Միշտ չէ, որ բանասացներն էպոսը լրիվ են հաղորդում, նրանք հաճախ պատմում են միայն մեկ կամ երկու հատված, էպոսի միասնությունն ընդգծելով այն ողորմիներով, որոնք փառաբանում են մնացած բոլոր հերոսներին։ Պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին հյուսվածէ էպոսի տվյալ ճյուղը։
Էպոսի հիմնական մասը երրորդ ճյուղն է, որն անմիջականորեն կապված է ամբողջ դյուցազնաշրջանի չորս սերնդի հերոսներից գլխավորի, ըստ ավանդության երրորդ դյուցազնի՝ Դավթի հետ, որն առավել մոտ ու հարազատ է ժողովրդի սրտին, նրա հիշողության մեջ առավել փայփայված, առավել երկրային, ամենից ավելի ժողովրդական։
Էպոս ասացողները,տղամարդ թե կին, գերազանցապես եղել են ավագ սերնդի ներկայացուցիչներ, հաճախ՝ ալեզարդ ծերունիներ. էպոսը նրանք պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ Մոկաց, Մշո, Սասնա, ինչպես և արարատյան բարբառներով։
«Սասունցի Դավիթը» պատմվում է երգաձայն, ռիթմիկ առոգանությամբ, իսկ նրա առանձին դրվագներ երգվում են և հանգավոր բանաստեղծության ձև ունեն։ Միմյանցից երբեմն շատ հեռու բարբառներից յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունը ավելի ցայտուն է դրսևորվում էպոսի չերգվող մասերում, քանի որ մեզեդու, հանգի ու չափի հետ կապված երգի մեջ միշտ էլ ավելի լավ է պահպանվում հնագույն տեքստը։
Մոտ երեք քառորդ դար է հավաքվում և գրի են առնվում «Սասունցի Դավթի» տարբեր վարիանտները։ Այդ գործի առաջին նախաձեռնողը եղել է հայ ժողովրդի բանահյուսության հայտնի հետազոտող Գարեգին Սրվանձտյանը։ Այնուհետև նույն գործը շարունակել են մի շարք մարդիկ, և առաջին հերթին՝ հայ անվանի գիտնական, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ հանգուցյալ պրոֆ. Մանուկ Աբեղյանը, որն էպոսի վարիանտներից մեկը գրի է առել 1886 թվականին, Վաղարշապատում, և այնուհետև մի ամբողջ հիսնամյակի ընթացքում բազմիցս անդրադարձել է էպոսին, նրա մասին գրել երկու ծավալուն ուսումնասիրություն։
Բանահավաքներից ոմանք գրի են առել էպոսի բոլոր չորս ճյուղերը,
ոմանք էլ՝միայն նրա առանձին մասերը։
ոմանք էլ՝միայն նրա առանձին մասերը։
Ի մի հավաքված նյութերը կազմում են շուրջ երկու և կես հազար տպագիր էջ և ունեն ավելի քան հիսուն վարիանտ։
Տարբեր ժամանակ հրատարակված բազմաթիվ վարիանտներից բացի, «Սասունցի Դավիթ» էպոսն ունի երկու հիմնական հրատարակություն։ Դրանցից առաջինը, որ լույս է տեսել Մ. Աբեղյանի ընդհանուր խմբագրությամբ և Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ, բաղկացած է երկու ստվար հատորից, որտեղ զետեղված են էպոսի բոլոր տպագիր և անտիպ վարիանտները (1936, 1944 և 1951 թթ.)։ Երկրորդը՝ ՍՍՌՄ
[էջ V]
Գիտությունների ակադեմիայի Հայկական ֆիլիալի Գրականության և լեզվի ինստիտուտի կողմից պատրաստված և 1939 թվականին տպագրված «Սասունցի Դավթի» համահավաք տեքստն է, որ պարունակում է ավելի քան տասը հազար տող (կազմողներ՝ Մ. Խ. Աբեղյան, Գ. Ա. Աբով և Ա. Տ. Ղանալանյան, խմբագրություն և առաջաբան՝ ակադեմիկոս Հ. Ա. Օրբելու)։
«Սասունցի Դավիթ» էպոսում չորս սերնդի պատկանող հերոսները, միմյանց լրացնելով, ավելի ճիշտ՝ միասին մի ամբողջություն կազմելով, արտացոլել են իրենց կերպարներն ստեղծող ժողովրդի պատկերացումները,նրա լավագույն երազանքներն ու ակնկալությունները։
Այդ կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ո՛չ իրենց, ո՛չ էլ այլոց արյունը ի հաճույս իշխելու տենդով բռնված զավթիչների։ Այդ հայացքները խարսխված են այն դարավոր փորձի վրա, որ ժոդովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակությունների, արյունահեղ կոտորածների, օտար նվաճողների և սեփական թագավորների լծի ներքո կրած տառապանքների բովում։
Մեզ առանձնապես մոտ և հասկանալի է ժողովրդի գիտակցության մեջ անհիշելի ժամանակներում ստեղծված Սասունցի Դավթի կերպարը, հերոս, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնության ամեն մի կանչի և սխրագործություններ է կատարում ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի։
ԷՊՈՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
Էպոսի հիմնական սյուժեի զարգացումը բնության ուժերի՝ իսկական մարդու վերամարմնավորվելու ընթացքն է, որոնք մարդկային հասարակության պատմության արշալույսին սկսեցին ընդունել կենդանական կամ մարդկայնացված ձևեր։ Հերոսների յուրաքանչյուր հաջորդ սերանդը ավելի ու ավելի է մոտենում երկրին, ավելի ու ավելի է մոտենում երկրավոր մարդու կերպարանքին։
Էպոսի հերոսները, ինչքան էլ իրենց ծագմամբ, գերբնական հատկություններով ու արարքներով կապված լինեն բնության և նրա ուժերի հետ, այն ուժերի, որ հնագույն մարդն անհամեմատ ավելի սուր էր զգում, քան այն մարդը, որն արդեն վարժվել էր իրեն ենթարկել այդ ուժերի թեկուզ մի մասը — խորապես մարդկային են։ Սրանք կենդանի մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր հատկություններով, սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ։ Նրանց երկրային կյանքը պատկերող զրույցներում վառ արտացոլում են գտել ոչ միայն նրանց սխրագոր–
[էջ VI]
ծությունները, այլև մարդկային զգացմունքները։ Էպոսի հերոսները սխրանքներ են կատարում, որովհետև այդպես է պահանջում՝ ժողովրդի բարօրությունը, և, որովհետև նրանք իրենց մեջ այդ կատարելու ուժ են զգում, այդ սխրանքները նրանց ոչ մի առավելություն չեն տալիս, հերոսները չեն խզում իրենց կապը ժողովրդի հետ։ Հասակ առնելուց հետո էլ նրանք չեն կորցնում իրենց հոգու մանկական անաղարտությունը, պարզասրտությունը, օգնության ամեն մի կանչի անհապաղ արձագանքելու հատկությունը։
Չնայած էպոսի լեզվի սեղմությանը, բառերի անսովոր ժլատությանը, ոճի մոնումենտալությանը, մանրամասնություններ նկարագրելուց խուսափելու ձգտումին, «Սասունցի Դավթի» էջերից իբրև կենդանի մարդիկ հառնում են հերոսների կերպարները՝ տղամարդ թե կին, որոնք այնքան տարբեր լինելով իրարից իրենց բնավորությամբ, միևնույն ժամանակ ունեն ինչ-որ ընդհանուր բան։
Էպոսն սկսվում է այն պատմությամբ, թե ինչպես Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները Հայաստան գալով՝ մի վառ լուսավորված աշտարակում հանկարծ տեսնում են հայոց Գագիկ թագավորի դստերը՝ Ծովինարին (ծովածին, ծովազն)։ Խելքահան լինելով նրա հիասքանչ ու հմայիչ կերպարանքից, նրանք թողնում են իրենց գործը, շտապում Բաղդաղ և խալիֆին հայտնում, որ անհրաժեշտ է, ինչ գնով էլ լինի, ձեռք բերել այդ գեղեցկուհուն։
Խալիֆը դեսպաններ է առաքում Հայաստան, որոնք նրա անունից պահանջում են գեղեցկուհի Ծովինարին և սպառնում են չտալու դեպքում պատերազմի դուրս գալ։
Հայաստանում տարբեր կարծիքներ են ծայր առնում։ Ոմանք պնդում են, թե պետք է տալ Ծովինարին, ոմանք էլ առաջարկում են պատերազմել և չտալ արքայադստերը, քանի որ խալիֆը կռապաշտ է, իսկ աղջիկը խաչապաշտ (այստեղ և էպոսի մնացած բոլոր մասերում մահմեդականները ներկայացված են իբրև կռապաշտներ)։ Սակայն Ծովինարն ինքը միանում է այն մարդկանց կարծիքին, ովքեր գտնում են, որ ավելի լավ է տալ աղջկանև խնայել հազարավոր մարդկանց կյանքը։
Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ես էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի։
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Քանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար-հազար հոգիք կորուսանին։
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ես էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի։
Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն.
Ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ,
Քանց մեր Հայաստան էրկիր ավերի,
Էն հազար-հազար հոգիք կորուսանին։
Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։
[էջ VII]
Ծովինարը պայման է դնում, որ խալիֆը մի ամբողջ տարի չմոտենա իրեն։ Խալիֆը համաձայնվում է և արքայադստեր համար հատուկ դղյակ է կառուցել տալիս։
Մի օր Ծովինարը դուրս է գալիս ծովափ զբոսանքի։ Համբարձման տոնն է լինում (հայ կանայք այդ օրը դուրս են գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում)։ Զբոսանքից հոգնելով, Ծովինարը առանձնանում է. հանկարծ նա ծարավ է զգում։ Երկնքին ուղղած նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղբյուր է բխում, և աղջիկն իր խմած ջրիք հղիանում է։
Այնուհետև Ծովինարին տանում են Բաղդադ։ Պարզվում է, որ նա երեխա է ունենալու։ Խալիֆը մահվան դատավճիռ է կայացնում։ Արքայադուստրը խնդրում է մահապատիժը հետաձգել մինչև ծննդաբերության օրը, քանի որ այլապես իր հետ կմեռնի մի անմեղ էակ։ Ժամանակ են տալիս։ Ծովինարը երկու տղա է ծնում, մեկի անունը՝ Սանասար, մյուսինը՝ Բաղդասար։ Կրկին հայտնվում են դահիճները։ Բայց Ծովինարը դարձյալ ժամանակ է խնդրում երեխաներին կերակրելու և մեծացնելու համար։ Պատիժը մի քանի անգամ հետաձգվում է։ Այդ ժամանակամիջոցում խալիֆը մտերմանում է Ծովինարի հետ, և արքայադուստրը բարեհաջող կերպով խուսափում է մահապատժից։ Տղաները ոչ թե օրով, այլ ժամով են մեծանում և տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադի ավագանու երեխաներին, որոնց հետ նրանք խաղում են։ Այս հողի վրա վիճաբանություն է տեղի ունենում վեզիրի և խալիֆի միջև։ Վճռում են արտակարգ ուժի տեր տղաներին հեռացնել տանից, քանի որ խաղի մեջ նրանց ամեն մի հարվածից՝ մեկի վիզն է ծռվում, մյուսի ոտքն է ջարդվում։ Եղբայրները ճանապարհ են ընկնում իրենց պապի մոտ։ Կարճ ժամանակամիջոցում պատանի դյուցազուններ դառնալով, Սանասարն ու Բաղդասարը գնում են նույն ծովի ափը, որտեղ ժայռից բխող աղբյոլրը նրանց կյանքի էր կոչել։ Ուզում են լողանալ։ Բաղդասարը սիրտ չի անում նետվել ծովի ալիքների մեջ, իսկ Սանասարը համարձակորեն ծով է մտնում, և այստեղ հրաշք է կատարվում։ Սանասարի առաջ ծովը հետ է քաշվում, տղան իջնում է նրա հատակը, ընկնում ստորերկրյա թագավորություն և այստեղ Մարութա Բարձրիկ Աստվածածինը նրան շնորհում է հռչակավոր Թուր-Կայծակին և Քուռկիկ Ջալալին։ Սա բացառիկ հատկություններ և արտակարգ ուժ ունի, օժտված է մարդկային լեզվով խոսելու ձիրքով, կարող է երկար ճանապարհ անցնել, թռչել մինչև արևը և իսկույն իջնել երկիր։ Քուռկիկ Ջալալին ամենից առաջ փորձում է Սանասարի ուժը, հսկային մինչև արևն է բարձրացնում, որ այրի, բայց Սանասարը իրեն գցում է ձիու փորատակը։ Քուռկիկ Ջալալին նետվում է ժայռերի վրա, որպեսզի ջախջախի Սանասարին, բայց դյուցազնը ճարպկորեն թռչում է ձիու մեջքին։ Ի վերջո նժույգը հնազանդվում է։
[էջ VIII]
Սանասարը ծովի հատակում ձեռք է բերում զենք ու զրահ։ Նրա բազկի վրա դրոշմվում է հրաշագործ մի խաչ։ Խմելով ծովի ջուրը, նա այնպիսի հսկա է դառնում, որ եղբայրը նրան չի ճանաչում և սարսափահար փախչում է։ Սանասարին դժվարությամբ է հաջողվում Բաղդասարին համոզել, որ ինքը իրոք նրա եղբայրն է։
Շարունակում են իրենց ճանապարհը։ Եղբայրներին զարմացնում է այն, որ կապույտ ջրի մի բարակ շերտ կտրում-անցնում է մի մեծ գետի ամբողջ հոսանքը։ Գայթակղված այդ փոքր ջրի մեծ ուժից, Սանասարն ու Բաղդասարը գտնում են կապույտ ջրի ակունքն ու այնտեղ վիթխարի ապառաժներից ամրոց կառուցում։
Ու գնացին, գտան զաղբուր։
Էդ աղբրի շուր լուլա մի ջուր է,
Կէրթա, կը կտրե զիր տակի մեծ գետ։
Տեսան, անուշ ջուր էր, ու տեղն էլ էր անուշ։
Սանասար ասաց. — Էստեղ խորոտ է.
Աղեկ է, որ մենք էստեղ մնանք.
Մեզ համար տուն մի ու քոշք շինենք։
Էդ աղբրի շուր լուլա մի ջուր է,
Կէրթա, կը կտրե զիր տակի մեծ գետ։
Տեսան, անուշ ջուր էր, ու տեղն էլ էր անուշ։
Սանասար ասաց. — Էստեղ խորոտ է.
Աղեկ է, որ մենք էստեղ մնանք.
