понедельник, 23 ноября 2015 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ)

Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ՝

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Զերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու;

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է ու դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:


Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

ԱՆՁՐԵՎ
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, –
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Комментариев нет:

Отправить комментарий