понедельник, 23 ноября 2015 г.

Սովորեցրեք ձեր սեփականը

Ինչպե՞ս պետք է իմ երեխային դաս տամ օրական 6 ժամ:
Ո՞վ է նրան 6 ժամ դաս տալիս հիմա:
Իբրև երեխա, ես հաճախել եմ «լավագույն» դպրոցներ, երբեմն հանրակրթական, բայց մեծ մասամբ, մասնավոր: Ես լավ երեխա եմ եղել, այնպիսին, որի հետ ուսուցիչները սիրում են խոսել: Եվ իհարկե, իմ դպրոցական տարիներին հազվադեպ են եղել այնպիսի օրեր, երբ ինձ ուսուցանել են գոնե 15 րոպե, այսինքն` որևիցե բանի մասին վարել են մեծահասակների շահագրգիռ ու խոհուն զրույց, որ հետաքրքիր, գայթակղիչ, կարևոր եմ համարել: Իմ դպրոցական ուսումնառության ողջ ընթացքում ուսուցումը տևում էր շաբաթական միջինում մոտավորապես 15 րոպե: Շատ դպրոցների շատ երեխաների համար այս ցուցանիշն շատ ավելի ցածր է: Շատ աղքատ, սևամորթ կամ ոչ սովորական երեխաների իրենց դպրոցական ուսմնառության ողջ  ընթացքում ոչ մի բան չեն սովորեցնում: Ուսուցիչները նրանց հետ խոսում են միայն հրամայելու, ուղղելու, զգուշացնելու, սպառնալու կամ մեղադրելու համար:
Եթե ծնողը ցանկանա էլ, միևնույն է, երեխաները կարիք չունեն, չեն ցանկանում և չեն կարող օրական վեցժամանոց դասընթացի դիմանալ: Աշխարհը ճանաչելու համար հարկավոր չէ մեծահասակների նմանօրինակ միջամտություն: Պետք եղածի մեծ մասը ծնողները տվել են ծնելիս: Ինչպես արդեն ասել եմ, երեխաներին պարզապես վերաբերմունք է հարկավոր: Ժամանակ առ ժամանակ ազնիվ, լուրջ, անշտապ զրույցի, երբեմն՝ կատակի, խաղի ու հիմարություններ անելու, երբեմն էլ՝ քնքշանքի, փոխըմբռնման ու սփոփանքի հնարավորություն է պետք նրանց: Մեծ մասամբ նրանք կարիք ունեն ձեր կյանքին հաղորդակցվելու կամ գեթ իրենց դրանից դուրս չզգալու, կարճ ասած, գնալու որոշ տեղեր, ուր դուք եք այցելում, տեսնելու և անելու որոշ բաներ, որ ձեզ հետաքրքիր են, ճանաչելու ձեր ընկերներից մի քանիսին, իմանալու, թե ինչ եք արել, երբ տակավին փոքր էիք, և իրենք դեռ ծնված չէին: Հարկավոր է, որ պատասխանեք նրանց հարցերին կամ գոնե լսեք և ուշադրություն դարձնեք (եթե չգիտեք, կարող եք ասել՝ չգիտեմ): Նրանք պետք է ավելի ու ավելի շատ այնպիսի մարդկանց հադիպեն, որոնց հիմնական գործը կյանքում բնավ էլ երեխաների խնամքը չէ: Նրանք կարիք ունեն իրենց տարիքի որոշ ընկերների, բայց ոչ տասնյակների. երկուսը կամ երեքը, կամ ամենաշատը վեցն է այն թիվը, որ յուրաքանչյուր երեխա կարող է միաժամանակ, իբրև իսկական ընկեր ունենալ: Ամեն ինչից բացի, ազատ ժամանակ, կարծում եմ, նրանք կարիք ունեն առանձնանալու, միայնության ու խաղաղության: Դպրոցները հազվադեպ են ապահովում վերոհիշյալը, և նույնիսկ շեշտակի փոփոխության դեպքում չեն կարողանա ապահովել սրանց մեծ մասը: Բայց միջին ծնողը, ընտանիքը, ընկերական շրջապատը, միջավայրն ու համայնքը կարող են և ապահովում են բոլոր այս բաները. գուցե ոչ այնքան լավ, որքան ինչ-որ ժամանակ կամ որքան որ կարող էին, բայց բավական լավ: Օգնելու համար, որպեսզի երեխան գտնի իր տեղն աշխարհում, պետք չէ, որ մարդիկ փիլիսոփայության դոկտորի աստիճան ունենան, կամ որևիցե կարգի վկայագիր:
Ինչպե՞ս պիտի երեխաները սովորեն այն, ինչ պետք է:
Այս մասին մի ծնող գրում էր.
Երբ նա փոքր էր, կինս ու մեր մի քանի ընկեր սովորեցրին նրան այն ամենը, ինչ ուզում էր իմանալ, և շատ ավելի լավ էր, երբ մենք չէինք իմանում այդ, ինչը սովորաբար հենց այդպես էլ լինում էր, որովհետև բոլորս միասին էինք սովորում: Օրինակ, 7 տարեկանում նա տեսավ Մենդելեևի պարբերական աղյուսակը, ուզեց սովորել ատոմների մասին, քիմիա և ֆիզիկա: Ես մոռացել էի, թե ինչպես են հավասարում լուծում, սակայն դուրս եկա և գնեցի այդ թեմայի, ինչպես նաև տարրերի հայտնագործման պատմության և ատոմների որոշ մոդելների քոլեջի դասագիրք, ու մյուս ամիս մենք ընկղմվեցինք ուսուցման գիրկը, որում երկուսս էլ քոլեջի մակարդակի գիտելիք ստացանք: Նա այլևս երբեք չանդրադարձավ այս թեմային, սակայն այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր մասնիկ պահպանել է ցայսօր, քանզի այն զարգացման ու երևակայության այնպիսի մի պահ էր, որ շատ մեծ իմաստ ուներ նրա համար:
Իհարկե, երեխան չի կարող իմանալ, թե ինքն ինչ պիտի իմանա 10 տարեկանում (ո՞վ գիտե), սակայն երեխան գիտե, և շատ ավելի լավ, քան ցանկացած այլ մարդ, թե ինքն ինչ է ուզում և ինչ պիտի գիտենա հենց այս պահին, ինչի է իր ուղեղը պատրաստ ու ծարավ: Եթե մենք օգնենք նրան, կամ գոնե պարզապես թույլ տանք սովորել, նա կհիշի դա, կկիրառի և կկառուցի դրա հիմքի վրա: Եթե փորձենք մեկ այլ բան սովորեցնել նրան, բան, որ մեր կարծիքով, առավել կարևոր է, շատ հավանական է, որ նա չսովորի կամ շատ քիչ սովորի, այնքան, որ շուտով մոռանա սովորածի մեծ մասը, և որ ամենացավալին է, կորցնի որևէ բան սովորելու ախորժակը:
Այլ ծնողներ նմանատիպ հարցադրումներ են ուղղել ինձ, և նրանցից մեկին ես գրել եմ՝ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես պիտի ծնողը սովորեցնի այնպիսի մի առարկա, ինչպիսին քիմիան է, մի շարք հնարավորություններ կան, որոնք բոլորն էլ այստեղ կամ այնտեղ արդեն կիրառվել են. 
  1. Ծնողը ձեռք է բերում դասագիրք (դասագրքեր), նյութեր և այլն, և ծնողն ու երեխան միասին են սովորում նյութը:
  2. Ծնողը ձեռք է բերում վերոհիշյալը, և երեխան միայնակ է սովորում դա:
  3. Կա՛մ ծնողը, կա՛մ երեխան գտնում են որևիցե մեկին, որը տիրապետում է նյութին, հավանաբար ընկերոջ կամ հարևանի, որոնք միգուցե որևէ դպրոցի կամ քոլեջի ուսուցիչներ են, և սովորում է նրանցից:
Ինչ վերաբերում է սարքավորումներին, դուք ասում եք, որ ձեր ավագ դպրոցն ունի շատ հագեցած քիմիայի լաբորատորիա, սակայն գրազ կգամ, որ աշակերտներից շատ քչերն են երբևէ գործածել լաբորատորիայի սարքավորումների գեթ մի փոքր մասը: Ես ճանաչել եմ երեխաների, որ հետաքրքրված են եղել քիմիայով և սեփական նկուղներում են զբաղվել դրանով, երեխաներ, որ կարողանում էին հսկա գործ անել այսօրվա գներով 200$-ից պակաս գումարով կամ գուցե սարքավորումների ողջ արժեքից ավելի էժան: «Edmund Scientific Corporation»-ի (և շատ այլ ընկերությունների) կատալոգները լի են նման սարքավորումներով: Նույնը կարող ենք ասել ֆիզիկայի կապակցությամբ: Ինչ վերաբերում է կենսաբանությանը, բացի քաղաքի կենտրոնից, մյուս բոլոր վայրերում դժվար չէ դիտարկման ու դասակարգման համար բույսեր ու կենդանիներ գտնել, եթե դա հենց այն է, ինչ երեխան ուզում է անել:
Չէի ասի, թե սրանք հիմնախնդիրներ չեն, սակայն ցանկության դեպքում մարդիկ կարող են լուծել դրանք:
Դուք հարցնում եք. «Ծնողը պե՞տք է գնի փորձանոթներ, քիմիական նյութեր, գործիքներ և այլն, որոնք օգտագործվելու են ընդամենը 1 կամ 2 տարի, զուտ, որպեսզի երեխան դառնա նկարիչ կամ երաժիշտ»: Լավ, իսկ ինչո՞ւ ոչ: մարդիկ գնում են հեծանիվներ, սպորտային սարքավորումներ, երաժշտական գործիքներ՝ առանց իմանալու՝ իրենց երեխաները երբևէ կդառնա՞ն արհեստավարժ մարմնամարզիկներ, երաժիշտներ և այլն, թե՞ ոչ: Այս սարք-սարքավորումներից և ոչ մեկը չի կորցնում իր արժեքը, եթե իհարկե, չի ջարդվում. ավելի ուշ այն կարող է վաճառվել իր արժեքի առնվազն մի զգալի մասի գնով։ Եվ, երեխաներին տանը կրթող ծնողների աճի հետ մեկտեղ ավելի հեշտ է դառնում այս նյութերը ձեռք բերելն այն ծնողներից, ովքեր օգտագործել են դրանք, կամ փոխանակումներ կազմակերպել, և այլն:
Ես «ինստիտուցիոնալ» ուսուցում կազմակերպելու ոչ մի իրական անհրաժեշտություն չեմ տեսնում որևիցե տարիքում: Միչիգանում Օվշինսկի անունով մի մարդ կա, որը գլխիվայր շրջեց ողջ պինդ մարմնի ֆիզիկան՝ գրելով մի տեսություն, համաձայն որի ոչ բյուրեղային նյութերը կարող են օգտագործվել այնտեղ, որտեղ, ըստ ընդունված տեսության, կարող են գործածվել միայն բյուրեղային նյութերը: Երկար տարիներ հայտնի ֆիզիկոսները չէին ընդունում Օվշինսկու գաղափարները: Սակայն նա լաբորատոր փորձերով կարողացավ այնքան պարզորոշ ցույց տալ այդ ամենը, որ նրանք, ի վերջո, ստիպված եղան ընդունել նրա իրավացիությունը: Օվշինսկին ավագ դպրոց չէր ավարտել: Պետք է, որ սրա նման շատ ավելի շատ դեպքեր լինեն, քան մենք կարող ենք ենթադրել: Փակ շղթայի պես մի բան է՝ նախ ասել, որ բոլոր երեխաները հատկացված ժամանակը պիտի դպրոցում անցկացնեն, և հետո՝ որ ամեն ինչ կարելի է միայն դպրոցում սովորել: Որտեղի՞ց իմացանք: Որտե՞ղ մարդկանց հնարավորություն տրվեց այդ ամենն այլուր սովորելու:
Այսպես կոչված բարձրագույն կրթության հաստատությունների մի շատ կարևոր գործառույթ է ոչ այնքան մարդկանց սովորեցնելը, որքան սահմանափակելը նրանց մուտքը դեպի ուսուցման ու աշխատանքի որոշակի ոլորտներ: Իրավունքի դպրոցների գործառնությունն ավելի շատ իրավաբանների մատակարարումը նվազեցնելն է, քան պատրաստելը: Փաստորեն այն ամենը, ինչ հիմա անում են գիտական աստիճան ունեցող մարդիկ, ոչ շատ տարիներ առաջ անում էին գիտական աստիճան չունեցող կամ նույնիսկ դիպլոմ չունեցող մարդիկ:
Հուսով եմ, վստահ եք, որ կկարողանաք օգնել ձեր երեխաներին սովորելու այն, ինչ կցանկանան, կամ որ նրանք ունակ են սովորել շատ բաներ՝ առանց ձեր օգնության:
Մի մայր ինձ բավականին հետաքրքրական հարց էր ուղղել. «Իմ մեծագույն մտահոգությունն այն է, որ երեխաս կյանքին չնայի «մոր ակնոցով»», որին ես այսպես պատասխանեցի. «Եթե նկատի ունեք ձեր բալիկի աշխարհայացքը ձևավորելը, ապա եթե շատ ցանկանայիք էլ, չէիք կարող ձևավորել այն: Դուք անկասկած ազդեցություն ունեք ձեր երեխաների վրա, և շատ կարևոր մի ազդեցություն, սակայն դա ոչ մի պարագայում չի կարող միակ ազդեցությունը կամ միակ կարևորը լինել: Ինչպես նրանք հետագայում կտեսնեն, աշխարհը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, և ամեն ինչ չէ, որ ձեզ դուր է գալիս, և դրանց մեծ մասը ձեզնից չի կախված: Մյուս կողմից, նույնիսկ եթե ցանկանաք էլ, անհնար կլինի չազդել սեփական երեխաների աշխարհայացքի վրա»:
«Նաև համոզված չեմ՝ արդյոք կկարողանա՞մ բավականաչափ համապարփակ, ավարտուն վերաբերմունք ցուցաբերել, համբերատար լինել այն շարունակվող ոգևորության ու հակասական հետաքրքրությունների հանդեպ, որ անշուշտ նրանք կունենան»:
«Իսկ ո՞վ որևէ դպրոցում կունենա ավելին, կամ նույնքան: Ես «լավագույն» դպրոցի լավ աշակերտ եմ եղել, սակայն իմ հետաքրքրությունները շատ քիչ մեծահասակների էին գեթ փոքր-ինչ հուզում: Բացի այդ, դու պետք է ինքդ քեզնից առավելագույն ակնկալիքն ունենաս: Թե ինչ կսովորեն ձեր երեխաները, կախված է ոչ միայն ձեզնից, այլև իրենցից ու շրջապատող աշխարհի հետ իրենց փոխազդեցությունից: Կարիք չկա, որ դուք իմանաք այն ամենը, ինչ իրենք ուզում են իմանալ, կամ որ ձեզ հետաքրքրի այն ամենը, ինչ հետաքրքրում է իրենց: Ինչ վերաբերում է համբերությանը, հնարավոր է, որ սկզբից այն չբավարարի. երեխաներին տանը կրթող շատ ծնողների նման դուք էլ կարող եք սկզբում ջանալ անել չափից դուրս շատ բան, իմանալ չափից դուրս շատ, համակարգել չափից ավելի: Սակայն մյուսների պես դուք էլ կսովորեք՝ սեփական փորձից ելնելով հիմնականում վստահել սեփական երեխաներին»:
«Տանը կրթվողների մեծ մասը, կարծես, ապրում են ֆերմաներում, որոնք ունեն սեփական բանջարանոցներ (մի բան, որ ինձ շատ է դուր գալիս), կամ յուրօրինակ կյանք են վարում  քաղաքաբնակ տարածքներում՝ ունենալով հայրեր, որոնք շատ քիչ մասնակցություն են ցուցաբերում իրենց կրթության գործում: Ի՞նչ կասեք ժամանակակից բոլոր պայմաններով ապահովված տներ ունեցող քաղաքամերձ բնակավայրերի այն բնակիչների մասին, որոնց հայրերն օրական 10-12 ժամով բացակայում են տնից՝ ընկերությունների համար աշխատելով: Սա ի՞նչ կփոխի: Տանը կրթվելը նույն կե՞րպ կգործի»:
Տեսեք, դուք և ձեր երեխաները ժամանակի ընթացքում պիտի կարողանաք գտնել, թե որոնք են տանը կրթվելու տարբերությունները, և լավագույնս օգտագործել դրանք: Մի ժամանակ ասում էին, որ քաղաքամերձ շրջանները երեխա մեծացնելու հավանական ամենալավ աշխարհն են. հիմա ընդունված է ասել, որ նրանք վատագույնն են: Երկու տեսակետն էլ չափազանցված է: Թեˊ քաղաքում, թե՛ գյուղում, թե՛ քաղաքամերձ շրջաններում կա պետք եղածից նույնիսկ ավելին՝ երեխայի հետաքրիր մեծանալու համար և շատ սնունդ՝ մտածելու կամ գործելու համար: Կարիք չկա, որ երեխաների համար դուք ունենաք բոլոր ռեսուրսները, եթե ունենաք էլ, նրանք չեն ունենալու դրանք օգտագործելու բավականաչափ ժամանակ: Ինչ վերաբերում է հորը ներգրավելուն, անշուշտ դա կարող է օգտակար լինել, սակայն դա բացարձակ վճռորոշ չէ: Մեր ճանաչած հաջողակ երեխաներին տանը կրթողներից ոմանք միայնակ մայրեր են:
Ի՞նչ կլինի, եթե երեխաները ցանկանան դպրոց գնալ:
Դժվար հարց է: Այս հարցին պատասխանները շատ են, և հաճախ հակասում են իրար: Հնարավոր է, որ ծնողները պատճառաբանեն, և որոշներն այդպես էլ անում են, որ քանի դեռ իրենք համոզված են, որ դպրոցները երեխաներին կարող են ու հավանաբար պատճառում են խոր ու տևական ցավ, նույնիսկ երեխաների ցանկության դեպքում իրենք նույնքան իրավունք ունեն նրանց դպրոցից դուրս պահելու, որքան երեխաներին արգելելու ռադիոակտիվ թափոնի խողովակի վրա խաղալ: Համեմատաբար փոքր երեխաների պարագայում, որոնք ի վիճակի չեն հասկանալ, թե ինչպես է դպրոցն իրենց վնասում, այս պատճառաբանությունը ծանրակշիռ է թվում: Եթե տարիքով փոքր-ինչ ավելի մեծ երեխաներ վճռականորեն ու հաճախ, ունենալով հիմնավոր պատճառներ, ասեին, որ իրենք իսկապես ուզում են դպրոց հաճախել, ես կասեի՝ թող հաճախեն: Որքա՞ն մեծ: Որո՞նք են հիմնավոր պատճառները: Ես չգիտեմ: Վատ հիմնավորում կլինի երևի.
- Մյուս երեխաներն ասում են, որ դպրոցում նախաճաշին շոկոլադով կաթ կարելի է ըմպել:
«Ինձ անհանգստացնում է այն, որ ինչ-որ մեկը կարող է դատական գործ հարուցել ու վերցնել մեզնից երեխաներին»:
Եղել են դեպքեր, երբ դպրոցներն անամոթաբար փորձել են երեխաներին տանը կրթող ծնողերից խլել նրանց: Կարծում եմ՝ սա ունի իրավական հակակշիռներ, ռազմավարություն, որոնք դատարանին կարգելեն դա: Սակայն եթե բանը բանից անցնի, և դատարանը վճռի, որ կա՛մ երեխաները պետք է հաճախեն դպրոց, կա՛մ նրանց կխլեն ծնոնղներից, դուք միշտ կարող եք նրանց հետ (դպրոց) ուղարկել, մինչ կորոշեք, թե ինչ անեք՝ հավանաբար այլ նահանգ, դպրոց կամ նույնիսկ դատական այլ շրջան տեղափոխվել:
«Ես չեմ ուզում ունենալ երեխաներիս թաքցնելու կամ անհաջողությունից փախչելու զգացողություն»:
Իսկ ինչո՞ւ ոչ: Դա ձեր իրավունքն է ու հենց ձեր պարտականությունը՝ իբրև ծնող, պաշտպանել ձեր իսկ երեխաներին ու հեռու պահել անհաջողությունից, համենայն դեպս ուժերին ներածի չափով: Աշխարհի երեխաներից շատերը սովատանջ են կամ թերսնված, սակայն դուք չեք պատրաստվում տանջել ձեր երեխաներին սովից, որ իմանան, թե դա ինչ է: Դուք թույլ չեք տա, որ ձեր երեխաները խաղան սրընթաց երթևեկության մեջտեղում: Ձեր գործն է որքան հնարավոր է օգնել նրանց՝ իրացնելու իրենց մարդկային պոտենցիալը, և այս նպատակին հասնելու համար դուք հնարավորինս շատ լավն եք ներդնում նրանց կյանքում՝  առավելագույնս զերծ պահելով վատից: Եթե մտածում եք, որ դպրոցը վատ բան է, ապա պարզ է դառնում, թե ինչ պիտի անեք:
«Ինձ համար կարևոր է, որ նրանք սովորեն հաղթահարել մարտահրավերները կամ դժվարությունները»…
Դեռ շատ կհանդիպեն այդպիսիք: Մեծանալը, կարծում եմ, երբեք էլ հեշտ չի եղել, և հատկապես բարդ է այնպիսի մի տագնապալի, խառնաշփոթ ու վախերով լեցուն աշխարհում, ինչպիսին մերն է: Առանց դպրոցի կեղծ ու անարժեք մարտահրավերների վրա ժամանակ ծախսելու՝ ուսուցչին գոհացնելու, անախորժություններից հեռու մնալու, խմբավորման մեջ ներառվելու, հայտնի լինելու, անելու այն, ինչ բոլորն անում են, ինքդ քեզ ճանաչել սովորելը, արժանավայել կյանք վարելն ու արժանավայել աշխատանք գտնելը բավականին լուրջ խնդիր է և մարտահրավեր:
«Արդյոք նրանք կկարողանա՞ն շրջանցել այն, ինչ կարծում են, որ չեն ուզում անել, կամ կկարողանա՞ն դա անել»:
Համոզված չեմ, թե հասկանում եմ՝ ինչի մասին է խոսքը: Եթե ուզում եք իմանալ, թե արդյոք տանը կրթվող երեխաները կհասկանան՝ ինչ ասել է ինքդ քո առջև դրած նպատակին հասնելու համար դժվարին ու պահանջվող բաներ անելը, ապա ես կասեի՝ այո, կյանքը լի է նման պահանջներով: Բայց սա բացարձակապես որևէ բան անելը չէ, մանավանդ, դպրոցի պարագայում, որ սովորաբար տգետ ու ձանձրալի ինչ-որ բան է, այն պարզ պատճառով, որ ուրիշը քեզ ասում է՝ կպատժվես, եթե չանես: Թե՛ ընդդիմանալը, թե՛ զիջելը, երկուսն էլ վնասակար են երեխաներին: Անխուսափելի կամ ընտրված խնդրի անքակտելի դժվարությունների հետ պայքարելը բնավորություն է կերտում, մինչդեռ պարզապես գերակա ուժին ենթարկելը փչացնում է այն:
Դպրոցից հանելու քաղաքականությունը
Այս գլխում ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, ինչը կարող ենք անվանել երեխային դպրոցից հանելու քաղաքական առարկություններ։
  1. Երեխային դպրոցից հանելը մի այնպիսի բան է, որ կարող են անել միայն կա՛մ հարուստները, կա՛մ արտոնյալ մարդիկ։
  2. Այն մարդիկ, ովքեր հանում են իրենց երեխաներին դպրոցից, միայն ավելի բարդացնում են իրավիճակը դպրոցում մնացող խեղճ երեխաների համար։
  3. Իրենց դասակարգմամբ ու փիլիսոփայությամբ դպրոցները հավասարության կողմնակից են, և գործնականում, կա՛մ շուտով պիտի դառնան, կա՛մ լինեն աղքատ երեխաներին օգնելու պատրաստ։
  4. Սեփական երեխաներին դպրոցից հանող մարդիկ կա՛մ արհամարհում են, կա՛մ բնավ հոգ չեն տանում ծագած սոցիալական մեծ կամ կրթական փոփոխության անհրաժեշտության մասին, կամ էլ՝ ինչ-որ միջոց ձեռնարկելու համար չափազանց եսասեր են:
Երեխային դպրոցից հանելն ու սոցիալական փոփոխությունը
Երբ մենք սկսեցինք մարդկանց իրենց երեխաներին հանելու դպրոցից խորհուրդ տալ ու հրատարակեցինք «Մեծանալ առանց դպրոցի» ամսագիրը, կյանքի կոչեցինք սոցիալական փոփոխության տեսությունն այն մասին, որ կարևոր ու տևական սոցիալական փոփոխությունները միշտ դանդաղ են գալիս և լոկ այն ժամանակ, երբ մարդիկ փոխում են սեփական կյանքը. զուտ քաղաքական հավատամքը կամ կուսակցություններն ու կառավարման ձևերը փոխելը բավարար չէ: Իրական սոցիալական փոփոխությունն ընդհանրապես բավականին տևական գործընթաց է: Պատմության կոնկրետ ժամանակահատվածում հասարակության 99 տոկոսը իրերի դրության որոշակի պարագայում գործում ու մտածում է նույն կերպ, և ընդամենը 1 տոկոսն է, որ մտածում ու գործում է տարբեր: Ժամանակի ընթացքում այդ 1 տոկոսը կարող է դառնալ 2, հետո՝ 5, հետո՝ 10, 20, 30 տոկոս, մինչև որ, վերջապես, դառնա ջախջախիչ մեծամասնություն, և սոցիալական փոփոխությունը տեղի ունենա: Իսկ ե՞րբ է սոցիալական փոփոխությունը տեղի ունենում: Ե՞րբ է այն սկսվում: Այս հարցին չկա որոշիչ պատասխան, բացի նրանից, որ հավանաբար ցանկացած որոշակի սոցիալական փոփոխություն սկսվում է այն ժամանակ, հենց որ գեթ մեկ հոգի առաջին անգամ մտածում է այդ մասին:
Մենք, որ կարծում ենք, թե երեխաներն ուզում են ուսումնասիրել աշխարհը, կարող են դա շատ լավ անել, և կարելի է նրանց վստահել այդ գործը՝ մեծահասակների նվազագույն միջամտությամբ ու աջակցությամբ, իրականում բնակչության հազիվ թե մեկ տոկոսը կազմենք: Եվ չեմ կարծում, թե իմ կյանքի օրոք դառնանք մեծամասնություն: Սա ինձ այլևս չի մտահոգում, քանի դեռ այս փոքրամասնությունը շարունակում է աճել: Իմ գործն է օգնել, որպեսզի այն աճի: Եթե ենթադրենք, որ մեր հասարակության մեծամասնությունը (կամ աշխարհը), երեխաների և նրանց դպրոց հաճախելու առնչությամբ շարժվում է X ուղղությամբ, իսկ մեր չնչին փոքրամասնությունը՝ Y ուղղությամբ, ապա իմ ցանկությունն է օգնել, որ Y ուղղությամբ շարժվողներն անխափան շարունակեն իրենց ճանապարհը: Կարիք չկա անվերջ գոռալու դեպի X շարժվող մեծամասնության վրա՝ ասելով.
- Կանգ առեք, տղանե՛ր, շրջվե՛ք, դուք շարժվում եք սխալ ուղով:
Մարդիկ չեն փոխի իրենց գաղափարները, առավել ևս իրենց կյանքը լոկ այն պատճառով, որ ինչ-որ մեկը գալիս է մի խելացի փաստարկով՝ ցույց տալու, որ իրենք սխալ են: Հասարակության ներսում խորն ու իսկական փոփոխություններ իրականցնելու համար գոռալն ու վիճելը մեծ մասնությամբ ժամանակի կորուստ են:
Այդպես է եղել նաև կրթության բնագավառում: Ինչպես արդեն ասացի, ես և շատ շատերն արդեն մի քանի տարի է, ինչ վիճաբանում ենք X ճանապարհը բռնած մեծամասնության կրթության մասին թե՛ մանկավարժական, թե՛ հասարակական շրջանակներում: Եվ ըստ էության այս վեճը դեռ որևէ արդյունք չունի: Հատուկենտ դպրոց փոխվեց մեր առաջարկած ձևով, մի քանիսը՝ երկար ժամանակով, իսկ մեծամասնությունը հիմա առաջվանից էլ ավելի վատն է: Առավելագույնը, որ մեր խոսակցությունն արել է, այն է, որ փոքրաթիվ մարդկանց օգնել է կյանքում և գործնականում իրապես արմատական փոփոխություններ մտցնել՝ շարժվել իրենց սեփական ճանապարհով՝ փոքրացնելով X ուղղությունն ընտրածների բանակը:
Բայց արդյո՞ք այսպիսի չնչին անձնական փոփոխությունները քաղաքական են, կարո՞ղ են նրանք հանգեցնել հասարակական փոփոխությունների: Սա կախված է տարբեր գործոններից: Եթե սա կարող են անել շատ-շատերը՝ սովորական ունեցվածքի և ուժի տեր սովորական մարդիկ, առանց ռիսկի կամ զոհաբերության, և եթե այս մարդիկ, իրենց կյանքը փոխելու հետ մեկտեղ պատմում են այլոց իրենց արածի և դրանք անելու ձևերի մասին, այս բոլորը, իհարկե, կարող են հանգեցնել զգալի փոփոխությունների: Մասնավոր գործողությունը՝ արմատական ու գոհացնող, դառնում է քաղաքական միայն այն ժամանակ, երբ հայտնի է դառնում:
Այլ կերպ ասած, մասնավոր կամ փոքր խմբերի գործողությունները քաղաքական են, եթե կարող են բազմապատկվել: Երբ ես համոզում էի տեղական դպրոցները չհավանողներին ստեղծել իրենց սեփականները, սա թվում էր քաղաքական ակտ, քանի որ այն ժամանակ ստացվում էր, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է նման կերպով վարվել: Սակայն մենք գիտենք, որ, եթե «դպրոց» ասելով ի նկատի ունենք սովորելու որոշակի տեղ, որը չի օգտագործվում որևիցե այլ նպատակով, լրիվ աշխատաժամանակ ունեցող ու վարձատրվող ուսուցիչներով, ապա նույնիսկ ամենափոքր դպրոցը բացելու համար հարկավոր է շատ ավելի մեծ գումար, քան մեծ մասը կարող են հայթայթել: Ինչպես արդեն գրել եմ, տեղի լավագույն փոքր այլընտրանքային դպրոցներից մեկը նոր է փակել դռները, քանի որ այլևս չէր կարողանում համապատասխան գումարներ հայթայթել՝ գոյատևելու համար: Նման դպրոցները մեծանալու քիչ հավանականություն ունեն, մինչդեռ երեխաներին տանը կրթելու գործընթացը կարող է ընդլայնվել: Կասկած չկա՝ սեփական երեխաներին ուսուցանելը նույնպես որոշակի հմտություններ է պահանջում: Բայց սրանք հմտություններ են, որ շատ մարդիկ ունեն կամ կարող են փոքր ինչ օգնությամբ՝ ձեռք բերել:
Այս որակներն ինքնուրույն կարող են բազմապատկվել: Թեև դպրոցից դուրս եկած շատ երեխաներ այդ կարծիքի չեն իրենք իրենց մասին, լիդերներ են՝ բառիս բուն իմաստով: Լիդերները նրանք չեն, որ, շատերի կարծիքի համաձայն, գնում են իրենց ճանապարհով՝ առանց հոգ տանելու կամ գլուխը վեր բարձրացնելու, որպեզի տեսնեն, արդյոք որևէ մեկը հետևո՞ւմ  է իրենց: «Առաջնորդի որակներ»-ը բնավ էլ այն որակները չեն, որ ստիպում են մարդկանց հետևել իրենց, դրանք լիդերին առանց որևիցե մեկի օգնության առաջ գնալու օժանդակող որակներ են: Ծայրահեղ դեպքում դրա մեջ մտնում է քաջությունը, տոկունությունը, համբերատարությունը, հումորը, ճկունությունը, հնարամտությունը, վճռականությունը, սուր իրատեսությունն ու նույնիսկ ամենադժվարին պարագաներում սառնասրտություն պահպանելու կարողությունը:
Սա մեր այդքան լսած «հմայքի» հականիշն է: «Հմայք» ունեցող լիդերները ստիպում են, որ մտածենք. «Ա՜խ, եթե միայն ես կարողանայի այդպես անել, այդպիսին լինել»: Իսկական առաջնորդներն անում են այնպես, որ մենք մտածենք. «Եթե նրանք կարող են այդ անել, ուրեմն, Աստծո կամոք, ես նույնպես կարող եմ»: Նրանք մարդկանցից ոչ թե հետևորդ, այլ նոր առաջնորդներ են պատրաստում: Երեխաներին տանը կրթելու շարժումը լի է այդպիսի մարդկանցով. «սովորական» մարդիկ անում են բաներ, որ երբեք չէին էլ կարծի, թե կարող են՝ օրենքներ սովորել, տեսուչներին հարցաքննել, իրենց տեսակետն առաջ տանել ամբարտավան ու սպառնալից իշխանությունների առջև, պաշտպանել իրենք իրենց ու սեփական համոզմունքները մամուլում, հեռուստատեսությամբ, նույնիսկ դատարանում: Տեսնելով նրանց՝ մյուս շարքային մարդիկ կարծում են, թե կարող են նույն կերպ, և շուտով այդպես էլ անում են:
Ահա թե ինչու այնքան էլ ճիշտ չի լինի խոսել երեխաներին տանը կրթելու «շարժման» մասին: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե այս շարժումը զորքի պես մի բան է՝ մի քանի գեներալներով ու բազում-բազում առաջին կարգից ցածր կոչում ունեցող շարքայիններով: Երեխաներին տանը կրթելու շարժման մեջ յուրաքանչյուրը գեներալ է:

Комментариев нет:

Отправить комментарий