Մուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրո», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետ» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։ Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։ Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։ Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։ Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։ Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։
Комментариев нет:
Отправить комментарий