четверг, 12 мая 2016 г.

Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր


Հայաստանը գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ: Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ), Բասենի դաշտերը, Վանի շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ: Զարգանում էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը: Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը կարծես բնության կողմից ստեղծված էին անասնապահությունը զարգացնելու համար: Հայաստանն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ: Ավելի քան 2400 տարի առաջ հույն պատմիչ Քսենոփոնը պատմում է, որ հայերի տները լի էին տարբեր տեսակի մթերքներով. «Չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ...
Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն»:
Ինչպես արդեն նշվել է, հույն պատմիչը հիշատակում է ընտիր գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի փողի օգնությամբ:
Հայաստանը հնուց ի վեր հայտնի էր ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի ու կապարի հանքերով և շինարարական քարատեսակներով՝ տուֆ, մարմար, որձաքար (բազալտ) և այլն: Մետաղային և ոչ մետաղային հանածոները նպաստում էին զանազան արհեստների զարգացմանը: Բանակի զենքերն ու զրահները, պաշարողական մեքենաները պատրաստվում էին հմուտ արհեստավորների ձեռքերով: Վերջիններս բացի բանակի կարիքները հոգալուց պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն): Մեծ հռչակ էին ձեռք բերել հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատկապես հմտացել էին կանացի նուրբ զարդեր պատրաստելու մեջ: Մեծ զարգացում էին ապրել կաշեգործությունը, մանածագործությունը և գորգագործությունը: Երկրում արտադրվող մետաղների մի մասն արտահանվում էր հարևան երկրներ:
Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին առևտուրը: Հայաստանի վրայով էին անցնում Առաջավոր Ասիայի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին: Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը Արտաշատ մայրաքաղաքն էր, իսկ երկրորդ դարի վերջերից՝ Վաղարշապատը:
Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի իրականացրած բռնագաղթեցումների շնորհիվ Հայաստանի քաղաքների բնակչության մեջ մեծացավ առևտրականների ու արհեստավորների թիվը: Իհարկե, դրանց մեծ մասը հայեր էին, մնացածները՝ բռնագաղթեցված հույներ, ասորիներ, կիլիկեցիներ ու կապադովկիացիներ: Հայոց արքունիքը հոգ էր տանում ճանապարհների բարեկեցությանը և անվտանգությանը: Հատկապես նշանավոր էր «Հայոց արքունի պողոտան», որ իրար էր կապում հայոց երկու մայրաքաղաքները՝ Արտաշատը և Տիգրանակերտը: Օրավուր աճող առևտրի պահանջմունքները հոգալու համար Տիգրան Մեծը, Արտավազդ Բ-ն և նրանց հաջորդները դրամներ հատեցին, որոնց հետ զուգահեռ օգտագործվում էին պարթևական և հռոմեական դրամները: Դրամ հատում էին ոչ միայն արքունի դրամահատարանները, այլև ինքնավար քաղաքները:
Դատելով Հերոդոտոսի որոշ տվյալներից՝ առևտուրը Հայաստանի և Միջագետքի միջև կատարվում էր Եփրատ գետով: Կաշիներով բեռնավորված էշերի քարավանները գալիս էին Հայաստան, որտեղ կաշիները ձգում էին ուռենու ճյուղերի վրա, դարձնում նավեր, բեռնավորում գինու տիկերով, տակառներով ու էշերով և Եփրատի հոսանքով լողում մինչև Բաբելոն: Հայաստանն այլ երկրներից ներմուծում էր մետաքս, բամբակ, համեմունքներ, թանկարժեք քարեր, ապակյա անոթներ ու այլ ապրանքներ և արտահանում էր մետաղներ, արհեստագործական արտադրանք, գինիներ, ներկեր, մասնավորապես որդան կարմիր, կաշի, բուրդ, նժույգներ, ջորիներ և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий