воскресенье, 13 декабря 2015 г.

Արվեստ

Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստի իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված (միաժամանակ և՛ լսողությամբ, և՛ տեսողությամբ)։ Դրան համապատասխան արվեստը բաժանվում է՝
  • Նկարչություն
  • Երաժշտություն
  • կինո
և այլ ձևեր։ Սակայն արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են, նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև արվեստում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։ Արվեստի ծագման և էության մասին առաջացել են զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ արվեստի առաջացման աղբյուրը աշխատանքն է, որ արվեստը սոցիալական է և՝ իր ծագմամբ, և՝ իր էությամբ։
Արվեստը ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան արվեստը անմիջականորեն միահյուսվել է նյութական արտադրության, մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ (չմասնատված)՝ միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել արվեստի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում, պատմական առաջադիմության և մշակույթի զարգացման հետ միասին, արվեստի և արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են արվեստի տարբեր տեսակներ։ Սակայն արվեստը իր էությամբ միշտ մնում է հասարակական, արտացոլում հասարակական հարաբերությունները։ Այս պատճառով դասակարգային հասարակության մեջ արվեստը դասակարգային է, կուսակցական։ Նա իր վրա է կրում ստեղծագործողի շահագրգռվածության կնիքը իր դասակարգի պատմական ճակատագրի նկատմամբ։ Այդ հանգամանքը արվեստը մոտեցնում է հասարակական գիտություններին։ Բայց, ի տարբերություն վերջինների, արվեստի միտումնավորությունը և կուսակցականությունը, որպես կանոն, հանդես չի գալիս բացահայտորեն, անմիջականորեն չի մատնանշվում հեղինակի կողմից, այլ բխում է նրա աշխարհայացքից և արտահայտվում է որոշակի երևույթների, արարքների, բնավորությունների, գործողության մեջ։ Արվեստի յուրահատկությունը գեղարվեստական կերպարների, տիպերի և բնավորությունների ստեղծումն է՝ կյանքի որոշակի երևույթների ընդհանրացման հիման վրա։ Սակայն ընդհանրացնելով այդ երևույթները, արվեստը վերարտադրում է դրանք կոնկրետ, եզակի ձևով, իրենց սեփական ճակատագրով, կենսական մանրամասնություններով։ Պատմությունը վկայում է, որ արվեստի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղաքական, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։
Արվեստի ծաղկումը Վերածննդի դարաշրջանում պայմանավորված էր ֆեոդալիզմի և միջնադարյան աստվածաբանական աշխարհայացքի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարով, թեև դարաշրջանի բանաստեղծներն ու նկարիչները օբյեկտիվ պատճառներով չէին կարող ազատվել այդ աշխարհայացքի կապանքներից։ Վերածննղի (և ոչ միայն Վերածննդի) ներկայացուցիչների համար գեղեցիկը և ընդհանրապես գեղագիտականը անխզելիորեն կապված էր ժամանակի բարոյական և քաղաքացիական խնդիրների հետ։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները ցույց են տվել, որ արվեստը վերնաշենքային երևույթ է, պաշտպանում և ամրապնդում է իր բազիսը, սերտ փոխգործողության մեջ է այդ բազիսի և վերնաշենքի այլ ձևերի (բարոյականություն, քաղաքականություն, կրոն և այլն) հետ։ Արվեստի այդ առանձնահատկությունը համոզիչ կերպով ցույց են տվել մարքսիստական գեղագիտական մտքի ականավոր ներկայացուցիչներ Գ․ Պլեխանովը, Ա․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Լունաչարսկին, Ֆ․ Մերինգը, Պ․ Լաֆարգը։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները հատուկ նշանակություն էին տալիս ռեալիստական արվեստին, որը հնարավորություն է ընձեռում ավելի լավ, խոր, համակողմանի և պատմականորեն ճշմարտացի արտահայտել հասարակական հարաբերությունները, մարդկանց վերաբերմունքը միմյանց և բնության նկատմամբ։ Ռեալիզմը, ասում է Ֆ․ էնգելսը, պահանջում է տիպիկ բնավորությունները պատկերել տիպիկ պարագաներում։ Ռեալիզմի բարձրագույն ձևը սոցիալիստական ռեալիզմն է։ Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների արվեստի գործիչները իրենց գեղարվեստական ստեղծագործություններում արտահայտում են մեր դարաշրջանի էությունը, առաջավոր մարդկության կյանքն ու պայքարը։