Մեզ համար տուն մի ու քոշք շինենք։
Իրենց ամրոցի շուրջը բնակություն հաստատելու համար եղբայրները 40 ընտանիք են բերում, ամրոց շինելուց առաջ նրանց համար 40 տուն են պատրաստում։ Երբ նրանք ավարտում են ամրոցի կառուցումը, վճռում են նրան անուն տալ, քանի որ վերջինս թե՛ գեղեցիկ է, թե՛ մեծ, բայց անուն չունի։
Եվ ահա հանդես է գալիս մի կերպար, որ հանդիպում է նաև ռուսաց բիլինաներում ու իրանական էպոսում՝ ծերունի սերմնացանը։ Պատանի եղբայրները նրան բերում են իբրև պատվավոր հյուրի, Քուռկիկ Ջալալու մեջքին նստեցրած ման են ածում ամրոցի շուրջը, և ծերունին քարաժայռերի մեծությունից ապշած՝ կնքում է ամրոցի անունը, ավելի ճիշտ ասում է, որ անուն փնտրելու հարկ չկա, քանի որ ամրոցը տեղով-տեղ Սասուն է (ժողովրդական մեկնաբանությամբ՝ սարսափելի, ահռելի, ահարկու)։
Հալվոր նայեց դարգահի վերա,
Էդոր վերին հարկեր տեսավ,
Քարեր հանած էդա բարձր հարկեր,
Տեսավ քարափներ պատ շարած,
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.
— Էդո՞ր անուն դնեմ։
Աստված ձեր տուն շինի,
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։
Աստված բարի տա ձեզ,
Դուք ինչքա՞ն ուժ ունիք,
Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։
Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.
Էդոր վերին հարկեր տեսավ,
Քարեր հանած էդա բարձր հարկեր,
Տեսավ քարափներ պատ շարած,
Զարմացած մնաց, հարցուց, ասաց.
— Էդո՞ր անուն դնեմ։
Աստված ձեր տուն շինի,
Ես ի՞նչ անուն դնեմ էս տան։
Աստված բարի տա ձեզ,
Դուք ինչքա՞ն ուժ ունիք,
Որ վեր հաներ եք էս մե՜ծ-մեծ քարեր։
Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.
[էջ IX]
Դուք էն սասուն քարեր
Ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե.
Էս տո՛ւն շեք շինե դուք.
Ապա սասուն մ’եք շինե։
Վա՜, քանի սասուն բերդ մի.
Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ,
Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի.
Ա՛յ պապի, անուն դրվավ.
Անուն էղավ Սասուն։
Քանց էդա ավել ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր,
Քարե սանսուն եք զարկե.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,
Մեր տան անուն՝ Սասնա տուն։
Ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե.
Էս տո՛ւն շեք շինե դուք.
Ապա սասուն մ’եք շինե։
Վա՜, քանի սասուն բերդ մի.
Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ,
Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի.
Ա՛յ պապի, անուն դրվավ.
Անուն էղավ Սասուն։
Քանց էդա ավել ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր,
Քարե սանսուն եք զարկե.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,
Մեր տան անուն՝ Սասնա տուն։
Այսպես է մեկնաբանվում ամրոցի անունը։ Այստեղից էլ հենց ծագում է ամբողջ մարզի անունը, որը և հասել է մինչև մեր օրերը1։
Ահա ալեզարդ այս ծերունին է այն իմաստունը, որ կնքել է Սասնա ամրոցի անունը։
Սանասարն ամուսնանում է Քաջանց արքայադստեր՝ Դեղձունի հետ։ Երեք որդի են ունենում, դրանք են Մհերը, Ձենով Հովանը և Վերգոն։
Սանասարը էպոսի առաջին ճյուղի գլխավոր հերոսն է։
Ոչ միայն իր հրեղեն ծագմամբ, այլև իր արարքներով նա բազմաթիվ թելերով դեռևս կապված է հնագույն առասպելների հետ, մարմնավորում է կոսմիկական էակի մի շարք գծեր, էակ, որ մարդկային արտաքին ունի, բայց իր մեջ բնության ուժեր է բովանդակում, կապված է բնության կենարար ու բարեբեր տարերքի՝ ջրի հետ։ Ջրից ծնված այս հսկան ջրից է ստանում իր անխոցելի զենք ու զրահը, ամենակործան սուրը, ջրից է ստանում իր հասակը, անսահման ուժն ու զորությունը։ Ջրից է ստանում իր հրաշալի Քուռկիկ Ջալալին, որն օժտված է մարգարեական ձիրքով, կարող է մարդու պես խոսել, սլանալ հողմից արագ, ծովի խորքերից սուրալ մինչև արևը։
Առաջին ճյուղի հիմնական կերպարներից է գեղեցկուհի Դեղձունը։ Նա իր մեջ խտացնում է մայրիշխանության ժամանակների տան տիրուհու (և ո՛չ թագուհու) մի շարք գծեր, որոնցով նա տարբերվում է իր շրջապատի կանանցից և շատ-շատերից բարձր է կանգնած։
Չափազանց մոնումենտալ է այն դրվագը, երբ Դեղձունը Սանասարի
-------------------
1 Այս պատմությունը հիշեցնում է այսպես կոչված «կիկլոպյան» շինությունները, որ մեզ են հասել Հայաստանի հնագույն բնակիչներից և տարածված են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տերիտորիայում։ Հավանաբար նման շինություններ եղել են նաև Սասունում։
[էջ X]
մահից հետո բազմամյա կամավոր ինքնաբանտարկումից հետո մոտենում է պատուհանին նայելու իր թոռանը, որը կարողանում է կրել իր հսկա հոր ասպազենը, բարձրացնել ծանր թուրը։ Դեղձանի խոսքերը ուղղված սքանչելի Քուռկիկ Ջալալուն հնչում են ազնիվ մետաղի պես.
Էլավ, իրան տեղեն կայնեց, ասաց.
— Իմ մուրազ կատարվեց, տ’էլնեմ դուրս.
Գնաց գլուխ փանջարեն վեր կախեց,
Աչքեց տեսավ՝ նորամանուկԴավիթ
Մհերի ձին հեծե, կայնե։ Կանչեց.
— Քոտկի՜կ Ջալալի, մեռնե՜մ քե, մուրազ։
Դավիթ շատ զարմացավ, կայնեց։
Դեղձուն շարունակեց.— Քուռկի՜կ Ջալալի,
Իմ Դավիթ հեւ չունի՝անես հերություն,
Իմ Դավիթ մեր չունի՝ անես մերություն,
Իմ Դավիթ դու տանես իր նորԿաթնով Աղբուր,
Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խմի,
Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար,
Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի։
Քուռկի՜կ, քե ամանաթ իմ նորամանուկ Դավիթ։
— Իմ մուրազ կատարվեց, տ’էլնեմ դուրս.
Գնաց գլուխ փանջարեն վեր կախեց,
Աչքեց տեսավ՝ նորամանուկԴավիթ
Մհերի ձին հեծե, կայնե։ Կանչեց.
