понедельник, 26 сентября 2016 г.

Շիրվանզադե "Արտիստը" Մաս յոթերորդ

Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի և կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով իր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես` ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես, նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:
Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս, Լևոնի վրա հարձակվել էին ինչ—որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել:
—Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես, բռնելով Լևոնի թևը,— ամո՛թ:
—Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր...
Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի որպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց: Ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի` ինչպես խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:
—Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գոռալ:
—Չարժե՞, չարժե՞, սինյո՜ր, դուք է՞լ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՜նչ: Ձախ կոշիկս... այո՛, ձախը... Գիտե՜ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուրվարի ներքևում էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի էին` մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը, բռնեց ետևից ձեռներս, մյուսը խուզարկեց գրպաններըս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան` բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՜վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին` չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշի՜կս... “Հանի՛,— ասաց ձեռքերս բռնողը,— գոնե երկու բաժակ օղի արժեն”: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կրծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատել... Չլսեցին անաստվածները... Տարան, տարան...
—Ուրեմն կոշիկներիդ համար ես լալիս,— ասացի ես, մոտավորապես հասկանալով բանի էությունը:
—Հարյուր հիսուն ռուբլի, սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկիս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս...
Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ...
Այսպես, ուրեմն, տարել էին նրա վեց—յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում:
—Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՜ն սրիկաները... Ով գիտե, հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՜ր աստված, տե՜ր աստված, ի՞նչ պիտի անեմ...
Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն չհամարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր է միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր:
—Ա՜ա,— գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով հատակին,— հույս կա, հույս կա գտնելու:
—Այո՜,— ուրախացա ես երեխայի պես:
—Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՞ւմ եք Իցկոյի հորը: “Մոշկա սելյոդկա” են կոչում նրան: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ, իսկույն: Մա՛մա, ներս եկ, տուր ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...
Հակառակ մոր կամքին, նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:
Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի` ինչ ողբ պիտի բարձրանար և որքան անիծեր որդուն:
Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...
...Մի շաբաթ շարունակ Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Ընկերները` Շաուշենկոն և Իցկոն, հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, հագուստով պառկում անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր` ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Նա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով:
Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը, կտրատում էին սիրտս: Այնինչ` այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր իր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա, կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ ետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող ժողովել: Մի օր, վերջապես, նա գնաց “Արքայական յախտա” մի նոր կիթառ ձեռքին: Երեկոյան պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկել ու համբուրվել նրա հետ: Նրա բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ խմել էր` վիշտը մոռացության տալու համար. ես քաջություն չունեցա նրան հանդիմանելու:
Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերակենդանացրեց նրա հույսեևը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն էր: Գրեթե օր չէի անցնում, որ նա չհարցնի.
—Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից:
Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուց: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:
—Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:— Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.
—Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան նշանավոր երգչուհի դառնալով կգոռոզանա՞:
Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրան արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքն իմանալ` արժանի՞ եմ համարում իրեն Լուիզային, թե՞ ոչ:
Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ` օրից օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.
—Այո, կգոռոզանա: Նա այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է...
—Ո՞վ ասաց,— գոչեց Լևոնը վշտացած:
—Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է:
—Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:
—Այո՛, բարեկամս, ուղարկում է, բայց ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ ու դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում` գիմնազիաստներին միմյանց նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՜խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր` նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց:
Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև:
—Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է,— ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշտպանելու համար:
Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.
—Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:
—Ի՞նչ է պատահել:
—Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ... հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա՛...
Եվ ծոցից հանելով հեռագիրը ցույց տվեց ինձ:
—Այդպես անսպասելի՞, —գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ—որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև:
—Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՛ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՜խ, վերջապես, որքա՛ն ուրախ, որքա՛ն ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է` բարի, քաղաքավարի, լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ. Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...
Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային:
Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն, հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնի էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ:
Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց ուրախության պատճառը: Երկու օր է` նրան կանչում են “Խերսոն” շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել “Մադրիդի շրջմոլիկը”: Նա մի շատ բարի մարդ է. իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: Երկու օրից հետո “Խերսոնը” գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից ետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո` Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները...
—Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա...
Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքերից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին մարմնացած ոգևորություն էր:
—Լևոն,— ասացի,— շա՞տ ես փափագում տեսնել Լուիզային:
—Այո՛, իհարկե:
—Եթե չտեսնես, շա՞տ կտխրես:
—Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում,— գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ մի տեսակ երկյուղով նայելով երեսիս:
—Լուիզան այժմ Միլանում չէ:
—Ո՞վ ասաց:
—Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը:
—Հապա որտե՞ղ է:
—Պարիզում:
—Ո՞ւմ հետ...
—Կավալլարոյի...
—Կավալլարո՞,— գոչեց պատանին գրեթե շնչասպառ:
—Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով,— ասացի ես միանգամից` սրտիս ծանրությունից ազատվելու համար:
Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին. մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:
—Տեսա՞ր որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...
Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացմունքներն այնքան ժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով.
—Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել...
—Այո՛, պետք է շնորհավորել,— կրկնեցի ես, ձևացնելով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը:
—Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է,— ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով:
—Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան:
—Սինյոր...
—Չարժե, չարժե,— կրկնեցի ես վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:
—Լուիզան բարձր է... Լուիզան հրեշտակ է...
Այլևս նա չկարողացավ իրեն պահել. գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր—կտոր է լինում:
Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր:
—Նա տխո՞ւր էր,— հարցրի ես:
—Ոչ տխուր, ոչ ուրախ, այնպես էր, ինչպես միշտ:
Կիթառը տանն է, մանդոլինան` սենյակում.— պարզ է, նա ո՛չ պանդոկ է գնացել, ո՛չ շոգենավ: Ո՞ւր կարող է լինել: Ես փափագեցի տեսնել նրան անպատճառ, հենց նույն ժամին. ես սաստիկ անհանգիստ էի: Դուրս եկա, պտտեցի թատրոնների շուրջը, անցա երկու անգամ Դերիբասյան փողոցը, ուր երբեմն Լևոնը զբոսնում էր: Չկար: Օրը կիրակի էր: Մտածեցի գուցե Հայոց եկեղեցումն է. կիրակի օրերը երբեմն գնում էր պատարագ լսելու: Այնտեղ էլ չէր:
Ավելի քան երկու ժամ թափառելուց հետո վերադարձա տուն մտահոգ: Թվում էր ինձ, որ մի բան եմ կորցնում, մի շատ թանկագին բան:
Դարպասի առջև հանդիպեցի Չաուշենկոյին: Նա Լևոնի սենյակից էր գալիս: Նա էլ էր փնտրում ընկերոջը, չգիտեմ ինչ—որ “կարևոր” գործի համար: Եղել էր պանդոկներում, “Խերսոն” շոգենավի վրա, հարցրել էր, նավաստները այսօր նրան չէին տեսել:
Պատմեցի նրան պատահածը:
—Օ՜, ունայնություն,— գոչեց բանաստեղծը յուր սովորական ոգևորությամբ,— ես միշտ ասել եմ, որ սերը դեպի կինը հոգու հիվանդություն է: Լևոնը վաղուց է ինձ խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա: Օ՜հ, ինչքա՜ն էր խոսում նրա մասին, ինչպե՜ս հառաչում... Պետք է գտնել նրան, հենց իսկույն... Նա տաքարյուն է...
Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում: Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ: Անշուշտ Լևոնն այսօր եղել է նրա մոտ. չէ՞ որ ուզում էր շնորհավորել նրան:
Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային: Նա ուրախությունից երգում էր ու պարում Ռաիսայի մոտ, այն րոպեին, երբ մտա սեղանատուն: Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանա:
—Ա՜խ, սինյոր, այնպես ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել:
“Մի՛գուցե և ինձ”,— մտածեցի ես, գրեթե երկյուղով` նայելով նրա սյուների պես հաստ ու ուժեղ կռներին:
Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է իր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել:
—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ: Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն: Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը: Հեռագիրը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ—խեթ ապշած, որ կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես, առանց դեն ասած. “Սինյորա Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է”: Առհասարակ շատ օտարոտի էր...
Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի. նա կարող է գտնել Լևոնին:
Իցկոյին հանդիպեցի յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված: Պարզվեց, որ Լևոնի պատճառով էր: Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր. Իցկոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել:
Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն վեր ու վար թռչկոտելով գոչեց.
—Իհե՛, իհե՛, խեղճ Լևոն...
Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում էր Լուիզայի մասին և պատմեց մեզ մի քանի մանրամասներ: Ի միջի այլոց ասած, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր “Ալեքսանդրյան պուրակ” կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դնում ու մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավերին: Քանի՜—քանի անգամ Իցկոն հանդիպել էր նրան այս դրության մեջ և նա ասել է. “Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...”:
—Գնա՛նք Ալեքսանդրյան պուրակ, այնտեղ է երևի,— առաջարկեցի ես:
Տասը րոպեյում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկարությամբ և լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները, չկար ու չկար Լևոնը...
Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրենց կորցրած ընկերոջը:
Վատ նախազգացումն ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում է Լևոնի և միայն Լևոնի մասին: Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էի մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը: Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ: Հարբած, կեղտոտ վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված...
Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր: Անշուշտ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը: Ես վերցրի նրան սեղանի վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի: Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, որ Լևոնը առաջին անգամ նվագեց “Մադրիդի շրջմոլիկը”: Թշվա՜ռ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ...
Իսկ այնտեղ, հարևան սենյակում, ուտում—խմում, զվարճանում էին հրավիրվածները: Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն, ուրախ ծիծաղը, որ առատ—առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին. ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կես քուն և կես արթուն դրության մեջ լսեցի ինչ—որ դղրդոց. վեր թռա տեղիցս... Դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա: Նույն րոպեյին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ: Շտապեցի նախասենյակ և այնտեղ հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ: Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ:
—Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, — հարցնում էին միմյանց:
Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև գոռում էր, հրդեհում այրվողի պես: Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Նրանց ետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն:
Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ պարզ հասկացա: Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն:

Լևոնին հանել էին ջրից նավաստիները “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...

Комментариев нет:

Отправить комментарий