Արջեր (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։
Ընդանուր նկարագրություն[խմբագրել]
Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։
Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր։ Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը սեզոնի հետ կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։
Տարածվածությունը[խմբագրել]
Արջերը բնակվում են Եվրասիայում, Հյուսիսային ու ՀարավայինԱմերիկաներում (գլխավորապես Հյուսիսային կիսագնդում)։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են Հյուսիսային Աֆրիկայից, տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիաում։
Комментариев нет:
Отправить комментарий