լավ խաղալիքը միայն թանկ խաղալիքը չէ։ Եվ այն պատրաստելն ինքնին ուրախություն է։ Ինչո՞ւ չփորձես ինքդ պատրաստել։
Комментариев нет:
Отправить комментарий