— Քոտկի՜կ Ջալալի, մեռնե՜մ քե, մուրազ։
Դավիթ շատ զարմացավ, կայնեց։
Դեղձուն շարունակեց.— Քուռկի՜կ Ջալալի,
Իմ Դավիթ հեւ չունի՝անես հերություն,
Իմ Դավիթ մեր չունի՝ անես մերություն,
Իմ Դավիթ դու տանես իր նորԿաթնով Աղբուր,
Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խմի,
Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար,
Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի։
Քուռկի՜կ, քե ամանաթ իմ նորամանուկ Դավիթ։
Դժվար է հավատալ, թե դա հենց այն Դեղձունն է, որն իր նամակով մի օր կախարդեց երկվորյակ եղբայրներին և նրանց սրտում բորբոքեց նոր, նրանց տակավին անծանոթ մի կրակ, հմայեց այնպես, ինչպես չէր կարողանա հմայել ոչ մի կախարդուհի, եթե չունենար այն հրապույրը, որ հատուկ է Դեղձունին՝ և՛ Սպիտակ ամրոցի դեռափթիթ միանձնուհուն, և՛ Տան մորը՝ Սասնա տիրուհուն, և՛ կռվի գնացող թոռանը բարի ճանապարհ մաղթող զառամյալ տատիկին։
«Սասունցի Դավիթ» էպոսի երկրորդ ճյուղի հերոսը Սանասարից և Դեղձունից ծնված Մեծ Մհերն է, որը հայտնի է Առյուծաձև Մհեր (առյուծ պատառող) մականունով։ Նա հորից ժառանգում է ոչ միայն հրաշագործ ասպազենը և իմաստուն նժույգը, այլև անմահական Կաթնաղբյուրից գերբնական ուժ ստանալու հատկությունը։
Օժտված լինելով անպարտելի ուժով, նա մարդկային միջավայրում, երկրային կյանքի բովում ձեռք է բերում մարդկային թուլություններ։ Մեծ Մհերը տոգորված է այն կրակով, որի համար Պրոմեթեոսը մարդու հանդեպ տածած սիրուց զանց առավ աստվածների կամքը, կրակ, որը մեծ Հերակլեսին կիսաստծուց դարձրեց մարդկային ցեղի հավատարիմ ծառա, ոչ թե անձնական փառքի, այլ մարդկային բարօրության համար սխրագործություններ կատարող հերոս։
Ունենալով գերբնական ծագում, անարատ աղբյուրի թոռը՝ Մհերը իր կյանքի առաջին իսկ օրերից ոչ թե տարիներով է մեծանում, այլ ժամերով։
[էջ XI]
Երիտասարդ հսկան, որը կարող է արմատահան անել ծառերը և տանել դրանք թեթև մահակի պես ուսին դրած, մտքովն էլ չի անցկացնում ձի նստելու հնարավորությունը, իսկ երբ առիթ է լինում նժույգ ընտրելու, ապա նրա ձեռքի ծանրության տակ ճկվում են մարտական լավագույն ձիերը։
Մանկական հոգու տեր միամիտ հսկան պատրաստ է իր բոլոր ուժերը նվիրաբերելու հանուն մարդկային բարօրության։ Լսելով, որ երկիրը սովի է մատնված (հացի ճանապարհին մի հրեշավոր առյուծ է պառկած լինում), նա նետվում է թշնամու դեմ, մի կողմ է քաշում ամեհի գազանի հետ կռվելու եկած գորքը և մեն-մենակ, իր զորավոր ձեռքերով, երկու կտոր է անում առյուծին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյածի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր երկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս, դին, մեկէլ՝ էն դին։
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր երկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս, դին, մեկէլ՝ էն դին։
Այնուհետև Մհերը կռվի է դուրս գալիս հարևան երկրի վրա իշխող ճերմակ Դևի դեմ, որը փակել է աղբյուրի ճանապարհը, սպանում է Դևին և ամուսնանում նրա ամրոցում գերության մեջ տառապող չնաշխարհիկ արքայադստեր՝ Արմաղանի հետ։
Մհերը կռվի է դուրս գալիս նաև Մըսրա Մելիքի՝ Մոսուլի թագավորության դեմ։
Ժամանակ անց, երբ մեռնում է Մըսրա Մելիքը, նրա կինը՝ Իսմիլ խանումը, Մհերին խնդրում է գալ և օգնել իրեն իբրև անօգնական մնացած այրու։
Մհերը չի լսում Արմաղանին և վստահ իր հավատարմության ուժին մեկնում է Մըսըր1։ Այստեղ նրան հարբեցնում են, տանում Իսմիլ խանումի պալատը, և նա հակառակ իր ցանկության դառնում է կրտսեր Մելիքի Հայրը։
Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառան–
---------------------------
1 Ժողովրդի հասկացողությամբ և ուսումնասիրողների կարծիքով այստեղ նկատի է առնված Եգիպտոսը, որն արաբները Մըսըր են անվանում։ Նման մնկնաբանությունը առիթ է տալիս մի շարք թյուրիմացությունների, ինչպես և անախրոնիզմների, քանի որ հայերի և Եգիպտոսի տիրակալների ընդհարումները վերաբերում են միայն Մամելուքների ժամանակաշրջանին։
Իրականում Մըսըր անվան տակ այստեղ պետք է հասկանալ Մոսուլը։ Եվ այն ժամանակ հասկանալի են դառնում էպոսի մի շարք մոմենտներ, մասնավորապես այն, որ երբ Դավիթը Սասնա մոտակայքում սպանում է բազմաթիվ ռազմիկների, գետը նետում վերջիններիս դիակները, Մըսըրում ապրող նրանց հարազատները տեսնում են ջրի հետ եկած մարմինները։ Հենց այդ գետը այն գետն է, որը Սասունը կապում է Մոսուլի հետ և պատկանում է Եփրատ գետի սիստեմին։
[էջ XII]
գել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը:
Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հուլսը, թե «հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի»։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով Մըսըրից (Մոսոլլից) սլանում է հայրենի Սասուն։
Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։
Իրականանում է Մհերի ուԱրմաղանի երազանքը — ծնվում է Դավիթը, շիրիմ է իջնում Մհերը, շիրիմ է իջնում Արմաղանը։
Սկսվում է էպոսի երրորդ՝գլխավոր ճյուղը։
Մհերի և Արմաղանի մահից հետո հարց է ծագում, ինչպե՞ս կերակրել մանուկ Դավթին։ Սասունցի բոլոր ստնտուների կաթից երեխան հրաժարվում է։ Վճռում են նրան տանել Իսմիլ խանումի մոտ։ Գուցե Դավիթը չհրաժարվի այդ կնոջ կաթից, որը իր հոր հետ նույն մահիճն է կիսել։ Բայց ինչպե՞ս ուղարկել։ Ճանապարհը հեռու է և դժվար։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։
Նա ավելի արագ է աճում, քան Մըսրա Մելիքը, ոչ թե օրով, այլ ժամով, ոչ թե ժամով, այլ րոպեներով։ Երեք-չորս տարում այնպիսի փահլևան է դառնում, որ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա մելիքի նետած մկունդը։ Դավիթը սարսափ է ազդում Մելիքին։
Մըսրա Մելիքը, տեսնելով փոքրիկ Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին զնդանում, ուր չի թափանցում արևի և ոչ մի շող։
Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի որևէ զենքից, նրա բաժին ճաշի միսն անգամ ոսկրահան են անում։ Հանում են նույնիսկ մրգերի միջի կորիզները։
Բայց այնպես է լինում, որ ճաշ բերողին վիրավորում են Մըսրա Մելիքի պալատականները, և սա բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է, և ճեղքից ներս է ընկնում արևի շողը։ Դավիթը չգիտե, թե ի՞նչ բան է դա, կարծում է՝ կենդանի էակ է և կատաղի գոտեմարտի է բռնվում հետը։
[էջ XIII]
Դաստիարակից Դավիթը իմանում է, թե ինչ բան է արևը։ Երկար աղերսանքից հետո նրան դուրս են հանում զբոսանքի։
Դավթի ամեհի ուժը նորից տեսնելով, Մըսրա Մելիքը վճռում է ազատվել նրանից։ Երկու հոգու ուղեկցությամբ նրան ետ են ուղարկում Սասուն, պատվիրելով, որ ճանապարհին սպանեն տղային։ Ուղեկցողներից մեկը Դավթի հոր՝ Մհերի հավատարիմ ծառան է, մյուսը՝ ավագ Մըսրա Մելիքի մերձավորը։ Բաթմանա կամրջին հասնելով, սրանք ուզում են սպանել Դավթին, բայց շրջահայաց տղան գլխի է ընկնում, գուշակելով իր ուղեկիցների մտադրությունը, երկուսին էլ կամրջից վեր է բարձրացնում և պահում օդի մեջ՝ մեկին աջ ձեռքով, մյուսին՝ ձախ, մեկին՝ գետի հոսանքն ի վեր, մյուսին՝ հոսանքն ի վար և Ապառնում, որ կխեղդի շան լակոտների պես։
Բանը նրանով է վերջանում, որ Դավթի հոր հավատարիմ ծառան տղայի կողմն է անցնում, վճռում ծառայել նրան, իսկ մյուսը ետ է դառնում Մըսըր, որ Մելիքին պատմի, թե այնքան էլ հեշտ չէ Դավթի «գլուխն ուտելը»։
Դավիթը Չար Բահար Քամու հետ գալիս է Սասուն։ Սկսվում է Դավթի կյանքը Սասունում։ Երբ նա տղաների հետ կատակ է անում, ծռվում են սրանց վզերը, դուրս են ընկնում ձեռքերը։
Գլուխներն ազատելու համար Դավթին գառնարած են կարգում։ Պողպատե տրեխներ են հագցնում, պողպատե գավազան են ձեռքը տալիս։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի ջոկում, թե ո՞րն է գառը, ո՞րն է ուլը, աղվեսն ու նապաստակը, բոլորին քշում-բերում է, լցնում քարանձավը։ Երբ հորեղբայրը հաց է բերում, տեսնում է, որ փարախը լեփ-լեցուն է գազաններով։
Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք։ Սասունցիները մորթում են նապաստակները, միսն ուտում, մորթում են աղվեսները և ձմռան համար մուշտակներ կարում։
Հետագայում Դավթին նախրապան են կարգում։ Սա էլ քշում, քաղաք է բերում արջեր, գայլեր, առյուծներ, վագրեր, ոչ ոք սիրտ չի անում գլուխը տնից դուրս հանել։
Դավիթը նետ ու աղեղ է պատրաստում և հրապուրվում թռչունների որսով։ Մտքովն էլ չի անցնում, թե տրորում է այն պառավի արտը, որին մի ժամանակ (Դավիթն այդ չգիտեր) սիրել է Մհերը։ Տեսնելով, որ իր արտը ոտնատակ է լինում, պառավը պատմում է Մհերի որսասարի մասին։ Դավիթը գնում է այնտեղ և տեսնում այդ վիթխարի որսասար-գազանանոցի անվթար մնացած շրջապարիսպը։
Դավթին շրջապատոդ մարդիկ առաջարկում են նրան կրակել որսի
Դավթին շրջապատոդ մարդիկ առաջարկում են նրան կրակել որսի
[էջ XIV]
վրա, բայց Դավիթը վճռականորեն առարկում է։ Նա ասում է, որ պարսպի մեջ փակված կենդանիներին սպանելն անթույլատրելի է և մեղք է։ Ձենով Հովան ասաց.
— Հրողբե՛ր մեռնի քեզ,Դավիթ,
Զա՛րկ, հա՛տ մի ըսպանի, բռնենք զենենք։
Դավիթ ասաց.— Հրողբեր, ջանըմ,
Կապուկ տեղ պա՛պս էլ կզարկի.
Տղամարդն է՛ն է՝, որ արձակի ու նո՛ր զարկի.
Չէ՜ որ էնոնք գերի են, հրողբեր,
Մարդ էլ գերին զարկի՞։
Զա՛րկ, հա՛տ մի ըսպանի, բռնենք զենենք։
Դավիթ ասաց.— Հրողբեր, ջանըմ,
Կապուկ տեղ պա՛պս էլ կզարկի.
Տղամարդն է՛ն է՝, որ արձակի ու նո՛ր զարկի.
Չէ՜ որ էնոնք գերի են, հրողբեր,
Մարդ էլ գերին զարկի՞։
Նա ցանկանում է, որ ուժի և ճարպկության մրցումը տեղի ունենա հավասար պայմաններում։ Քանդում է պարիսպը, բաց է թողնում կենդանիներին, ապա ասում. «Որս անողը թող հիմա անի»,— և ինքն է սկսում որս անել։
Որսից հետո հոգնած Դավիթը քնում է ծառի տակ։ Երբ հանկարծ արթնանում է, լեռան բարձունքին մի զարմանալի լույս է տեսնում։ Գնում է դեպի լույսը, և նրա դեմ կանգնում է լուսաճաճանչ մի շինություն, որտեղից բոց է հառնում։ Դավիթն այստեղ մի հրաշալի ձայն է լսում։ Այդ ձայնն ասում է, որ երիտասարդ հսկան պետք է վերաշինի Մարութա վանքը։ Դավիթը Ձենով Հովանին հարցնում է Մհերի մասին, իմանում է, որ այստեղ է Մհերի դամբարանը, այստեղ է եղել նրա կառուցած և արաբների ձեռքով ավերված Մարութա վանքը։
Դավիթը շրջահայաց է. լույսը տեսնելուն պես գետնի վրա իսկույն գծում է շենքի հատակագիծը, վճռում է վերակառուցել վանքը։ Տեսիլը չքանում է, իսկ գծագիրը մնում է գետնին։ Դավիթը մեծ թվով վարպետներ է կանչում և մի գիշեր, մի ցերեկ չանցած՝ շինում է վանքը։ Բայց հենց որ լույսը բացվում է, վանքը քանդված են տեսնում, քարերը դես ու դեն են ընկած, կիրը մի տեղ է կիտված, ավազը՝ մի տեղ։ Վանքի հետքն, անգամ չի մնացել։ Նրան մի այլ տեսիլք է հայտնվում, և նա իմանում է, որ շենքի հիմքում պետք է դրված լինի իր թուրը։ Թուրը դնում է շենքի հիմքում, տաճարը կրկին կառուցվում է, և այնտեղ են տեղափոխվում վանականները։
Այդ օրվանից Դավիթը փոխվում, հասուն մարդ է դառնում, թեև նրա մեջ տակավին շատ է մանկական չարաճճիությունը։
Դավիթն իր հոր որսասարում շարունակ որս է անում։ Մի անգամ էլ, երբ նա այստեղ որս է անում, Մըսրա Մելիքի հարկահանները Սասուն են գալիս յոթ տարվա հարկը տանելու։ Տուն վերադարձած պատանին տեսնում է, որ հորեղբայրը, Սասունն ավերելու սպառնալիքից ահաբեկված, արաբների համար ոսկի է չափում։
Դավիթը միջամտում է։ Հարկահաններին ոչ մի ոսկի չի տալիս։ Ավե–
[էջ XV]
լին. ջարդում է գլխավոր հարկահանի՝ Կոզբադնի գլուխը։ Այս դրվագը միակն է ամբողջ էպոսում, որտեղ խախտված է գեղարվեստական չափը, քանի որ ահավոր կերպով, վառ ու կոպիտ ձևերով տրված է հարկահանին այլանդակելու տեսարանը, Դավիթը նրա ատամները հանում, ճակատին է շարում, կտրում շրթունքները...
