воскресенье, 22 ноября 2015 г.


ՊՈԵՏ
Մորս
Մի ջինջ գիշեր է եղել,
Մի ջինջ գիշեր,
Մայրս՝ ջահել մի եղեգ,
Հայրս՝ ուժեղ:
Բարդիներն են երգել
Ջրերի մոտ,
Ամեն ինչ խորն է եղել
Ամեն ինչ հորդ:
Ու իմ մորըս հուզել է
Բարդիների երգը,
Իսկ դաշտերում փիրուզե
Ծղրիդներն են երգել…
Ախ, ծղրիդնե՛ր շատախոս՝
Լուսնկայի հետ,–
Ծնվեցի ձեր պատճառով
Այսպես պոետ…




Համո Սահյանի  բանաստեղծոիթյունները
                                                             
Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը  հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից  նայում:

ԱՆՁՐԵՎ
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, –
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:


Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Комментариев нет:

Отправить комментарий