Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...

Աչքերի խորքում...
Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ, իսկ աչքերի փայլը` թանկարժեք քարերի կամ աստղերի փայլի հետ. «դու երկար ես նայել երկնքին ու երկնի գույներն ես բերել քո աչքերում…», «կրակոտ աչքերում, որ արցունքի համար չեն, կիրքն էր վառվում, բոցկլտում երկինքը հարավի…», «աստղերից էլ վառ է հայացքը քո գերող…», «և փայլում են աչքերը աստղերի պես լուսաշող…»: Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են: Նրանցում ամբարվում են մարդու տրամադրությունն ու բնավորությունը: Մեծ փիլիսոփա Շոպենհաուերը նրբորեն նկատել է. «շուրթերը մարդու միտքն են արտահայտում, իսկ աչքերը` բնության միտքը»:
ՎՃԻՏ Է ԼԱԶՈՒՐՆ ԱՉՔԵՐԻ...
Ամերիկյան հոգեբաններ Ջ. Գլայնը և Է. Քլերին հինգ տարի շարունակ ուսումնասիրել են աչքերի գույնն ապահովող գործոնները: Այդ հետազոտությունների հիման վրա, որոնց մասնակցել են 10 հազ. մարդ, հետաքրքիր եզրահանգումներ են արվել: Պարզվում է, որ մուգ աչքեր ունեցողներն ավելի աշխույժ են, նախաձեռնող, քան բաց երանգի աչքեր ունեցողները:
Երկնագույն աչքերով մարդիկ համառ են ու զգացմունքային: Նրանց տրամադրությունը հաճախակի է փոփոխվում, նրանք կամակոր են, եսասեր և հիշաչար: Կապուտաչյաները ռոմանտիկ են, գաղափարներով շուտ ոգևորվող և նույնքան արագ էլ հետաքրքրությունը կորցնող: Նրանցից շատերը հակված են ինքնագերագնահատման: Կապուտաչյաների յուրահատկություններից է ճշմարտասիրությունը:
Մոխրագույն աչքեր ունեցողներն ուղղամիտ են, խիզախ և տոկուն: Նրանք ձգտում են հասնել իրենց երազանքին` հաղթահարելով ամեն դժվարություն: Մոխրագույն աչքերով մարդիկ խանդոտ են ու նրանցից շատերը հաճախ կյանքում սիրում են միայն մեկ անգամ: Նրանց հետ դժվար է լեզու գտնել, ուժեղ կամքի տեր են, երբեմն` դաժան: Ցավոք, նման աչքերի տեր մարդկանց մոտ հաճախ պակասում է երևակայությունը:
Մուգ շագանակագույն աչքերով մարդիկ, որպես կանոն, մարդամոտ են, կենսախինդ, հիանալի հումորի զգացումով, կողմնորոշվող, բռնկվող, շուտ հանդարտվող, բայց անկայուն և հեշտ սիրահարվող:
Բաց շագանակագույն աչքեր ունեցողները համեստ են, երազկոտ, մենակություն սիրող: Նրանք ծանր են տանում վիրավորանքը: Շագանակագույն աչքեր ունեցողների մեջ շատ են աշխատասերները և, ինչ խոսք, կարելի է նրանց վրա հույս դնել:
...ԵՎ ԴԱՌՆ ՈՒ ԼՈՒՌ ՀԱՅԱՑՔՈՎ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՍ ՊԱՏՄԵՑ...
Հայացքը սերտորեն կապված է խոսքի հետ և հաճախ է օգտագործվում հաղորդակցվելիս: Մենք աչքերով գնահատում ենք մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երևույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին: Հայացքների լեզուն բազմազան է. «նրա աչքերում ուրախություն է, կյանքի բոց...», «անպատկառության կայծերը անհանգիստ վազվզեցին նրա աչքերով...», «խոժոռ և կրքոտ աչքեր...»: Աչքերում արտացոլվում են մարդու մտքերն ու զգացմունքները: Աչքերով կարելի է «խժռել», «շանթել»,«դաշունահարել», գերել, ոչնչացնել և հարություն տալ:
Հաղորդակցվելիս հայացքներ օգտագործելու մանկուց յուրացրած հմտությունները կյանքի ընթացքում չեն փոխվում: Կանայք ավելի հաճախ են օգտագործում բաց, ուղիղ հայացք: Գիտնականների կարծիքով դա բնածին հատկանիշ է, որ աղջիկների մեջ ի հայտ է գալիս վեց ամսականից:
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՅԱՑՔԸ
Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց: Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է, կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության ու խորամանկության դրսևորում:
Ուղիղ հայացքը արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն:
Հոնքերի տակից հայացքը, նաև շեղակի հայացքը նշանակում են անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն:
Երբ զրուցակիցը նայում է վերևից ներքև` գլուխը ետ գցած (վերամբարձ), նշանակում է ցանկանում է իշխել, ղեկավարել:
Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահություն, համեստություն կամ մեղավորություն:
Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճըշմարտությունն է ասում, բիբերը ռեֆլեքսորեն լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Փորձեք Ձեր ընտրյալին հարցնել` սիրու՞մ է Ձեզ արդյոք, և նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն:
Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Նրանք կարող են վկայել նաև հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵՆՔ ԸՍՏ ԱՉՔԻ ԳՈՒՅՆԻ…
