пятница, 27 ноября 2015 г.

Տիգրան Երվանդյանի մասին

ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ք.ա. 7-րդ դարի առաջին կեսին լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել եր Հայկազունների տոհմի իշխանությունը` Սկայորդու գլխավորությամբ: Ք.ա.681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան: Մովսես Խորենացին հաղորդում է, որ Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ`ընդդեմ Ասորեստանի:Ք.ա.612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր Նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր:
Երվանդ Ա Սակավակյաց (մ.թ.ա. մոտ 570-560)։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդը իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել էՏուշպա– Վանը։ Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել: Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության տվել Աժդահակին։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառակներ։
Տիգրան Երվանդյան (մ.թ.ա. մոտ 560-535)։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորողԱքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Վահագն Երվանդյան-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 530-մ.թ.ա. 515 թթ.: Նա նախորդել է Տիգրան Երվանդյանին, իսկ նրան հաջորդել է որդին` Հիդարնես Ա-ն:
Հիդարնես Ա Երվանդունի-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 6-րդ դարի վերջում: Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ:
Հիդարնես Բ Երվանդունի-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 5-րդ դարի սկզբում: Նա Հիդարնես Ա-ի որդին էր հաջորդողը: Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները. դրանք էին` սպիտակ մաշկ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ, ուղիղ ատամներ: Ըստ արձանագրության Հիդարնեսն ուներ այդ հատկանիշներն ու փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը:
Հիդարնես Գ Երվանդունի-հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել էմ.թ.ա. 5-րդ դարի կեսերին: Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով: Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ:
Արտաշիր -հայ արքա Երվանդյան Հայաստանում Երվանդունիների տոհմից, ով կառավարել է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսերին: Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցելն է, որը սակայն նա չհասցրեց կառուցել: Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն:
Երվանդ Բ (մ.թ.ա. 404-360), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյաններիզինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա.VIդ. խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտաքսերքսես թագավոր դստեր՝ Հռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386–ից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II–ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Երվանդը կրկին հպատակել է Արտաքսերքսեսին և ճանաչվել Միսիայի սատրապ։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։
Երվանդ Գ (մ.թ.ա. 330-300), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատվելով մ.թ.ա. VIդ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը։ Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն էր Արմավիրը։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. IIIդ. վերջին։ Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա.IIIդ. սկզբից հայակական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Հայաստանի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ ևԱխուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եղբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Արտաշեսը, օգտվելով Երվանդի դեմ երկրում ծավալված ժողովրդական դժգոհություններից, մ.թ.ա. մոտ 200–ին կռվով տապալել է նրան։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։ Այսպես վերջ դրվեց Հայաստանի Երվանդունյաց արքայատոհմին, ոչին փոխարինելու էր գալիս ավելի զորեղ մեկը` Արտաշեսյան արքայատոհմը:

ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԱՐՔԱՅԱՑԱՆԿԸ

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Комментариев нет:

Отправить комментарий