Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։ Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն շուրջ 480 թ իշխանՎասակ Մամիկոնյանը այն վերակառուցում է՝ նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։ 7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանի մասը։ Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք կրոնական-պատմական կառույցներ՝ «Տրդատ թագավորի դուռը», «Ղազարապատը», Հին և նոր վեհարանները, միաբանական «Երեմյան» շենքը։ Թանգարանում են պահպանվում հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածու։
Կառուցումը
Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։
«Եւ մի ահաւոր տեսիլ մարդոյ բարձր եւ ահեղ, որ զառաջն ունէր եւ զէջսն ի վերուստ մինչեւ ի խոնարհ առաջապահ յառաջեալ, եւ ի ձեռինն իւրում ուռն մի մեծ ոսկի. եւ այն ամենայն զհետ խաղացեալ գայր։ Եւ ինքն սլացեալ խոյացեալ գայր՝ ըստ նմանութեան արագաթեւ արծուոյ. եւ եկն էջ եհաս մինչեւ մօտ ի յատակս երկրիս, ի շինամէջ քաղաքին, եւ բաղխեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն, եւ մեծ եւ անչափ դրնդիւնքն հնչեցին սանդարամետս անդնդոց. եւ ամենայն երկիր յերեւելիս, յական տեսանելեաց բաւելոյ, հարթ հաւասար դաշտաձեւ յատակեցաւ»։
Կառուցվածքը
Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին.
«Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի.....»
1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը Ե դարից սկսած Մայր Տաճարը ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք։ Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերն ունեցել են կողային աբսիդներ, որոնք ներսից կիսաշրջանաձև են, իսկ դրսի կողմից հնգանկյունաձև։
Ցանկացած կրոնական շինության կարևոր մասը պատարագի սեղանն է, որը քրիստոնեական եկեղեցիներում Ավագ Խորանն է, ուր մատուցվում է Ս. Պատարագը։
Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Նմանապես, Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, որը, համաձայն Ս. Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին որդին։ Նույնկերպ, աշխարհում դժվար թե գտնվեր մեկ այլ եկեղեցի, որի հիմնաքարը, կամ վեմ քարը լիներ այդքան բազմաշերտ և որի վրա այդքան շատ դարեր ու այդքան տարբեր հավատալիքներ դրոշմված լինեին։
1958 թ հնագիտական պեղումների ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի տակ 1-1.5 մետր խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվեցին սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը։
Հին խորանը նույնպես երկշերտ է։ Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի։ Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը։
Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաև թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։
Комментариев нет:
Отправить комментарий