воскресенье, 13 декабря 2015 г.

Արդարություն

- Արդարություն չկա աշխարհում, - աղիողորմ ծվծվաց աքիսի ճանկերից հրաշքով դուրս պրծած մուկը:
- Մինչև ե՞րբ հանդուրժենք սուտը,- վրդովված բացականչեց աքիսը` մի կերպ հասցնելով կատվից թաքնվել նեղ փչակի մեջ:
- Կամայականությունից արդեն օր ու արև չունենք, - մլավեց կատուն` բարձր ցանկապատին ցատկելով ու վախով նայելով ներքևում հաչող բակային շանը:
- Հանդարտվե՛ք, բարեկամնե՛ր, - ասաց գյուղացու բակի վանդակում նստած իմաստուն բուն:- Կյանքից ունեցած ձեր տրտունջներում ճշմարտության մաս կա: Բայց մի՞թե ճշմարտությունն իրավամբ ձեզանից միայն մեկին է պատկանում: Այդ խոսքերն ասելու ընթացքում մուկը դուրս նայեց բնից, աքիսը քիթը հանեց փչակից, կատուն ավելի հարմար տեղավորվեց ցանկապատի վրա, իսկ շունը նստեց հետևի թաթերին:
- Արդարությունը, - շարունակեց բուն, - բնության բարձրագույն օրենքն է, ըստ որի էլ խելամիտ համաձայնություն է հաստատվում բոլոր նրանց միջև, ովքեր ապրում են աշխարհիս երեսին: Այդ իմաստուն օրենքի համաձայն են ապրում բոլոր գազանները, թռչունները, ձկները և նույնիսկ միջատները: Նայե՛ք, թե որքան համերշխ է ապրում և աշխատում մեղուների պարսը: Բուն իսկապես իրավացի էր: Ով գոնե մեկ անգամ մեղվափեթակ է տեսել, գիտի, որ այնտեղ անվերապահորեն իշխում է մայր մեղուն` մեծագույն խելամտությամբ տնօրինելով ամեն ինչ ու ամենքին և բազմանդամ մեղվաընտանիքի անդամների միջև պարտականություններն արդարորեն բաշխելով: Մեղուների մի մասի հիմնական գործը ծաղիկներից նեկտար հավաքելն է, մյուսներինը` մեղվաբջիջներում աշխատելը, ոմանք հսկում են փեթակը` հեռո քշելով աներես բոռերին ու իշամեղուներին, մյուսներն էլ մաքրություն պահպանելով են զբաղված: Կան մեղուներ, որոնք պարտավոր են հոգ տանել մայր մեղվի մասին` ոչ մի քայլ չհեռանալով նրանից: Երբ տիրակալուհին ծերանում է, ամենաուժեղ մեղուները խնամքով նրան կրում են իրենց վրա, իսկ առավել փորձառուներն ու գիտակները բուժում են նրան ամեն տեսակ դեղերով: Ու եթե թեկուզ մեկ մեղու խախտի իր պարտականությունը, նրան անխուսափելի պատիժ է սպասվում: Բնության մեջ ամեն ինչ իմաստուն է և մտածված, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և կյանքի բարձրագույն արդարությունն այդ իմաստության մեջ է:

Комментариев нет:

Отправить комментарий