Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոմետրից մինչև 10–50 միկրոմետր և ավելի մեծություն: Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկ- և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ:
Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ:
Շատ միկրոօրգանիզմներ կազմված են 1 բջջից: Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմատեսակ բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում:
Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Մկանային բջիջներից գոյանում են մկանները, որոնցով պայմանավորված է շարժվելու ունակությունը, արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը, մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար, նյարդային բջիջներն ընկալում են ցավը, տաքը, ցուրտը և գրգիռը փոխանցում գլխուղեղի նյարդային բջիջներին:
Комментариев нет:
Отправить комментарий