вторник, 1 декабря 2015 г.

Կրիաներ

Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է 307 տեսակ, որոնցից 3-ը՝ միջերկրածովյանը, կասպիականը և ճահճայինը, հանդիպում են նաև Հայաստանում:
Կրիաների մարմինն ամփոփված է ոսկրային զրահում, որը կազմված է մեջքային (կարապաքս) և փորային (պլաստրոն) վահանիկներից, որոնք ձևավորվում են կրծքավանդակի, որովայնի ու կոնքի ողերի միաձուլումից: Զրահն արտաքինից պատված է եղջերային վահանիկներով և առջևից ու հետևից ունի անցքեր, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչը և վերջույթները: Վերջիններիս շարժումներն ապահովում են կրիայի շնչառությունը: Ցամաքային տեսակների զրահը բարձր է, ուռուցիկ, ծովայիններինը՝ շրջահոսուն: Կրիաներն ատամներ չունեն, նրանք սնունդը պատառոտում և կտրում են ծնոտի եղջրային շապիկով՝ թիթեղիկներով: Պարանոցը մկանուտ է, երկար, գլուխը՝ շարժուն: Իրանային մկանները թույլ են զարգացած, իսկ պարանոցի, վերջույթների և պոչի մկանները հզոր են: Լավ է զարգացած տեսողությունը, իսկ լսողությունը թույլ է:
Կրիաները հիմնականում բուսակեր են. ծովային տեսակները սնվում են ջրիմուռներով և մանր կենդանիներով: Քաղցրահամ ջրերում ապրողները գիշատիչ են. սնվում են մանր փափկամարմիններով, ձկներով, երկկենցաղներով, երբեմն՝ բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել:
Կրիաները ջերմասեր են: Ցուրտ եղանակներին նրանք ընկնում են թմրության մեջ և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել:
Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում. դնում են 2–400 ձու: Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել: Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է: Ապրում են մինչև 300 տարի: Կրիաներն իրենց զրահը չեն փոխում: Նրանցից շատերը ոչնչանում են վաղ շրջանում, երբ ոսկրային զրահը դեռ կարծրացած չի լինում: Պատահում է նաև, որ զրահը չի փրկում նույնիսկ հասուն կրիային. գիշատիչ թռչուններն ու գազանները կարողանում են նրան պոկել-հանել զրահի միջից: Իսկ մարդիկ կրիայի զրահից պատրաստում են զանազան իրեր, շատ երկրներում էլ նրա ձուն և միսը համարվում են նրբախորտիկ:
Կրիաներին հաճախ պահում են տեռարիումներում: Նրանց խնամելը դժվար չէ, սակայն հարկավոր է որոշակի ջերմաստիճան և համապատասխան սնունդ:
Որոշ տեսակներ արդյունագործական նշանակություն ունեն, որոշները վնաս են հասցնում ձկնաբուծությանը: 

Комментариев нет:

Отправить комментарий