Հայաստանի ժայռապատկերներում մեծ թվով են ներկայացված տիեզերական պատկերացումների հետ կապված գերբնական երկգլխանի օձեր, հիդրաներ, վիշապներ,վիշապաքաղեր և այլ երևակայական արարածներ, որոնք հանդես են գալիս նաև առասպելների, հանելուկների, հեքիաթների մեջ որպես վիշապներ, «իմաստուն օձեր», վիշապասպան հերոսներ ու աստվածներ։ Շատ ժայռապատկերներ իրենց զուգահեռներն են տանում կոբանյան կացինների, ինչպես և Ամիրանի քաջագործությունները պատկերող դրվագների, Արտավազդի ու Վահագնի առասպելների մեջ։ Վարդենիսի հսկայածավալ ժայռապատկերներից մեկն, օրինակ, նվիրված է արևի և ամպրոպամարտիկ աստվածների պայքարին։ Այստեղ ներկայացված երկրաչափական պատկերների երեք խմբերը կազմված են մեծ ու գեղեցիկ արևային նշաններից, խաչերից, կիսալուսիններն ու աստղերը ներկայացնող բազմաթիվ կիսագնդաձև փոսիկներից։ Սրանցից ցած տեղադրված է մի սքանչելի կոմպոզիցիա, որը կարծես երկրաչափական սիմվոլների առասպելական բացահայտումը լինի։ Այստեղ հանդես է գալիս արևի աստվածը՝ անիվի, ձիու և կիսալուսնի հետ։ Նրա դիմաց կանգնած ենկայծակի աստվածությունները՝ հսկայամարմին օձ-կայծակների խառնիխուռն պատկերներրով, որոնք այլաբանորեն ներկայացնում են աստվածների պայքարը։ «Վարդենիսյան աստվածների» որոշ ատրիբուտներն ու ֆունկցիաները պահպանվել են հայկական Վահագն ու Միհր աստվածների, Սասնա հերոսների կերպարների մեջ, որոնցից ոմանք ահեղաձայն կայծակորոտի հատկանիշներ ունեն (Սանասար, Բաղդասար), շատերը` արևի ու ծովի հետ առնչվող ջրածին-հրեղեն ձի ու թուր կեծակի, ոմանք վիշապասպան են (Վահագն), ոմանք պատկերվում են օձագալար կայծակները բռնած և ճառագայթավոր գլխանոցով (Միհր)։
Комментариев нет:
Отправить комментарий