Երվանդ Սիմոնի Քոչար (Քոչարյան) (հունիսի 15 1899,Թիֆլիս – հունվարի 22 1979, Երևան), հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
[թաքցնել]ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918–ին ավարտել էԹիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918–ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919–ին վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1921–ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին Քոչարը Կ. Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանըՎենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։
1923 թ. Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։
1936–ին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։ Արգելքները, բանտը, մեկուսացումը, անտարակույս, ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խրուշչովյան «ձնհալը»... Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ։
1948-ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։
Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թ. Երևանում։
Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
1984 թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Ե. Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ ներկայացրել է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը (գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն)[1][2]:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նկարներ
- «Կշռաքարերով նատյուրմորտ» (1918)
- «Ջութակ» (1919)
- «Ձվաձև նատյուրմորտ» (1920)
- «Ըմպանակով կինը» (1920)
- «Նկարչի մոր դիմանկարը» (1919)
- «Դե պրոֆունդիս» (1919)
- «Ղազարոսի հարությունը» (1923)
- «Տեսիլք» (1924)
- «Սրճարան» (1925)
- «Սիրահարներ» (1926)
- «Բանաստեղծը» (1924)
- «Ընտանիք–սերունդներ» (1925)
- «Մանիկի դիմանկարը» (1946)
- «Կոմիտաս» (1946)
- «Նիզամին որդու հետ» (1953)
Քանդակներ
- Մաքսիմ Գորկի – գիպս (1936)
- Շոթա Ռուսթավելի – կրաքար (1937)
- Ալեքսանդր Պուշկին – գիպս (1937)
- Նիզամի – գիպս (1940)
- Հովհաննես Աբելյան – գիպս (1943)
- Խաչատուր Աբովյան – գիպս (1945)
- Անանիա Շիրակացի – գիպս (1952)
- Մեսրոպ Մաշտոց – գիպս (1952)
- Միքայել Նալբանդյան – գիպս (1954)
- «Զվարթնոցի արծիվը» – բրոնզ (1955)
- «Մելամաղձություն» - գիպս (1959) (Երևանում 2003 թ. տեղադրվել է բրոնզե կրկնօրինակը)
- «Սասունցի Դավիթ» – պղինձ (1959)
- «Վարդան Մամիկոնյան» – պղինձ (1975)
Комментариев нет:
Отправить комментарий