Կրոն

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:
Կրոնը կարելի է սահմանել նաև որպես
Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի).:
Կազմակերված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին:
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ:
Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։
Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։
Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։
Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը։ Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։ էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):
Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ): Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»: Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախ տություն): Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»: Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում։
Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։
Դասակարգային հասարակություններում կրոնի սոցիալական պայմանավորվածությունը արտահայտվում է դասակարգային ճնշման ու շահագործման ձևով։ «Աշխատավոր մասսաների սոցիալական ճնշվածությունը, գրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, նրանց առերևույթ կատարյալ անօգնականու թյունը կապիտալիզմի կույր ուժերի հանդեպ, որն ամեն օր և ամեն ժամ հազարապատիկ ավելի ամենասոսկալի տառապանքներ, ամենավայրագ տանջանքներ է պատճառում շարքային բանվոր մարդկանց, քան ամեն տեսակ արտակարգ պատահարները... ահա թե որտեղ է կրոնի արդի ամենախոր արմատը»: Կրոնի հասարակական հետադիմական դեր է կատարում և ծառայում է իրեն սնող հասարակական հարաբերությունների պահպանմանը։ Այս պատճառով, «Կրոնական թշվառությունը միաժամանակ իրական թշվառության արտահայտությունն է և այդ իրական թշվառության դեմ ուղղված բողոքը։ Կրոնը ճնշված արարածի հառաչանքն է, անգութ աշխարհի սիրտն է, ճիշտ այնպես, ինչպես վայրագ կարգերի ոգին է այն։ Կրոնը ժողովրդի հաշիշն է»: Կրոնը արգելակել է հասարակության առաջադիմությունը, դանդաղեցրել տնտեսության, մշակույթի, գիտության, արվեստի զարգացումը։ Հասարակական կյանքի վերաբերյալ կրոնական գաղափարախոսությունը եղել և մնում է նախախնամական և ճակատագրապաշտական։ Այն թերագնահատում է մարդու տեղն ու դերը պատմության մեջ, խոչընդոտում իրականության գիտական իմաստավորումը, հասարակության առաջընթացը, ձևակերպում կեղծ պատկերացումներ տիեզերքի կառուցվածքի մասին, մշակում մտածողության և վարքագծի որոշակի ստերիոտիպեր, հավատացյալներին ներարկում սեփական անձի թշվառության, մեղավորության զգացումներ, աստծուն վերագրում ուժի, արդարության, բարության հատկանիշներ, բացասական վերաբերմունք դաստիարակում իրական աշխարհի նկատմամբ, մարդկանց ապագան կապում հանդերձյալ աշխարհի» գոյության հետ։ Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ, անհամատեղելի դառնում գիտական մտածողության հետ։ ՍՍՀՄ-ում հակամարտ դասակարգերի վերացումով վերացան կրոն ծնող սոցիալական արմատները։ Եկեղեցին բաժանված է պետությունից, և կրոնի նկատմամբ մարդ կանց վերաբերմունքը իրականանում է առանց հարկադրանքի՝ խղճի ազատության սկզբունքով։ Միևնույն ժամանակ սոցիալիստական հասարակարգում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար։ Այս գործում խոշոր դեր ունի նաև աթեիստական դաստիարա կությունը (տես Աթեիզմ): Իսկ «Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կարող է ընդհանրապես չքանալ միայն այն ժամանակ, երբ մարդկանց առօրյա գործնական կյանքի հարաբերությունները արտահայտվեն մարդկանց՝ միմյանց և բնության նկատմամբ ունեցած հստակ ու բանական հարաբերությունների մեջ»: Սոցիալիզմի հաղթանակը ՍՍՀՍ-ում ու սոցիալիզմի համաշխարհա յին համակարգի ստեղծումը, գիտության, մշակույթի զարգացումն ու արդի գիտատեխնիկական առաջադիմությունը խոր ճգնաժամի մեջ են գցել կրոնական գիտակցությունը։ Սեկընդմիշտ բացահայտվել է իրականության հետ կրոնի ունեցած հակասությունը, բնական և հասարակական երևույթների քննարկման ու օբյեկտիվ գնահատման նրա անզորությունը։

Ակսել Բակունց «Մթնաձոր»

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։ Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։ Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։ Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը... Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։ Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։ Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված։ Նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։
* * *
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։ Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։ Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։ Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։ Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։ Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը վարն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։ Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։ Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։ Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։ Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։ Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տանը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։ Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։ Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն Էր։ Ավին մինչև վերջ էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց։ Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյանի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում Էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։ Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։ Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։ Ավին հիմա էլ ողջ է։ Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։ Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։ Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղած ծիրանի պես։ Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել՝ ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։ Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։ Ու չգիտես՝ զայրանում է, թե ժպտում հին որսորդը...

Комментариев нет:

Отправить комментарий