Ըստ հնագույն մեկնաբանությունների` բաց երանգով աչքեր ունեցողները ավշային համակարգի խնդիրներ կարող են ունենալ: Իրոք, երկնագույն և մոխրագույն աչքեր ունեցողները մանկական հասակում հաճախ են հիվանդանում ներզատիչ գեղձերի, նշիկների, ավշահանգույցների բորբոքումներով: Հասուն տարիքում նրանց մոտ հազվադեպ չեն վահանագեղձի, շնչառական համակարգի, սրտի, երիկամների հիվանդությունները: Բացի այդ, բաց գույնի աչքեր ունեցողները ավելի հաճախ են տառապում ռևմատիկ հիվանդություններով:
Շագանակագույն աչքեր ունեցողները հակված են մարսողական համակարգի հիվանդությունների: Նրանց նյարդային համակարգն ավելի գրգռված է, ուստի ցավին դիմացկուն չեն: Հին բժշկողները ենթադրում էին, որ մուգ գույնի ծիածանաթաղանթով մարդիկ հակված են ուռուցքային հիվանդությունների: Բարեբախտաբար այս կարծիքը չի հաստատվել:
Հիվանդությունն ախտորոշելիս հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն ակնածիածանին, այլև աչքի սպիտապատյանի երանգին: Օրգանիզմում եղած բորբոքային պրոցեսների դեպքում այն խամրում է: Եթե խախտումները ֆունկցիոնալ են, սպիտապատյանը երկնագույն է, ապա` կապտագույն (կապված պրոցեսի արտահայտվածությունից): Օրգանական ախտանիշների դեպքում երևան է գալիս դեղնավուն երանգ:
Իհարկե, սրանք ոչ հավաստի ցուցանիշեր են. հիվանդությունն ավելի ստույգ կարելի է բացահայտել ակնածիածանի ախտորոշման (իրիդոդիագնոստիկայի) օգնությամբ:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԸՍՏ ԾԻԱԾԱՆԱԹԱՂԱՆԹԻ
Ախտորոշման այս մեթոդը հայտնի էր Հին Հնդկաստանում և Հին Չինաստանում: Ավելի քան 3000 տարի առաջ բժշկողները մանրակրկիտ հետազոտում էին զգայարանները` հատուկ ուշադրություն դարձնելով աչքերին: Հին եգիպտացիները նույնպես կատարելապես տիրապետում էին իրիդոդիագնոստիկայի մեթոդին: Ծիածանաթաղանթի կապն օրգանիզմի հետ նկարագրել են նաև Հիպոկրատն ու Ֆիլոստրատը:
Ժամանակակից իրիդոդիագնոստիկայի հիմնադիրն է համարվում Բուդապեշտի բժշկագիտության դոկտոր Ի. Պեկցելին: Համաձայն լեգենդի` Պեկցելին աչքի ծիածանաթաղանթով հետաքրքրվել է դեռևս պատանի հասակից: Տասնմեկամյա բնասերը մի անգամ զբոսայգում զբոսնելիս տեսավ ցերեկային լույսից կուրացած բվի ու որոշեց նրան օգնել: Մութ տեղ տանելու մտադրությամբ բռնեց նրան, հետո միայն նկատեց, որ այդ ընթացքում պատահաբար վնասել է թռչնի ոտքը: Ավելի ուշ աչքի մեջ հայտաբերեց մուգ շերտագիծ: Պահելով տանը` նա նկատեց, որ որքան ոտքը լավանում էր, այնքան ծիածանաթաղանթի վրայի շերտագիծը գունաթափվում էր, իսկ առողջանալուց հետո մնաց աննշան բիծ` շրջապատված սպիտակ գծերով: Հետաքրքրվելով նմանատիպ փոփոխություններով` Պեկցելին իր կյանքը նվիրեց բժշկագիտության այդ ճյուղի հետազոտություններին: Գիտնականի երկար տարիների ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ նա 1866թ. աշխարհում առաջինը ստեղծեց ծիածանաթաղանթի պրոյեկցիոն գոտիների սխեման: Այդ ժամանակից ի վեր այս մեթոդը ''ՙերկրորդ շնչառություն'' է ստացել, քանի որ առ այսօր հետաքրքրությունը դրա հանդեպ չի սպառվել: Իրիդոդիագնոստիկան օգտագործում են ոչ միայն կլինիկական պրակտիկայում, այլև հատուկ նշանակության մասնագետ ընտրելիս` սուզանավորդ, օդաչու, բևեռախույզ, տիեզերագնաց և այլն: Հաշվի առնելով, որ ծիածանաթաղանթն արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող ադապտացիոն-տրոֆիկ փոփոխությունները` վերջինիս օգնությամբ կարելի է վերահսկել բուժման արդյունավետությունը և կանխատեսել հիվանդության ելքը: Աչքի հետազոտությունները շարունակվում են...
ԵՐՋԱՆԻԿ ՓԱՅԼԸ ՄԵՐ ԱՉՔԵՐԻ...
Շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության 80%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ: Պարզվել է, որ լույսն օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խթանող հատկություն ունի, որին երբեմն համարում են տրամադրության հորմոն: Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու է մարդու տրամադրությունը փչանում, երբ տեսողությունը վատանում է: Ի դեպ, դրա համար էլ ամպամած եղանակին մենք հաճախ ենք տխրում: Տեղին է բուժաշխատողների ենթադրությունը, որ մեր աչքերից, ավելի ստույգ, տեսողությունից է կախված մեր տրամադրությունը:
Այդ զարմանալի օրգանի շատ գաղտնիքներ են բացահայտված, բայց ոչ բոլորը: Հավանաբար աչքի անհատակ խորքերում կգտնվեն էլի գաղտնիքներ, որոնք հետաքրքրում են գիտնականներին և բոլորին:
Комментариев нет:
Отправить комментарий