Որոտաձայն մարտակոչով և սեփական արյունով գրած հրովարտակով Մըսրա Մելիքը իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և գնում Սասնա դեմ պատերազմելու։ Նրա հետ են Մըսրա զորքերը, յոթ հպատակ թագավորների զորքերը։ Բանակն այնքան մեծաթիվ է, որ զինվորները մի-մի կում ջուր խմելով՝ ցամաքեցնում են գետը։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։
Արտատեր պառավի խորհրդով Դավիթը ձեռք է բերում հոր զենքն ու զրահը։ Դրանք Դավթի համար չափազանց մեծ են, Քուռկիկ Ջալալուն էլ դժվար է հնազանդեցնել, բայց հրաշագործ աղբյուրի ջուրը խմելով, նա հսկա է դառնում և հոր զենքն ու զրահը հագած՝ արշավում դեպի արաբական բանակը։ Հարձակվելուց առաջ նա երեք անգամ որոտաձայն գոչում է.
– Էհե՜յ,
Ով քնած է՝արթուն կացեք.
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ուվ թամբեր է՝զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծե՛ք,
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց։
Ով քնած է՝արթուն կացեք.
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ուվ թամբեր է՝զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծե՛ք,
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց։
Եվ ահա սկսվում է զարհուրելի մի ջարդ։ Դավիթը աջ ու ձախ կոտորում է, մինչև որ նրան մի արաբ ծերունի է մոտենոմ և ասում հիանալի խոսքեր, այն մասին, որ պատերազմողները թագավորներն են, իսկ ժողովուրդները կռվելու, իրար կոտորելու ոչ մի ցանկություն չունեն, քանի որ միմյանցից որևէ բան չեն ուզում խլել։
Մըսրա Մելքի զորքի մեջեն մարդ մի էլավ,–
Մեկ ալևոր — յոթ տղու հեր։
Մելիք էնոր յոթ տղեկներ զոռովեն էր բերեր կռիվ։
Էդ ալևոր ասաց.— Հե՜յ – վախ, հե՛յ-վախ...
Դուրս էկավ էն՝առանց զենքի ու գլուխբաց՝
Զորքի մեջեն վազեց,
Ասաց.— ճամփա՜ տվեք, էրթամ Դավթի առաջ,
Մի խոսք ասեմ, էսա զորք ազատեմ կռվից։
Էկավ, կանզնեց Դավթի առաջ,
Ասաց.— Դավի՛թ, մեռնե՛մ քեզի,
Ակա՛նջ արա, ձիդ դադրեցրու,
Գամ՝ քեզի խո՛սք տ’ասեմ։
— Ի՞նչ տ’ասես ինձ, հալվո’ր,— հարցուց Դավիթ։
Մեկ ալևոր — յոթ տղու հեր։
Մելիք էնոր յոթ տղեկներ զոռովեն էր բերեր կռիվ։
Էդ ալևոր ասաց.— Հե՜յ – վախ, հե՛յ-վախ...
Դուրս էկավ էն՝առանց զենքի ու գլուխբաց՝
Զորքի մեջեն վազեց,
Ասաց.— ճամփա՜ տվեք, էրթամ Դավթի առաջ,
Մի խոսք ասեմ, էսա զորք ազատեմ կռվից։
Էկավ, կանզնեց Դավթի առաջ,
Ասաց.— Դավի՛թ, մեռնե՛մ քեզի,
Ակա՛նջ արա, ձիդ դադրեցրու,
Գամ՝ քեզի խո՛սք տ’ասեմ։
— Ի՞նչ տ’ասես ինձ, հալվո’ր,— հարցուց Դավիթ։
[էջ XVI]
— Դավի՛թ,— ասաց;,– մեռնե՜մ քո արևուն։
Չէ՞ որ էնոնք էլ մարդ են, իսան են,
Ինչի՞ կըկոտորես, ինչի՞ կը սպանես.
Չէ՞ էդոնք է՛լ էրեխանե՛ր ունեն,
Տո՛ւն ու կընիկ ունեն։
Էնոնց սպանես՝ ճժերու մեղք կ’ընկնի քո վիզ:
Աղքատ ու խեղճ մարդ են էդոնք.
Որը իր մոր մեկուճարն է,
Որը նոր պսակված տղա,
Որը իր օջախի սունն է,
Որբ հանգած մի տան ճրագ։
— Ապա ինչի՞ էկած են, հետ ինձ կը կռվեն։
Պատասխանեց— Մեզ ի՞նչմեղք կա.
Մըսրա Մելի՛քն է զոռովեն բռնե, բերե.
Մըսրա Մելի՛քն է քո դուշման,
Գընա իր հետ կռիվ արա։
— Ապա Մելիքն ո՞ւր է հիմա։
— Ա՜յ, էն կանաչ վրանի տակ քնա՛ծ է, տե՛ս,
Ոսկի խնձորն էնոր չադրի գլխին դրուկ.
Յոթն ազապ աղջիկ էնոր ճանճ կը քշեն,
Յոթն ազապ աղջիկ էնոր ոտ կը մաժեն։
Էն վրանից մուխ որ կ’ելնի՝
Էն մուխն էլ հո մուխ չի,
Էն շոգե՛քն է էնոր բերնի։
Դու որ էրթաս Մելիք սպանես՝
Էդ գորք քեզի աղոթք տ’անի,
Տի խնդա նա ու ամեն մեկն իր տուն տ’էրթա։
Էդտեդ Դավիթ խղճավորվավ,
Զորք ջարդել վերջացուց,
Դարձավ ասաց.— Հալվոր,
Աղե՛կ խոսք ասացիր,
Ես քո ասած տ’անեմ։
Չէ՞ որ էնոնք էլ մարդ են, իսան են,
Ինչի՞ կըկոտորես, ինչի՞ կը սպանես.
Չէ՞ էդոնք է՛լ էրեխանե՛ր ունեն,
Տո՛ւն ու կընիկ ունեն։
Էնոնց սպանես՝ ճժերու մեղք կ’ընկնի քո վիզ:
Աղքատ ու խեղճ մարդ են էդոնք.
Որը իր մոր մեկուճարն է,
Որը նոր պսակված տղա,
Որը իր օջախի սունն է,
Որբ հանգած մի տան ճրագ։
— Ապա ինչի՞ էկած են, հետ ինձ կը կռվեն։
Պատասխանեց— Մեզ ի՞նչմեղք կա.
Մըսրա Մելի՛քն է զոռովեն բռնե, բերե.
Մըսրա Մելի՛քն է քո դուշման,
Գընա իր հետ կռիվ արա։
— Ապա Մելիքն ո՞ւր է հիմա։
— Ա՜յ, էն կանաչ վրանի տակ քնա՛ծ է, տե՛ս,
Ոսկի խնձորն էնոր չադրի գլխին դրուկ.
