пятница, 30 октября 2015 г.

Աթաբեկ Խնկոյան առակներ

ՎԱՏ  ԸՆԿԵՐԸ

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես,
Բայց մեջներին չկար աղվես:

Էնտեղ մեկն էլ
Մի պառավ գել
Ասավ. - Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:

Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Ոտս բերեք:

Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
Ո՞ւր ես, մեռած…
Ասեմ ձեռաց,
Աղվեսն ասաց.
Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:




 ԱՔԼՈՐՆ  ՈՒ  ՄԱՐԳԱՐԻՏԸ

Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. “Էս  ի՞նչ  է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին:




ԳԱՅԼՆ  ՈՒ  ՇՆԵՐԸ
Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ինչ է ասում.
Կոտորվիք դուք… ինչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:













Комментариев нет:

Отправить комментарий