Զվաթնոցի տաճար
652 թ.
Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը : Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652թ.-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է
(գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։
Ջվարթնոցը արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Հարավային մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։
Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը նորատիպ կառույց էր։ Հետագա դարերում հայկական ճարտարապետությունը մեծապես կրել է Ջվարթնոցի ազդեցությունը։
1937թ.-ին Ջվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը։
Комментариев нет:
Отправить комментарий