суббота, 31 октября 2015 г.

Թիթեռների մասին

Պոդալիրիուս 
       Հեբա և Հերա արջաթիթեռներ
Կարմիր ժապավենաթիթեռ
Անտառային երկրաչափ
Բիշոֆի թավշաթիթեռ
Գիշերային մեծ սիրամարգակն
Գանգաթիթեռ
Թիթեռները (թեփուկաթևավորներ) կազմում են միջատների դասի մի մեծ կարգ: Ամենահայտնի միջատներն են և ապրում են ամենուր:
Իրենց զարգացման ընթացքում նրանք լրիվ կերպարանափոխվում են՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ (հասուն ձևը՝ իմագո): Թրթուրը, որից զարգանում է թիթեռը, ամենևին նման չէ թիթեռի: Հավատալն անգամ դժվար է, որ նման մի որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է ծնվելու: Հարսնյակները հիմնականում փակ տիպի են, գտնվում են կոկոններում:
Թիթեռների հասուն ձևերին բնորոշ են լավ զարգացած 2 զույգ թևերը, որոնք ծածկված են հազարավոր մանր թեփուկներով (այստեղից էլ՝ նրանց մյուս անվանումը՝ թեփուկաթևավորներ): Թավշե այս թեփուկների վնասվելու դեպքում թիթեռը դատապարտված է մահվան: Թիթեռները լինում են ցերեկային (առագաստավորներ, ճերմակաթիթեռներ, նիմֆալիդներ, կապտաթիթեռներ և այլն) և գիշերային (արջաթիթեռներ, բվիկներ, երկրաչափներ, սիրամարգակներ և այլն):
Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով, գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: Օրինակ՝ թևերը տանիքաձև ծալած՝ ծառի կեղևին նստած բվիկ-ժապավենաթիթեռին ոչ ոք չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի: Իսկ անհամաչափ նախշերով գորշ թևերն ասես միաձուլվել են ծառի կեղևի մակերևույթին: Թիթեռների թևերի գունեղ, խայտաբղետ նախշերը հաճախ ծառայում են որպես նախազգուշացում՝ «Ինձ մի՜ կեր»: Եվ նման թիթեռներն իրոք էլ ուտելու համար պիտանի չեն: Սակայն պատահում է նաև, որ թռչունների համար պիտանի թիթեռը նույնպիսի «հանդերձներ» է կրում, ինչպես նրա «դառնահամ» ցեղակիցը, որի նախազգուշացնող ծանոթ նախշը նկատելով` թռչունները հեռանում են նրանից:
Թիթեռների գերակշռող մասի բերանային ապարատը ծծող է՝ ունի պարուրաձև ոլորված տեսք, որը հնարավորություն է տալիս սնվելու ծաղիկների նեկտարով կամ էլ մրգերի հյութով: Գլխի 2 կողմերում տեղավորված են բարդ՝ այսպես կոչված ֆասետային աչքերը, որոնց շնորհիվ լավ են տեսնում շարժվող օբյեկտները, և ապահովվում է լայն տեսադաշտ: Հաճախ ունենում են նաև պարզ աչքեր: Թիթեռների (հատկապես գիշերային տեսակների) համար կարևոր են բեղիկների վրա գտնվող հոտառության օրգանները: Լսողության ապարատը տեղավորված է հետնակրծքի շրջանում կամ փորիկի հիմքում: Թիթեռներն ընդունակ են ընկալելու չղջիկների անդրաձայնային ազդանշանները և թաքնվելու նրանցից: Բազմասեռ են, բազմանում են հիմնականում ձվերով: Սիրահետման ծեսի ժամանակ թիթեռները միմյանց ցուցադրում են իրենց «հանդերձի» գեղեցկությունը: Գիշերային թիթեռներն իրար գտնում են հոտառությամբ: էգը դնում է մի քանի հարյուրից մինչև 2–3 հզ. ձու այնպիսի բույսերի վրա, որոնցով հետագայում սնվում է թրթուրը: Այս ձվերից զարգանում են տարբեր ձևերի ու մեծության թրթուրներ, որոնք այնուհետև մաշկափոխվում են մի քանի անգամ և վերածվում հարսնյակների: Անցնելով լրիվ կերպարանափոխություն՝ մաշկը պատռվում է, և դուրս է գալիս հասուն թիթեռը: Հասուն թիթեռների կյանքի տևողությունը մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ է, ձմեռող տեսակներինը՝ մի քանի ամիս:
Հայտնի է թիթեռների շուրջ 140 հզ. տեսակ, որոնց մեծ մասը բնակվում է արևադարձային շրջաններում: Այստեղ թիթեռները լինում են խոշոր չափերի. թևերի բացվածքը հասնում է 30 սմ-ի (հայտնի թիթեռների թևերի նվազագույն բացվածքը 3 մմ է) և շատ վառ են գունավորված: Արևադարձային ամենախոշոր տեսակների ներկայացուցիչ բրազիլական մորֆոն օգտագործել են որպես ոսկերչական զարդ: Այդ և չափերով ոչ մեծ եվրոպական թիթեռները ներկայումս գտնվում են անհետացման վտանգի տակ:
ՀՀ-ում, գլխավորապես Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի անտառներում, հանդիպում են 3 հզ. տեսակի թիթեռներ:
Թիթեռները լինում են օգտակար և վնասատու: Օգտակար թիթեռներից դեռևս հին ժամանակներից հայտնի է թթենու մետաքսագործը (շերամը), որի թելից գործում են մետաքս: Թիթեռները մեծ նշանակություն ունեն նաև բույսերի փոշոտման համար: Թիթեռների վնասակար տեսակների թրթուրները գյուղատնտեսական մշակաբույսերի, գեղազարդիչ և պտղատու ծառերի վնասատուներ են:
Թիթեռները շատ գեղեցիկ միջատներ են, և հավաքորդները անխնա բռնում են նրանց: Եթե դուք ուզենաք թիթեռ բռնել, աշխատեք այնպես անել, որ բնության այդ հրաշալի, նրբագույն էակները ձեր ձեռքերի մեջ չսատկեն:

Комментариев нет:

Отправить комментарий