Յոթն ազապ աղջիկ էնոր ճանճ կը քշեն,
Յոթն ազապ աղջիկ էնոր ոտ կը մաժեն։
Էն վրանից մուխ որ կ’ելնի՝
Էն մուխն էլ հո մուխ չի,
Էն շոգե՛քն է էնոր բերնի։
Դու որ էրթաս Մելիք սպանես՝
Էդ գորք քեզի աղոթք տ’անի,
Տի խնդա նա ու ամեն մեկն իր տուն տ’էրթա։
Էդտեդ Դավիթ խղճավորվավ,
Զորք ջարդել վերջացուց,
Դարձավ ասաց.— Հալվոր,
Աղե՛կ խոսք ասացիր,
Ես քո ասած տ’անեմ։
Դավիթը սլանում է Մըսրա Մելիքի վրանը: Հանդես բերելով մեծագույն ազնվություն, ուղղամտություն և մեծահոգություն, գոտեմարտում սպանում է Մըսրա Մելիքին, ոչնչացնում նրան, ում պատերազմ էր պետք, խաղաղությամբ ազատ է արձակում Մելիքի զորքը, նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։
Դավիթ ձիու գլուխ շրջեց,
Էլավ, գնաց մեջ գորքերին,
Ինչ զորք, զորական մնացե՝
Կանչեց, հրամայեց, ասաց.
— Ամենիդ իրավունք կը տամ.
Ուրտեղեն էկեր եք` էլեք գնացեք` ձեր տեղ։
Էլեք, գնացեք ու ձեր տներ– նստեք,
Դուք ինձ համար աղո՛թք արեք.
Իմ հորն ու մորն էլ օղորմի՛ տվեք.
Էլավ, գնաց մեջ գորքերին,
Ինչ զորք, զորական մնացե՝
Կանչեց, հրամայեց, ասաց.
— Ամենիդ իրավունք կը տամ.
Ուրտեղեն էկեր եք` էլեք գնացեք` ձեր տեղ։
Էլեք, գնացեք ու ձեր տներ– նստեք,
Դուք ինձ համար աղո՛թք արեք.
Իմ հորն ու մորն էլ օղորմի՛ տվեք.
[էջ XVII]
Հանդա՛րտ կացեք,
Սեկ էլ չ’էլնեք ու գաք վեր Սասնա։
Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
Թե որ դուք կռվի գաք վեր մեզ`
Քառսուն գազ խոր հորում ըլնեք,
Թե ջաղացի ջոջ քարի տակ,
Տ’էլնի Տեր դեմ Սասնա Դավիթ,
Տ’էլնի ձեր դեմ Թուր Կեծակին։
Սեկ էլ չ’էլնեք ու գաք վեր Սասնա։
Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
Թե որ դուք կռվի գաք վեր մեզ`
Քառսուն գազ խոր հորում ըլնեք,
Թե ջաղացի ջոջ քարի տակ,
Տ’էլնի Տեր դեմ Սասնա Դավիթ,
Տ’էլնի ձեր դեմ Թուր Կեծակին։
Հաղթական պատերազմից հետո վճռում են ամուսնացել Դավթին։ Պարզվում է, որ հարսնացու արդեն գտնվել է։ Դա գեղեցկուհի Խանդութ խաթունն է։ Նա Դավթի մոտ գուսաններ է ուղարկում, որոնք և դյուցազնի ներկայությամբ գովում են աղջկա գեղեցկությունը։
«Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր բոյ գյոլու եղեգ նման է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր բերան մեղրով բացած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր ատամներ մարգըրիտ շարած է։
Տասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր աչքեր գինու կթխա է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին»։
էնոր բոյ գյոլու եղեգ նման է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր բերան մեղրով բացած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր ատամներ մարգըրիտ շարած է։
Տասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
էնոր աչքեր գինու կթխա է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին»։
Լսելով գուսանների գովքը, Դավիթը հիացած գնում է Խանդութի մոտ։
Խանդութի ամրոցում նա հանդիպում է 39 կտրիճների, որոնք տարբեր երկրներից եկել էին նրա ձեռքը խնդրելու, բայց նրանցից և ոչ մեկը չէր կարողացել նվաճել աղջկա սիրտը։ Դավիթն առաջին իսկ հայացքից տիրանում է Խանդութի սրտին և որպես ընծա ստանում է սիրո խնձորը։
Վերոհիշյալ կտրիճները որոշում են Դավթին մեջտեղից դուրս բերել։ Խնջույքի ժամանակ նրանք իրենց թրերը թաքցնում են սեղանի սփռոցի տակ, որպեսզի Դավթին հարբեցնելով սպանեն։ Տեսնելով այդ, Խանդութը պատվիրում է Դավթի առաջ արծաթյա մեծ սկուտեղ դնել, իսկ ինքը մի պարկ կաղին առած՝ բարձրանում է վերնասրահը։ Ամեն անգամ, երբ քունը Դավթին հաղթահարում է, Խանդութը վերևից կաղիններ է գցում սկուտեղի վրա և չի թողնում, որ նա քնի։ Երբ խնջույքը Դավթին ձանձրացնում է, նա պատվիրում է վերցնեք սփռոցը։ Տեսնելով թաքցրած թրերը, Դավիթը ձեռքով դրանք կտոր-կտոր է անում, տալիս ախոռապանին, որ Քուռկիկ Ջալալու պայտերի համար մեխեր պատրաստեն։
Դավիթը լավ է հիշում մերձավորների և հարազատների հանդեպ ունեցած իր պարտականությունը։ Երբ տակավին փոքրիկ տղա է լինում, նրան փորձում է գայթակղեցնել հորեղբոր՝ Ձենով Հովանի կինը։ Ֆեդ-
[էջ XVIII]
րայի և Իպպոլիտի այս պատմությունը էպոսում դրսևորված է արտակարգ ցայտունությամբ։ Դավիթը փակում է աչքերը, երբ հորեղբոր կինը լողանալիս նրան պատվիրում է ջուր լցնել իր գլխին, որպեսզի տղան տեսնի իր մերկ մարմինը։ Ամուսնուն զայրացած ասում է, թե Դավիթն իբր կամենում էր իրեն խայտառակել։ Հորեղբայրը հավատում է և Դավթին վտարում տնից։ Հորեղբոր կինը երկրորդ անգամ է տղային փորձում, բայց սա երկրորդ գայթակղությանն էլ տեղի չի տալիս։ Դիմանում է նաև երրորդ փորձությանը, մնում է մաքուր ու անարատ։
Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։
Սասունի ճանապարհին հոր և որդու (որին Դավիթը դեռ չէր տեսել) միջև մենամարտ է սկսվում։ Երկուսի համար էլ այդ մենամարտը շատ ծանր է լինում, որովհետև երկուսն էլ զորավոր ուժի տեր են։ Թեև Մհերն ավելի ուժեղ է, բայց չի կարողանում հաղթել արդեն ուժասպառ եղած, բայց անխոցելի Դավթին: Կռվին վերջ է տրվում Դավթի կնոջ և Մհերի մոր՝ Խանդութ խանումի միջամտությամբ։ Դավիթն անիծում է որդուն՝ դատապարտելով նրան ամլության և անմահության։
Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։
Էպոսի կենտրոնական հերոսի՝ Դավթի կերպարը տրված է առանձին լիակատարությամբ։
