вторник, 24 ноября 2015 г.

Նոյ

Նոյ (եբր.՝ נֹחַ‎, ՆոահՀին Կտակարանի Ծննդոց գրքում անունը բացատրվում է որպես «հանգիստ, մխիթարություն», ըստ այլ մեկնությունների՝ «նոր». հին հուն․՝ Νῶεարաբ․՝ نوح‎‎, Նուհ), հինկտակարանյան նահապետ։ Նոյի պատմությունը ներկայացվում է Ծննդոց գրքի 6–9 գլուխներում, որտեղ նա ջրհեղեղից փրկում է իր ընտանիքը (իր կնոջը, երեք որդիներին և նրանց կանանց) և կենդանիների բոլոր տեսակներին՝ կառուցելով Նոյյան տապանը։ Նա նաև հիշատակվում է որպես «առաջին գյուղատնտես» և «առաջին գինեգործ»։ Նոյը նաև բազմիցս հիշատակվում էՂուրանում։
Ըստ Հին Կտակարանի պատումի՝ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը։ Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ։ Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն։ Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին։ Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում։
Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (ՍեմՔամՀաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար։ Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով մարդկանց ու անասուններին։
Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ։
Ջրհեղեղի դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրայից ջուրը քաշվել է, և արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում։ Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան։ 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վերադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը... Կյանքի 601-րդ տարում Նոյը դուրս է գալիս տապանից, զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն։ Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»։ Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը։
Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր։ Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց։ Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմական այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև Արա Գեղեցիկ։ Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը։
Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի։ Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում։ Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ։
Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները։ Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը։

Комментариев нет:

Отправить комментарий