Պլուտոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Pluto) | |
---|---|
Պլուտոն (լատ.՝ Pluto), Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկն է։ Իր հայնաբերման օրվանից 1930 թ. մինչև 2006 թ., Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ, Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակը։ Աստղային նշանը՝ Е կամ Р։ Հայտնաբերել է աստղագետ Ք․ Թոմբոն 1930 թվականին՝ ղեկավարվելով ամերիկացի աստղագետ Փ․ Լոուելի տեսական կանխագուշակումներով, որն ըստ Ուրանի շարժման դիտվող շեղումների հաշվարկել էր (1915 թվականին) դեռևս անհայտ մոլորակի շարժումը։ Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։ Պլուտոնի հեռավորությունը Արեգակից (5899,1 մլն կմ) 39,4 անգամ մեծ է Երկիր—Արեգակ հեռավորությունից, ուղեծրի մեծ ձգվածության պատճառով (էքսցենտրիսիտետը՝ е= 0,250) այն փոփոխվում է 9,8 ա․մ-ով (1466 մլն կմ), երբեմն ավելի է մոտենում Արեգակին, քան Նեպտունը։ Պլուտոնի ուղեծրի թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ 17° է (ամենամեծը՝ մոլորակների ուղեծրերի թեքություններից), որի հետևանքով այդ մոլորակը հաճախ դուրս է գալիս Կենդանաշրջանի սահմաններից (մասնավորապես, 1980 թվականին Պլուտոնը գտնվում էր Վերոնիկայի վարսեր համաստեղությունում)։ Պլուտոնի մակերևույթի ջերմաստիճանը —230°С է։ Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը՝ 247․7 տարում։ Պտտման առանցքն ուղեծրի հարթության հետ կազմում է 40°-ից փոքր անկյուն։
1950-ական թվականներին Պլուտոնը երևում էր 14,9, իսկ 1970-ական թվականներին՝ 15,1 աստղային մեծության․ պայծառության այդ թուլացումը բացատրվում է նրա մակերևույթի անդրադարձնող հատկությունների վւոփոխմամբ։ 1976 թվականին հաստատվել է, որ Պլուտոնի մակերևույթը պատած է մեթանային եղյամով։ Քանի որ այս մոլորակը շարժվում է ձգված էլիպսով, և 1970-ական թվականներին 1950-ական թվականների համեմատությամբ 4 ա․մ-ով մոտեցել էր Արեգակին, ամենայն հավանականությամբ եղյամը մասամբ հալվել է, և մոլորակի մակերևույթը մթնել է։ 1978 թվականին Ջ․ Քրիստին հայտնաբերեց Պլուտոնի արբանյակը (Քարոն), որի ուղեծրի հարթությունը գրեթե ուղղահայաց է մոլորակի շարժման ուղեծրի հարթությանը։ Արբանյակի միջին հեռավորությունը մոլորակից 17,0 հզ․ կմ է, պայծառությունը՝ շուրջ 10 անգամ փոքր մոլորակի պայծառությունից։ Արբանյակի շարժման ուսումնասիրմամբ ճշտվեցին Պլուտոնի չափերն ու զանգվածը, պարզվեց, որ նրա տրամագիծը մոտ 2800 կմ է, զանգվածը՝ 1,2×1019տ (500 անգամ փոքր Երկրի զանգվածից), խտությունը՝ 1,5 գ/սմ3, ձգողական ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 50 սմ/վրկ2 (մոտ 20 անգամ փոքր երկրայինից)։ Պլուտոնի արբանյակի տրամագիծը մոտ 1120—1100 կմ է, նա գտնվում է մոլորակից 12 պլուտոնյան տրամագծի չափ հեռավորության վրա, այսինքն՝ Պլուտոնն իր արբանյակի հետ կազմում է ավելի սեղմ «կրկնակի մոլորակ», քան Երկիր-Լուսին համակարգն է։ Պլուտոնից անդրադարձած և Արեգակից նրա վրա ընկած լույսի քանակությունների հարաբերությունը (ալբեդո) հավասար է 0,6-ի։ Ենթադրվում է, որ Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից։
Комментариев нет:
Отправить комментарий