
բանաստեղծությունների համար։ Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը
կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի.
Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց,
Ախ, իմ կյանքս, անուշ կյանքս
Կտոր, կտոր փշրվեց...
Իսահակյանի պոեզիան իր քնարական ներշնչմամբ, բացառիկ մեղեդայնությամբ և զգացմունքների մաքրությամբ նոր բարձունքի է հասցրել հայ քնարերգությունը: Նրա շնորհիվ հայ մարդու վիշտն ու թախիծը, բերկրանքն ու կարոտը հասկանալի դարձան աշխարհի ժողովուրդներին։ Նա դարձավ իր ժողովրդի ազատաբաղձ հոգու և արդարության դարավոր կարոտի թարգմանը: Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Իսահակյանի պոեմներից յուրաքանչյուրը խոհափիլիսոփայական մի աշխարհ է՝ կերտված բանաստեղծական հանճարի բացառիկ ուժով։ «Ալագյազի մանիները» (1895–1917 թթ.) պոեմը հայրենի բնաշխարհի հավերժության արտացոլումն է, երիտասարդ Ավետիքի և Զարոյի զուլալ սիրո պատմությունը: «Իմ կարավանը» (1906 թ.) պոեմ է հայոց անցյալի փառքի մայրաքաղաք Անիի մասին։ Բանաստեղծը հիանում է մեր հերոսական պատմությամբ և ոգեկոչում պայքարի նոր գաղափարներ։ Իսահակյանը պանդխտության և մայրական սիրո թեմային անդրադարձել է բազմաթիվ բանաստեղծություններում: Հաճախ պանդխտության երգը միաձուլվել է մոր կերպարին: «Մայրիկիս» բանաստեղծության մեջ հայրենիքից հեռացած, մորից բաժանված պանդուխտը խոսում է իր անհուն կարոտի մասին.
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՜մ ու խնդա՜մ, մայրի՜կ ջան...
Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենասիրական թեման միշտ առկա է նրա ստեղծագործություններում: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926 թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: Իսահակյանի «Մասըսա Մանուկը» (1895–1905 թթ.) վիպասքը, որտեղ պատկերված են XIX դարի վերջի հայ իրականությունը, ժողովրդի ազատասիրական ուժերի պայքարն օսմանյան բռնակալության դեմ` հայդուկների գլխավորությամբ, հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Մասըսա Մանուկը մեր օրերի Սասունցի Դավիթն է՝ հայ ժողովրդի ապստամբ ոգու հավաքական կերպարը: Սա դասական էպոսի ավանդույթներով ստեղծված, սակայն նոր բովանդակությամբ հերոսական ասք է: Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910 թ.)։ Հանձին X դարի արաբ բանաստեղծի կերպարի` Իսահակյանը վերհանել է ու պարզել ոչ այնքան միջնադարի արաբ հեղինակի
կյանքի պատմությունը, որքան իր անձնական խոհերն ու տագնապները, մտորումներն ու ապրումները հարազատ ժողովրդի ողբերգական ճակատագրի վերաբերյալ։ «Աբու-Լալա Մահարին» Իսահակյանի արձագանքն է ժամանակի դաժան ու տմարդի իրականությանը։ Պոեմի հերոսի ճախրանքը դեպի արևը հնի մերժումն է ու դատափետումը, նոր կյանքի, նոր գաղափարների հաստատումը: Վերջին՝ «Սասմա Մհերը» (1922 թ.) պոեմում բանաստեղծը յուրովի է ներկայացնում Փոքր Մհերին. Իսահակյանի մեկնաբանությամբ՝ հենց նա պետք է
հագեցներ հայ ժողովրդի հոգում կուտակված արդարության և հավասարության դարավոր ծարավը։ Մհերը փորձում է իր օրինակով ոգևորել ընչազուրկին և ռամիկին, պայքարել տերերի ու իշխանների դեմ, սակայն մենակ է մնում իր պայքարում և, զայրացած այս ամենից, կամավոր փակվում է Ագռավաքարում։ 19 տարի անց Իսահակյանն «ազատագրում» է իր հերոսին կապանքներից և տեր հռչակում իր հացին ու վաստակին։ Հայ արձակի լավագույն գործերից է Իսահակյանի «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ-ին). այն օսմանյան լծից Հայաստանի ազատագրմանը ձոնված երկ է, որտեղ հեղինակը ներկայացրել է հայ մարդու հոգեբանության և բնավորության ճշմարիտ ու ամբողջական պատկերը։ Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Իսահակյանը գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում («Հիշատակարան», հրատարակվել է 1977 թ-ին), մանրապատումներ և այլն, ունի օրագրային գրառումներ։ 2001 թ-ին լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը: Իսահակյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կատարելությամբ, փիլիսոփայական հնչողությամբ համամարդկային են։ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը:
Комментариев нет:
Отправить комментарий