Արջեր
Սպիտակ արջը ամենախոշոր գիշատիչ կենդանին է և հանդիպում է միայն Արկտիկայում:
|
Արջերը գիշատիչ կաթնասունների ընտանիքի կենդանիներ են: Հայտնի է 7 տեսակ՝ սպիտակ, գորշ, սպիտակակուրծք կամ հիմալայան արջերը, սև արջը կամ հյուսիսամերիկյան բարիբալը, մալայան արջը, Հնդկաստանում բնակվող հաստաշուրթը և հարավամերիկյան ակնոցավոր արջը:
Խոշոր գազաններ են. ունեն հզոր, ծանր մարմին, մեծ գլուխ, կարճ պոչ, փոքր ականջներ: Մարմինը ծածկված է խիտ (գորշ, սև կամ սպիտակ) միագույն մազածածկով: Ծնոտները հզոր են՝ խոշոր ժանիքներով, թաթերն ուժեղ են՝ կեռ մագիլներով: Հոտառությունը և լսողությունը լավ են զարգացած:
Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Հանդիպում է միայն Արկտիկայում: Ամբողջ կյանքն անցկացնում է սառույցների մեջ, ջուրը նրա հարազատ տարերքն է: Սպիտակ արջը կարող է ժամում 4–5 կմ արագությամբ երկար ժամանակ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և 2 րոպե մնալ ջրի տակ: Սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով: Երբ գալիս է ձագեր ծնելու ժամանակը, էգը մտնում է ձյունե անձավը: Այդ հսկա` 700 կգ (իսկ արուները՝ մինչև 1000 կգ) զանգվածով կենդանիների նորածին քոթոթներն առնետից մի քիչ են մեծ: Մինչև ձագերի մեծանալը մայր արջը որջից դուրս չի գալիս:
Գորշ արջը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Ալյասկայում, մասամբ՝ Կանադայում, որտեղ նրան անվանում են գրիզլի: ՀՀ-ում (հարթավայրերում, լեռներում, այնտեղ, որտեղ կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ) բնակվում են կովկասյան և սիրիական գորշ արջերը: Գորշ արջերը հիանալի որսորդներ են: Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ: Արջը մեղրի մեծ սիրահար է:
Աշնանն արջը հարկադրված է լինում հոգալ հուսալի ապաստանի (որջ) մասին, որտեղ կկարողանա քնել մինչև գարուն: Դրա համար անհրաժեշտ է, որ աշնանն արջն իր օրգանիզմում բավականաչափ ճարպ կուտակի: Հակառակ դեպքում նա որջում չի փակվի և ամբողջ ձմեռ կթափառի չարացած ու սոված:
Արջի քունը թեթև է, քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը չի նվազում: Մայր արջը որջում փակվում է նախորդ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին (զուր չեն նրանց դայակներ անվանում): Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Կես կիլոգրամ քաշով ծնված նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Այդ ընթացքում նրանք դանդաղ են աճում: Գարնանը ձագերը «գայլի ախորժակ» են ունենում. որջից դուրս են գալիս շնիկի չափ դարձած, բայց հետո այնքան են աճում, որ երբեմն նույնիսկ դառնում են 2,5 մ երկարությամբ և մինչև 650 կգ զանգվածով հսկաներ: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:
Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար նրան ծուռթաթ են անվանում: Սակայն անհրաժեշտության դեպքում արջն արագաշարժ է և կարող է վազել հասնել նույնիսկ ձիուն կամ ծառ բարձրանալ:
Արդյունագործական նշանակություն ունեն գլխավորապես գորշ արջերը: XX դարում արջերի թիվը և տարածման արեալները խիստ կրճատվել են: Մի շարք երկրներում արջերը գտնվում են պաշտպանության տակ: 1971 թ-ից ՀՀ-ում գորշ արջի որսն արգելված է:
Комментариев нет:
Отправить комментарий