Մեծահոգություն — ահա այն գիծը, որ հատուկ է Դավթին։ Ի՞նչ փույթ, որ թշնամին, ոխերիմ թշնամին, արդեն երեք անգամ հարվածել է մկունդով։ Եթե նրան իր կաթով սնած կինը խնդրում է, ապա նա բաշխում է առաջին զարկը և իջեցնում վեր բարձրացրած սուրը։ Երկրորդ զարկն էլ է բաշխում, քանի որ այս անգամ էլ խնդրում է թշնամու քույրը, որը Դավթին մի ժամանակ խաղացրել է իր ծնկներին։ Նա իջեցնում է երրորդ կործանարար հարվածը, թեև գիտե, որ նենգավոր թշնամին մենամարտը համարձակորեն շարունակելու փոխարեն հորի խորքն է մտել, վրան քաշել քառասուն գոմշի կաշի և քառասուն ջրաղացաքար։
Դավթի մեծահոգությունը անխորտակելի ժայռի պես ամուր հիմք ունի՝ հաղթանակի հավատ, իսկ այդ հավատը բխում է հայրենիքն ու հարազատ ժողովրդին պաշտպանելու արդար գործի անսասան գիտակցությունից։
Դավթի համար բնորոշ է մի այլ գիծ ևս։ Նույնիսկ ոխերիմ թշնամու դեմ կռվելիս, երբ մտադիր է նրան անխնա ոչնչացնել, աշխատում է իր համար չստեղծել առավել շահավետ պայմաններ, հանկարծակի չի հարձակվում չնախապատրաստված հակառակորդի վրա։
[էջ XIX]
Դավիթը երկու անգամ է գրոհում թշնամու բանակի վրա։ Առաջին անգամ նա պետք է բախվի Մըսրա Մելիքի անթիվ, անհամար զորքի հետ, երկրորդ անգամ՝ Պապ-Ֆրենկի վիթխարի բանակի։ Երկու անգամն էլ, չնայած իր հուզմունքին, որն այնքան վառ են նկարագրում բանասացները, Դավիթը չի մոռանում կանգնեցնել, սանձահարել իր ձին և բանակի մի ծայրից մյուս ծայրը հնչող որոտանման ձայնով ազդարարել, որ թշնամին արթնանա, զենք վերցնի, ձի հեծնի, պատրաստվի կռվելու:
Սա նման չէ այն մարտակոչերին, որոնցով Իլիոնի պատերի տակ և բարձր պարիսպների վրա աշխատում են իրար բորբոքել հելլեններն ու տրոյացիները։ Սա նման չէ այն լեզվակռվին, որով մխիթարվում է Սանասարը կտրիճների հետ գոտեմարտելիս: Ոչ էլ թշնամուն գրգռող այն խոսքերին է նման, որոնք հաճախ գոտեմարտի նախաբանն էին համարվում, ինչպես դա հայտնի է տարբեր ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդին պատկանող չափածո և արձակ բազմաթիվ նկարագրություններից։ Դավթի մարտակոչը սեղմ, հատու և չգրգռոզ կոչ է։
Այդ կոչն արդյոք այն պատճառով չէ՞ այդքան սեղմ, հատու, հանդարտ և անմիջական, որ էպոսում նկարագրված է ոչ թե ասպետների համար սովորական դարձած տասնյակ ճակատամարտերից մեկը, այլ մարտական հանգամանքներին անսովոր մարդու՝ ոչ թե սուր, այլ հովվական մահակ ու գութանի մաճ բռնող ասպետի մուտքը ռազմաբեմ։ Դավիթը կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե կռվի պրոցեսն է հրապուրում, նա ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ հայրենիքի բարօրության։ Հարկ չկա, որ նա բորբոքվի։ Զավթիչների նկատմամբ Դավիթը լցված է այրող ատելությամբ և ուզում է նրանց հաղթել, կոտորել, արտաքսել և ոչ թե փառաբանվել։
Դավիթը, ինչ գործ էլ անի, կրակոտ է, կռվի մեջ անզուսպ, ամբողջովին կիրք ու կորով, սակայն կատաղության ամենախելահեղ նոպայում էլ կարող է հանկարծ մեղմանալ, դառնալ հեզ ու հնազանդ, եթե մոլեգնությանը հակադրվում է քնքշանք, թեկուզ գորովալից մի խոսք։ Ինչպե՜ս է փոխվում Դավիթը, երբ հրաժեշտ է տալիս իր հորեղբորը՝ Ձենով Հովանին։
Դավիթը միշտ էլ աչքի է ընկնում ուղղամտությամբ, անկեղծությամբ և պարզությամբ: Սքանչելի է նրա հիացմունքի պոռթկումը, երբ զմայլվում է Խանդութի գեղեցկությամբ և ամբողջ կերպարով, սքանչելի են մանկական անաղարտ անմիջականությամբ համակված երեք համբույրը, որոնցով նա ողջունում է Խանդութին, և որոնցից մեկը՝ երրորդը, գեղեցկուհու զայրույթն է շարժում։ Դավիթը հեռանում է դառնորեն վիրավորված ոչ թե այն պատճառով, որ Խանդութը բռունցքով հարվածում է նրան և քիթն արյունլվա տնում, այլ այն պատճառով, որ իրեն չհասկացան։ Միայն սիրահարված զույգի հոգու մաքրությամբ կարելի է բացա
[էջ XX]
տրել այն անսովոր հմայքը, որով լի է երեք համբույրի, դրանց համար տրված պատժի և հպարտ Խանդութի ներումն հայցելու դրվագը։ Խանդութ խաթունը, իր կյանքում առաջին անգամ, բոբիկ ոտքերը քարերին տալով, արյունլվա անելով, վազում է վիրավորված, դյուրաբորբոք դյուցազնի հետևից։
Դավիթը, որ ընդունակ է կատաղելու, ձեռք բարձրացնելու զառամյալ հորեղբոր վրա, հանգիստ և առանց վրդովմունքի է ընդունում իր անձին սպառնացող դավաճանությունը։
Էպոսի երրորդ ճյուղի երկրորդ կարևոր անձը Խանդութ խաթունն է: Սա կամքի տեր կնոջ կերպար է, կին, որ իր մոտ է կանչում հիանալի ընտրյալին, իր ձեռքին է պահում ընտրություն կատարելու իրավունքը։ Ինչպես Դեղձունի պալատի պատերի տակ են տոչորվում նրանով կախարդված քառասուն կտրիճները, որոնց քմահաճ գեղեցկուհին զառամյալ ծերունիներ է դարձնում, այնպես էլ Խանդութի պալատի ներքնահարկի խնջույքասրահում յոթ տարի տառապում են քառասուն հիասքանչ կտրիճ։ Եթե Խանդութը ժողովրդի գիտակցության մեջ ապրեր այն ժամանակ, երբ ստեղծվել է Դեղձունի կերպարը, ապա նա էլ, չնաշխարհիկ կնոջ հմայքին առընթեր, օժտված կլիներ նաև կախարդուհու ձիրքով։
Դեղձունին Խանդութը հարազատ է դառնում նաև նրանով, որ նա որոշ առնչություն ունի գրբացության հետ։ Խանդութը «գրքերից» իմանում է, ռր կռվի դաշտում Դավթի դեմ մարտնչողը նրա ազգականն է՝ պարոն Աստղիկը։
Դավթի մոտ գուսաններ ուղարկելիս Խանդութի մտքով չի անցնում, թե առաջին իսկ հանդիպումը իրեն մեկընդմիշտ սիրո գերի կդարձնի, ո՛չ պակաս քան Դավթին։
Комментариев нет:
Отправить комментарий